«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը

01.12.2017 | 13:16

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») պատվիրակության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը մեկնաբանել է նաև ՀՀ-ԵՄ համագործակցության նոր համաձայնագրի ստորագրումը։

«Հայաստանն իբրև ինքնիշխան պետություն ունի բոլոր հիմքերը, իրավունքներն ու հնարավորությունները, որպեսզի իրացնի իր ներուժը թե՛ Ռուսաստանին, թե՛ Եվրամիությանն առնչվող ոլորտներում։ Մանավանդ, որ փաստաթղթում հստակ նշված է, որ Եվրոպական կողմի հետ պայմանավորվածությունները չեն կարող փոխել այն պարտավորություններն ու պայմանավորվածությունները, որոնք արդեն ունի Հայաստանը»,հայտարարել է  Ժելեզնյակը։

Հոկտեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ստորագրված «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի որևէ կետով, սակայն, Հայաստանը չի պարտավորվում փոփոխության չենթարկել իր նախկին պայմանավորվածությունները։ Հետևաբար, Ժելեզնյակի հայտարարությունն ապատեղեկատվություն է։ Այս կեղծ լուրը վերահրապարակել են հայկական բազմաթիվ լրատվամիջոցներ։

Բացի այս, ռուս պաշտոնյան անդրադարձել է ավելի վաղ ռուսական ԶԼՄ-ներում արված հայտարարություններին, համաձայն որոնց՝ Հայաստանը հերոսացնում են «ֆաշիզմի մեղսակիցներին»։ Ժելեզնյակը ասել է, թե պետք է հաշվի առնել ոչ թե անձերի, այլ պաշտոնական կարծիքը։

Հարկ ենք համարում հիշեցնել, որ «Զվեզդա» հեռուստըանկերության եթերում Երևանին «ֆաշիզմի մեղսակիցներին հերոսացնելու» մեջ մեղադրող Վերոնիկա Կրաշենիննիկովան նույն «Միասնական Ռուսաստան» կուսակցության գերագույն խորհրդի անդամ է, որի անունից խոսում է Ժելեզնյակը։

Հայաստանում ֆաշիզմի մեղսակիցներին հերոսացնելու թեման ամենից շատ արծարծվում է նաև ռուսաստանցի հասարակական գործիչ Սերգեյ Մարկովի կողմից։ Ավելի վաղ SUT.am-ը գրել էր, որ Մարկովը հայտարարել էր Հայաստանում «ազգայնականության մեղսակիցներին հռչակավոր դարձնելու» մասին։ Նույն թեմային Մարկովն անդրադարձել էր նաև ռուսական «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» հաղորդման մի շարք ապատեղեկատվություններ պարունակող նոյեմբերի 28-ի թողարկման մեջ [9:55-ից]։

«[Խմբ. Հայաստանում] Փորձեր կան խառնվել Ռուսաստանի ներքին գործերին, ճնշում գործադրել ռուսական հեռուստաընկերությունների վրա, որպեսզի դրանք չասեն, թե Նժդեհն ազգայնական հանցագործ է, չնայած այդ մարդն ասում էր, որ նա, ով զոհվում է Գերմանիայի համար, զոհվում է Հայաստանի համար», – հայտարարում է Մարկովը։

Հատկանշական է, որ Սերգեյ Մարկովը ևս «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ է, ավելին՝ 2007-2011 թվականներին եղել է ՌԴ Պետդումայի պատգամավոր հենց այդ կուսակցությունից։

Այսպիսով, ՀՀ և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումից անմիջապես առաջ և հետո Ռուսաստանում իշխող «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») տարբեր ներկայացուցիչներ պարբերաբար, տարբեր հարթակներից սուտ տեղեկություններ են տարածում համաձայնագրի և առհասարակ Հայաստանի մասին։ Եվ, քանի որ այս տեղեկատվական հարձակումը ակնհայտորեն չի կարող կրել պատահական բնույթ, կարող ենք պնդել, որ կուսակիցների շուրթերով լսում ենք հենց Մոսկվայի պաշտոնական տեսակետը։






Կարդացեք նաև։

Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» (Место встречи) հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն…


Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։…


Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ…