Ահաբեկիչներից հակաահաբեկիչներ. Պուտինի ինքնահակասությունները Թուրքիայի հարցում

27.11.2017 | 16:11

Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հիմնականում քննարկել են Սիրիական ճգնաժամը, դրա լուծման քաղաքական բաղադրիչը, իրավիճակը անվտանգության գոտիներում, մասնավորապես, քրդական խմբավորումների ենթակայության տակ գտնվող Իդլիբում և Աֆրինում:

Կլոր սեղանի շուրջ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարեց․ «ահաբեկչական խմբավորորմանը հասցված է վճռական հարված, այժմ հնարավորություն կա վերջ դնել քաղաքացիական պատերազմին»։ Պուտինը նաև նշել է, որ Սիրիան՝ որպես պետական միավոր, պահպանվեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի շնորհիվ։

Փաստացի, Վլադիմիր Պուտինը «փառքի պատառներ» բաժանեց Աստանայի բանակցություններում Սիրիական որոշ տարածքներում հրադադարի պահպանման երաշխավորներ Թուրքիային և Իրանին։

Ճակատագրի բերումով Պուտինի այս հայտարարությունը տեղի ունեցավ Թուրքիայի կողմից Սիրիայում ռուսական ինքնաթիռի խոցման 2-րդ տարելիցի նախօրեին։ Այն ժամանակ հռետորաբանությունն այլ էր։

Ահաբեկիչների հովանավոր

2015 թվականի նոյեմբերի 23-ին հայտնի դարձավ, որ թուրքական ԶՈւ-ը ռուսական ՍՈւ-24 ռմբակոծիչ են խոցել, քիչ անց տարածվեց նաև խոցման տեսանյութը։ Ըստ պաշտոնական Թուրքիայի՝ օդանավը գտնվում էր իրենց օդային տարածքում, իսկ ՌԴ-ի պնդմամբ՝ Սիրիայի օդային տարածքում։

Օդանավի խոցմանը հաջորդեցին Պուտինի կոշտ հայտարարությունները․ «Թուրքիան հովանավորում է Իսլամական պետությանը», «Թուրքիան գնում է ահաբեկչական նավթը» և այլն։ Ռուսական մամուլում տարածվեցին Էրդողանի որդու և Իսլամական պետության ներկայացուցիչների լուսանկարները։ Դեպքն օգտագործվեց նաև ԱՄՆ-ին պարսավելու համար․ «Հնարավոր է Թուրքիայի ղեկավարությունը որոշել է ամերիկացիների համապատասխան տեղը լիզել»,- հայտարարեց Պուտինը։

Օրեր անց Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպման ժամանակ կրկին անդրադառնալով Թուրքիային` Պուտինը հայտարարել է, որ Սիրիայի՝ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքներից ահռելի  քանակով նավթ է արտահանվում դեպի Թուրքիա։ Ռուսաստանն անգամ օդային հարվածներ հասցրեց այդ տարածքներին՝ զրկելով Թուրքիային ահաբեկչական էժան նավթից։

Կուլմինացիան տնտեսական սահմանափակումներն էին Թուրքիայի նկատմամբ։ ՌԴ զբոսաշրջության դաշնային գործակալությունը խորհուրդ տվեց քաղաքացիներին չայցելել Թուրքիա։ Իսկ այդ երկրի արտադրած լոլիկները շատ արագ դարձան անորակ, և արգելվեց դրանց ներմուծումը ՌԴ։

180 աստիճան

Որոշ ժամանակ անց, հավանաբար տնտեսական և քաղաքական ճնշումների արդյունքում, Թուրքայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, այնուամենայնիվ, որոշեց ներողություն խնդրել Պուտինից՝ ափսոսանք հայտնելով կատարվածի առնչությամբ։

Սեփական փառամոլությունը բավարարած Վլադիմիր Պուտինը կտրուկ արգելակեց տարվող քաղաքականությունը՝ լոլիկները կրկին դարձան որակյալ, մեկնարկեց ռուս-թուրքական համագործակցությունը Սիրիական ճգնաժամի կարգավորման հարցում։ Անգամ զբոսաշրջությունը վերականգնվեց: Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից անմիջապես հետո, երբ բոլոր երկրները իրենց իսկ քաղաքացիների անվտանգությամբ մտահոգված, խորհուրդ չէին տալիս մեկնել Թուրքիա, Ռուսաստանը արեց ճիշտ հակառակը:

Այսօր արդեն երբեմնի դրուժան և ահաբեկիչների հովանավոր Թուրքիան բարեկամ երկիր է, որի հետ համատեղ ուժերով հնարավոր եղավ «փրկել Սիրիան քայքայումից ու ահաբեկիչներից»։






Կարդացեք նաև։

Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը

Պեկինում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո տրված ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը: Խոսելով Ուկրաինային…


Սուտ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին

Սեպտեմբերի 1-ին հայաստանյան ու տարածաշրջանային մի շարք լրատվամիջոցներ միաձայն հանդես եկան հրապարակումներով, որոնց վերնագրերում գրված էր․ «Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները, ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով»: Մենք փորձեցինք պարզել,…


Թուրքիայի ԵԱՏՄ-ին միանալու հնարավորության մասին (լրացված)

Օգոստոսի 18-ին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին հայտարարեց, որ Թուրքիան մտադիր է մաքսային համաձայնագիր ստորագրել Եվրասիական տնտեսական միության հետ: «Մենք առաջարկ ունենք, որպեսզի Թուրքիան մաքսային համաձայնագրի ստորագրման վերաբերյալ բանակցություններ սկսի…