Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից. Սահմանադրություն

12.12.2017 | 17:29

Օրերս զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձի   կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ պետության և եկեղեցու կապի մասին: Մասնավորապես, նախարար Սարգսյանը նշեց. «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ։ Մարտի դաշտը մեզ համար առնչվել է նաև այն հոգևորականների հետ, որոնք երբեք հետ չեն մնացել և հաճախ առաջնորդել են հայկական զորքերը։

Գարեգին Առաջին վեհափառի օրոք հիմնադրվեց և Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ամրանում է հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում։ Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր զինված ուժերում»:

Նախքան այս հայտարարությանն անդրադառնալը, նշենք, որ վերջին շրջանում տարբեր առիթներով պաշտոնյաներն ու ԱԺ պատգամավորները հաճախ են հղում անում պետություն-եկեղեցի կապին և այս մասով Վիգեն Սարգսյանը միակը չէ։

Սակայն մի կողմ թողնելով պետություն-եկեղեցի կամ զինված ուժեր-եկեղեցի կապի արդյունավետության քննարկումը՝ փորձենք գալ Հայաստանի «մայր իրավական ակտ» համարվող Սահմանադրությանը և տեսնենք, թե ինչ կապ է նախատեսված եկեղեցու և պետության միջև։

Այսպիսով, 2015 թվականի փոփոխություններով, Սահմանադրությունը 17-րդ և 18-րդ հոդվածներով ամրագրում է․

«Հոդված 17. Պետությունը և կրոնական կազմակերպությունները

  1. Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում է կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը:
  2. Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից:

Հոդված 18. Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին

  1. Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
  2. Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով:»

Ըստ այդմ, դժվար չէ գլխի ընկնել, որ ըստ Սահմանադրության Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին, որպես կրոնական կազմակերպություն պետությունից անջատ է՝ անկախ հայ ժողովրդի հոգևոր կյանքում ազգային, մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում կատարած իր առաքելությունից:

Այնինչ, Վիգեն Սարգսյանը (և ոչ միայն) փորձում է այն, ինչ իր կարծիքով ամրագրված է յուրաքանչյուր հայի սրտի մեջ, ներկայացնել նաև որպես Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենսդրության պահանջ, ինչը զուտ հեռետորական հնարք է և, ինչպես արդեն նշեցինք, իրականության հետ բացարձակ կապ չունի։






Կարդացեք նաև։

Գագիկ Հարությունյանն ինքն իրեն բացառիկ լիազորություն տվեց. դատավորները ծանր դրության մեջ են

Բարձրագույն դատական խորհուրդը հուլիսի 7-ին որոշում է կայացրել (ԲԴԽ-23-Ո-47) սահմանել առաջին ատյանի դատարանների դատավորների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները փոփոխելու կարգը: Այդ որոշումով սահմանվում է, թե ինչ ընթացակարգով պետք է օրինակ`  դատավորը…


Վարդավառը նախաքրիստոնեական տոն է

Հուլիսի 8-ին Հայ Եկեղեցին նշում էր Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Այն ավելի հայտնի է Վարդավառ անվանումով: Իրականում, Վարդավառը որպես տոն գալիս է նախաքրիստոնեական ժամանակաշրջանից: Եկեղեցու պաշտոնական դիրքորոշման մեջ ասվում է, որ…


Դավիթ Հարությունյանն է 2009-ին հեղինակել սահմանադրական կարգը տապալելու խնդրահարույց հոդվածը

Արդեն մի քանի օր է չեն դադարում քննարկումները 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների դեպքի աթռիվ հարուցված քրեական գործի շրջանակներում պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին մեղսագրվող արարքի ճիշտ որակման շուրջ:…


«Տուշոնկաները» ՊՆ-ին կրկնակի թանկ չեն մատակարարվել

Օրերս հետաքննող լրագրողների «Հետք» պարբերականը բանակին մատակարարվող մսի պահածոների վերաբերյալ ուշագրավ թվեր է ներկայացրել։ «Ո՞ւմ արտադրած զինվորի բաժին պահածոն էր հայտնվել Մանվել Գրիգորյանի մոտ. ՊՆ-ի խոշոր մատակարարը» վերնագրով նյութում ներկայացված…