Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

30.11.2017 | 14:34

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» (Место встречи) հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն ամբողջությամբ նվիրված է ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի և Բելառուսի եվրաինտեգրացիոն քաղաքականությանն ու Մոլդովային։ Հիմնական շեշտը դրված է նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի վրա։

Հայաստանի «ամուսինն» ու «սիրեկանը»

Մինչ հաղորդման մեջ շրջանառված մի շարք ապատեղեկատվություններին անդրադառնալը, հարկ է նշել, որ հաղորդումն ակնհայտ ծաղրանքով է լուսաբանում Հայաստանի արտաքին քաղաքականությունում ընթացող գործընթացները։ Ի սկզբանե, հաղորդման հաղորդավարները և ներկա փորձագետները ծաղրում են հայկական «հպարտության կոմպլեքսը»։ Հաղորդման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը պարբերաբար համեմատվում է կնոջ հետ, ով ցանկանում է երիտասարդ սիրեկան ունենալ։ Նման կերպ մեկնաբանվում է  Հայաստանի որոշումը՝ խորացնել համագործակցությունը Եվրոպական միության հետ։ ՀՀ քաղաքականությունը համեմատվում է ընտանեկան դավաճանության հետ։ Փորձագետները ծաղրում են նաև, թե ԵՄ-ն չունի Հայաստանի կարիքը և նման մերձեցումն ուղղակի Ռուսաստանին վատություն անելու փորձ է։

Փաստերի աղավաղում

Հաղորդման ընթացքում, խոսելով Ղարաբաղյան հակամարտության մասին, ռուսական հեռուստաընկերության եթերում մի շարք փաստական ապատեղեկատվություններ են հնչում։ Նախ «НТВ»-ն, պատմելով 2016-ի ապրիլին Լեռնային Ղարաբաղում իրավիճակի լարման մասին, հայտնում է մարտերի արդյունքում 33 զոհերի մասին։ Այնինչ, հայկական կողմն ունեցել է 92 զոհ, իսկ ադրբեջանականը, տարբեր տվյալներով, 31-ից 800։

Մեկ այլ ապատեղեկատվություն՝ «НТВ»-ն մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում ԵՄ որդեգրած քաղաքականությունը։  Հեռուստաընկերության հաղորդավարները հայտարարում են, որ Եվրամիությունը գործնականում ճնշում է գործադրում Հայաստանի նկատմամբ՝ «պահանջելով դուրս բերել զորքերը չճանաչված հանրապետությունից», ինչը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։ Անգամ հակառակը, չնայած Ադրբեջանի բազմաթիվ ջանքերին, նոյեմբերի 24-ին Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթաժողով հռչակագրում պրոադրբեջանական ձևակերպում տեղ չգտավ։ ԵՄ-ն հավատարիմ գտնվեց իր իսկ սկզբունքներին և նախընտրեց պարզապես բաց թողնել Արևելյան գործընկերության գագաթաժողովների հռչակագրերում ավանդաբար ներառվող պարբերությունը տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ։ Ավելին՝ Եվրամիություն-Հայաստան նոր համաձայնագրում, ի հեճուկս Ադրբեջանի ցանկության, հղում կա ազգերի ինքնորոշման իրավունքին։

Կեղծ թվեր

Իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կան նաև ՀՀ-Ռուսաստան և ՀՀ-Եվրամիություն հարաբերույթուններում առկա տնտեսական ցուցանիշների մասով։ Մասնավորապես, նշվում է, որ ՌԴ-ը հանդիսանում է ՀՀ առաջատար առևտրային գործընկերը, որոնց միջև առևտրաշրջանառության ծավալը գերազանցում է 1 միլիարդ դոլարը: Իսկապես, 2017թ.-ի 3-րդ եռամսյակի ավարտին արդեն ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառությունը կազմել է 1.074 մլրդ դոլար (ըստ ԱՎԾ տվյալների), սակայն նույն ժամանակաշրջանում ՀՀ-ԵՄ առևտրաշրջանառությունը կազմել է 1.095 մլրդ դոլար: Հատկանշական է, որ ԵՄ-ը, գրանցելով աճի բավականին բարձր տեմպեր, առաջ է անցել թե՛ արտահանման (շուրջ 34% աճ), թե՛ ներմուծման ցուցանիշներով (շուրջ 21% աճ):

Հաղորդման մեջ խոսվում է նաև ՌԴ-ից ՀՀ իրականցված օտարերկրյա ներդրումների մասին: Համաձայն ներկայացվող տվյալների՝ անկախացումից ի վեր ՌԴ-ից մեր երկիր է ուղղվել ավելի քան 4 մլրդ դոլար ֆինանսական միջոցներ: Մինչդեռ 2017թ.-ի հուլիս ամսվա դրությամբ անկախությունից ի վեր ՀՀ-ում կատարված օտարերկրյա ներդրումների համախառն հոսքերը կազմել են մոտ 6,8 մլրդ դոլար, որից միայն մոտ 2,4 մլրդ-ն է բաժին ընկնում ՌԴ-ին:

Հ.Գ. Հիշեցնենք, որ НТВ հեռուստաալիքը պատկանում է «Գազպրոմ մեդիա հոլդինգին», որն անուղղակիորեն պատկանում է Ռուսաստանի կառավարությանը և 2016 թվականից ամերիկյան պատժամիջոցների տակ է:






Կարդացեք նաև։

Շուտով՝ «Փաստերի ստուգման հարթակ»

SUT.am-ի հարգելի՛ ընթերցողներ, տեղեկացնում ենք, որ շուտով տեղի է ունենալու կայքի վերանվանում։ Փոփոխությունը, որը պայմանավորված է մեր նոր բրենդային քաղաքականությամբ, չի ենթադրում կայքի գործունեության և բնույթի փոփոխություն։ Կայքի գործունեության նպատակը…


Ռուսական մեդիայի արձագանքը ՀՔԾ-ի գործողություններին

Վերջին շրջանում ռուսական ԶԼՄ-երում ակտիվորեն քննարկվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշումը։ Այս առնչությամբ ռուսական մեդիադաշտում ապատեղեկատվության կամ փաստերի կամայական մեկնաբանության հաճախ կարող ենք հանդիպել: ԱՄՆ դեսպանատունը՝ փոստատա՞ր…


Կրեմլյան պրոպագանդայի աշխատանքը մալայզիական ինքնաթիռի կործանման օրինակով

2014 թվականին մալայզիական ավիաուղիների խփված MH17 ինքնաթիռի աղետի հետևանքով զոհվեց 298 մարդ։ Այս տարիների ընթացքում MH17-ի դեպքի մասին ռուսական պրոպագանդան տարածում էր տարբեր ապատեղեկատվություններ։ Մասնավորապես ըստ կրեմլյան ԶԼՄ-ների՝ մալայզիական ինքնաթիռը…


Ինչպես է ռուսական պրոպագանդան լուսաբանում Հայաստանում ընթացող գործընթացները

Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։ Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը…