ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին

18.12.2017 | 19:54

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը այսօր հացադուլ և դասադուլ են հայտարարել՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։

Նախաձեռնության համակարգողը՝ Դավիթը, այսպես բացատրեց իրենց որոշումը, – «Մեկ ամիս բանակցություններ են եղել, որի ժամանակ մենք հանդիպել ենք ԿԳ նախարարի, Պաշտպանության նախարարի, փոխնախարարի, 4 բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Բանակցությունները արդյունք չտվեցին։ Եթե նշվում էր, թե զիջում է լինելու, ոչ մի զիջում էլ տեղի չի ունեցել։ Սկզբում ասվում էր, որ բացառիկ ուսանողները պետք է անցնեն, 2 օր առաջ նախագահը ասաց, որ հանճարեղ ուսանողներ պետք է լինեն։ Մեզ առաջարկում են՝ չափորոշիչներ ներկայացնել հանճարեղ ուսանողների համար, բայց մենք այդ չափորոշիչները չունենք»։

Տարկետման իրավունքի վերացման օրինագծի դեմ պայքարող ուսանողների այս քայլը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մեկնաբանեց այսպես, – «Առավոտյան մտել են լսարան, հայտնի դեմքեր են, որոնք երեկ չէ առաջի օրը կարծեմ եկել են Լեհաստանից, Սորոսի՝ այդ հայտնի կազմակերպության համաժողովից թե հանդիպումից։ Բնականաբար, երևի, ինչ-որ առաջադրանքներ են ստացել և եկել են առավոտյան մտել են այդ լսարանը և հացադուլ են անում»։

Ի պատասխան ռեկտորի հայտարարության՝ Դավիթ Պետրոսյանը հայտնեց, որ մասնակցել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) կազմակերպած միջոցառմանը (ձմեռային դպրոցին), և նա որպես ապրիլին կայացած խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունում դիտորդների համակարգող, հրավիրված է եղել (Դավիթ Պետրոսյանի հրավերը կարելի է տեսնել այստեղ):

«Հրավերքը, ես իրենց տվել եմ, իրա [խմբ․` Արամ Սիմոնյանը] մոտ թուղթը կա, ես ինչի եմ գնացել», – նշել է ակտիվիստ ուսանողը։ Այսինքն, ըստ Դավիթ Պետրոսյանի, ԵՊՀ ռեկտորը իրականությանը չհամապատասխանող հայտարարությունը անելիս իրականում տեղյակ է եղել, որ դա սուտ է:

Նշենք, որ դեկտեմբերի 11-ից 15-ը Լեհաստանում անցկացվել է Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմի (EPDE) ձմեռային հնգօրյա դպրոցը, որին մասնակցել են Արևելյան գործընկերության երկրների և Ռուսաստանի դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանից միջոցառմանը մասնակցել է «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» առաքելություններից  շուրջ երկու տասնյակ ներկայացուցիչ:

Միջոցառման օրակարգը կարելի է գտնել այստեղ: Ոչ միջոցառումը և ոչ էլ Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը «Սորոսի հիմնադրամ» անունով հայտնի «Բաց Հասարակության հիմնադրամներից» գումար չեն ստացել: Ժողովրդավարական ընտրությունների եվրոպական պլատֆորմը դիտարկել է տարածաշրջանի բազմաթիվ ընտրություններ (այդ թվում՝ 2017 թվականի ՀՀ ԱԺ ընտրությունները) և համարվում է այդ հարցում աշխարհի ամենակոմպետենտ միջազգային հասարակական կազմակերպություններից մեկը:

Հավելենք, որ հացադուլ հայտարարած երկու ակտիվիստներից մյուսը՝  Յուրի Ավագյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ երբեք Լեհաստանում չի եղել։






Կարդացեք նաև։

Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում: Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը,…


Սուտ ԱԺ ամբիոնից ակտիվիստների և քաղ. հասարակության մասին

Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է «Սորոսի հիմնադրամից» («Բաց Հասարակության հիմանադրամների») ֆինանսավորվող ՀԿ-ները «փակելու» անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կազմակերպությանը մեղադրել է տարկետման վերացման դեմ…


Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է…


Հ1-ը «փոխեց» աշխարհահռչակ գիտնականի կարգավիճակը

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման առավոտյան 9-ի թողարկումը լուսաբանել էր համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Յուրի Օգանեսյանի և Անի Ափրահամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Անգրագիտություն «Օրակարգը» այս թողարկման…