Երևանի զարգացման 2014-2017թթ․ քառամյա ծրագրի չիրականացած կետերը

19.12.2017 | 16:42

Օրերս լրացան 2014 թվականին քաղաքապետարանի կողմից հաստատված «Երևանի զարգացման 2014-2017թթ․ քառամյա ծրագրի» ժամկետները։

152 էջանոց ծրագրով նախատեսվել էր մի շարք կարևոր աշխատանքներ կատարել, սակայն դրանցից մի քանի խոշորները չեն իրականացվել, որոնց և անդրադառնում ենք ստորև.

1․ «2014-2017թթ. նախատեսվում է իրականացնել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, ինչպես նաև «Կասկադ» համալիրի անավարտ հատվածի կառուցապատման քաղաքաշինական նախագծերը»։ Կասկադի վերնամասի շինարարությունը ոչ միայն չի ավարտվել, այլև չի էլ վերսկսվել, իսկ «Հաղթանակ» զբոսայգին «Դիսնեյլենդ» դարձնելու կեղծ խոստման մասին կարելի է կարդալ այստեղ։

2․ «Կավարտվեն Շիրակի փողոց-Արշակունյաց պողոտա-Արտաշատի խճուղի քաղաքային ճանապարհային հանգույցի մանրամասն ճարտարագիտական նախագծերը, միաժամանակ կպատրաստվեն շինարարական աշխատանքների կապալառու կազմակերպության մրցութային փաստաթղթերը։ Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի առաջին փուլի շրջանակում կիրականացվեն շինարարական աշխատանքներ»։ Չիրականացրած այս խոստման մասին կարելի է կարդալ այստեղ։ Նշենք նաև, որ այս խոստումը տեղ է գտել քաղաքապետ Տարոն Մարգարյանի՝ 2017 թվականի նախընտրական ծրագրում։

3․ «Մշակութային Հայաստան մեկ վայրում» ծրագիրը պետք է հնարավորություն տար հայկական մշակութային հայտնի կոթողների փոքր տարբերակները համախմբել մեկ վայրում։ Այն պետք է ունենար ճանաչողական, տեղեկատվական, զբոսաշրջային նշանակություն։ Ծրագիրը չի իրականացվել։

4․ Նախատեսվում էր նաև ունենալ կենցաղային աղբի տեսակավորման և վերամշակման՝ միջազգային չափանիշներին համապատասխանող գործարաններ։ Դրանք, սակայն, չեն կառուցվել, իսկ 2017 թվականին Տարոն Մարգարյանը երևանցիներին խոստացավ ևս մեկ աղբավայր ստեղծել, հավանաբար աղբի մեծ քանակի և այն վերամշակող հիմնարկի բացակայության պատճառով։ Ավելի մանրամասն՝ այստեղ։

5․ «Էրեբունի» թանգարանում նախատեսվում էր միջնաբերդի բլրի լանջին կառուցել ամֆիթատրոն։ Այն գոյություն ունի միայն թղթի վրա՝ էսքիզների տեսքով։

6․ Աջափնյակ համայնքում՝ Էստոնական փողոցում գտնվող 4000 քմ մակերեսով հողատարածքում նախատեսվում էր կառուցել նոր մարզադպրոցի շենք, որը չի կառուցվել։

7․ Չի կառուցվել նաև Լենինգրադյան-Սեբաստիա-Հասրաթյան փողոցների հատման մասում նախատեսված ավտոճանապարհային էստակադան։

Նշենք, որ քաղաքապետարանի չիրականացված խոստումների ցուցակը շատ ավելի մեծ է։ Ավելի վաղ գրել էինք Ծարավ Աղբյուր փողոցում մանկապարտեզ և պուրակ կառուցելու խոստման մասին:

Ամենից զգալի և ցավոտ խնդիրը թերևս մնում է Երևանի հասարակական տրանսպորտի հարցը։ Տարոն Մարգարյանը խնդիրն առաջարկել է լուծել միջին և մեծ ուղևորատարողությամբ ավտոբուսների քանակի ավելացմամբ, սակայն խնդիրը տարեց տարի ավելի է խորացել: Քաղաքապետարանից ստացված գրության համաձայն՝ 2013թ․ Երևանում գործել է 700 ավտոբուս և 1730 միկրոավտոբուս, այսօր այդ թիվը կազմում է համապատասխանաբար  668 և 1440: Այլ կերպ ասած, շարժակազմերի թիվը ոչ թե աճել է, այլ նվազել 322 միավոր մեքենայով: Տրոլեյբուսի պարկի թարմացման վերաբերյալ խոստման մասին ավելորդ է անգամ խոսել, քանի որ դրա քանակը այս տարիների ընթացքում չի փոխվել՝ մնալով 78 միավոր:

Երևանի քաղաքապետարանի չիրականացված այլ խոստումների մասին կարող եք կարդալ այստեղ։






Կարդացեք նաև։

Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ: Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…


Երևանի քաղաքապետարանը չի ապահովել խոստացված կանաչ տարածքը

Երևանցիները հաճախ են բողոքում Երևանում կանաչ տարածքների սղությունից, և այս խնդիրն ընդունում է նաև քաղաքապետարանը, բայց ինչպես հաճախ է պատահում մշակված ծրագրերը մնում են թղթի վրա և Երևանում յուրաքանչյուր բնակչին…