Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

30.11.2017 | 11:04

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և  հարմարավետ էլեկտրագնացք Հայաստանում այնուամենայինիվ լինելու է։

Հիշեցնենք, որ խոսքն այս տարվա հոկտեմբերին ՌԴ-ից Հայաստան  բերված ժամանակակից էլեկտրագնացքի մասին է։ Հրապարակը իր հոդվածում մեջբերելով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ մամուլի ծառայության պետ Վարդան Ալոյանի խոսքը՝ գրում է, որ գնացքն ուղարկվում է ՌԴ, որպեսզի փոխարինվի մեր ռելիեֆին, կլիմայական պայմաններին առավել համապատասխանող գնացքով։ Հաջորդիվ հղում կատարելով աշխատակիցներից «ոմանց» կարծիքին՝ նշվում է, որ նոր էլեկտրագնացք Հայաստան այլևս չի բերվելու, կամ այն փոխարինվելու է ավելի ցածր դասի գնացքով։

Տեղեկությունը ստուգելու նպատակով մենք ևս կապ հաստատեցինք Վարդան Ալոյանի հետ։ Վերջինս գնացքը վերադարձնելու մասին տեղեկությունը ծիծաղելի որակեց․ «Էլեկտրագնացքը չի վերադարձվում։ Պարզապես մի քանի դետալ փոխելու անհրաժեշտություն կա։ Ամենայն հավանականությամբ, ոչ թե գնացքը կուղարկվի Ռուսաստան, այլ այնտեղի մասնագետները կգան մեզ մոտ՝ իրենց հետ բերելով անհրաժեշտ դետալները՝ որոշ փոփոխություններ կատարելու համար»։

Հարկ ենք համարում նշել, որ դեռևս հոկտեմբերին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության տարածած հաղորդագրության մեջ հստակ գրված էր, որ գնացքը թեստային փորձարկման փուլ  պետք է անցներ՝ ստուգելու համար դրա տեխնիկական վիճակը, համապատասխանությունը Հայաստանի ռելիեֆային պայմաններին, երկաթուղային ճանապարհներին։

Հիշեցնենք նաև, որ էլեկտրագնացքը Հայաստան էր բերվել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի ղեկավարության միջև տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն: Հոկտեմբերին նաև իրականացվել էր փորձնական երթ դեպի «Մասիս» կայարան, որի ժամանակ էլեկտրագնացքի ուղևորների թվում էին Հայաստանի և Ռուսաստանի տրանսպորտի նախարարները։






Կարդացեք նաև։

Զվարթնոց-Երևան երկաթգծի ուրվականը

Դեռ 2011 թվականի նոյեմբերի 3-ին կառավարության նիստում ընդունվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի, հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը։ Դրանով հիմնավորվել է երկաթուղային…


Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…


Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։ «Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր…