Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

27.11.2017 | 12:48

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր։

Հաղորդման ընթացքում, բացի քարոզչությունից, այլախոհներին պիտակավորելուց և hետխորհրդային հանրապետությունները «մերը» (այսինքն՝ «Ռուսաստանինը») անվանելուց, նաև ստի տեղատարափ է արձանագրվել, որի մի մասին հարկ ենք համարում անդրադառնալ:

ԱՄՆ դեսպանն ու ատոմակայանը

«Ռուսաստանը այնտեղ [խմբ․՝ Հայաստանում] կառուցել է ատոմակայան, տրամադրել է 270 մլն դոլարի վարկային և 30 մլն դոլարի դրամաշնորհային օգնություն [․․․]. իսկ ի՞նչ է ասում ԱՄՆ դեսպանը՝ վերացրեք ատոմակայանը և կստանաք 8  մլրդ դոլարի էներգետիկ ներդրում», – հայտարարում է հաղորդավար Անատոլի Կուզիչևը։

Նշենք, որ դեսպան Ռիչարդ Միլսը իրոք խոսել է Հայաստանում 8 մլրդ դոլարի ներդրումների մասին, սակայն ատոմակայանի փակման վերաբերյալ որևէ պայմանի մասին դեսպանը չի խոսել: «Ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանի վերականգնվող էներգետիկայի բնագավառում ներդրումներով, և շուրջ 8 մլրդ դոլարի ներդրումային համագործակցության հնարավորություն կա», – ասել էր դեսպանը։

Ընդ որում, մինչդեռ Ռուսաստանը Մեծամորի ատոմակայանին տրամադրել է 30 միլիոն դոլարի դրամաշնորհ, ԱՄՆ-ից ատոմակայանը ստացել է 65 միլիոն դոլար, իսկ ԵՄ-ից՝ 55 միլիոն:

«Էլեկտրիկ Երևանը» դարձավ «Էներգետիկ Մայդան»

Արևմուտքը սևացնելու փորձերը, սակայն, այսքանով չավարտվեցին։ Հաղորդավարը  անդրադարձավ 2 տարի առաջ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հասարակական շարժմանը՝ «Էլեկտրիկ Երևանին», որն իր պնդմամբ Հայաստանում անվանվում էր «Էներգետիկ Մայդան»։

Կուզիչևի պնդմամբ, Բաղրամյանի պողոտայում հավաքվածները տեղյակ չէին անգամ Հայաստանում էներգակիրների գներից։ «Իմ կարծիքով, ինչ-որ մեկը այդ երիտասարդներին «օգնել է» փողոց դուրս գալ», – ասել է հաղորդավարը՝ ակնարկելով արևմուտքին։

Այնինչ, այս երկու պնդումներն էլ սուտ են: 2015 թվականի շարժումը «Էներգետիկ Մայդան» անվանում չի ունեցել, իսկ դրա մասնակիցների ծանրակշիռ մեծամասնությունը շատ լավ տեղյակ էին էլեկտրաէներգիայի սակագնից ու 7-դրամանոց թանկացման չափից:

Հայաստանում ԱՄՆ և ՌԴ շահերը միշտ հակասում են իրար

Հաղորդման հյուր, ամերիկացի լրագրող Մայքլ Բոմը փորձեց բացատրել ներկաներին, որ Հայաստանը կարող է համագործակցել և՛ Արևմուտքի, և՛ Ռուսաստանի հետ ։ Այլ կերպ ասած, կրկնեց պաշտոնական Երևանի դիրքորոշումը։ Դրան ի պատասխան, հաղորդավարը ընդհատեց բանախոսին ու սկսեց վերլուծել՝ եթե ԱՄՆ-ն և ՌԴ-ն մրցակիցներ են միջազգային հարթակում, հետևապես, Հայաստանում էլ նրանց շահերը չեն կարող համընկնել։

Նշենք, սակայն, որ Հայաստանում կան մի շարք ոլորտներ, որտեղ ոչ միայն համընկնում են Միացյալ Նահանգների և Ռուսաստանի շահերը, այլև վերջիններս համագործակցում են։ Առաջին հերթին, դա արցախյան կարգավորման հարցն է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։ Օրինակ, երկու երկրներն էլ, ինչպես նշվեց, աջակցում են Հայաստանի միջուկային անվտանգությանը, սատարում են կենսաբանական ռեֆերենտ լաբորատորիաներին, աջակցում են միջազգային հանցագործությունների (թմրանյութերի ապօրինի շրջանառություն, թրաֆիքինգ և այլն) դեմ պայքարին։ Այնուամենայնիվ, լռելով այս ամենի մասին՝ ռուսական պրոպագանդան առաջ է տանում «ինչ ԱՄՆ-ին լավ է, մեզ վատ է» կարգախոսը։

Ադրբեջանին զինելը՝ արգելված թեմա

Հաղորդման երկրորդ հատվածում կրքերն ավելի թեժացան։ ՌԴ նախագահին կից «Քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների խորհրդի» անդամ Մաքսիմ Շեվչենկոն հայտարարեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, իսկ դրա ճակատագիրը պետք է լուծեն Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը։

Երբ լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկը փորձեց առարկել՝ պնդելով, որ Արցախը հայկական է, և Ռուսաստանի կողմից Ադրբեջանի զենքի մատակարարումը ստորություն է, հաղորդավար Կուզիչևը ընդհատեց նրան և խոսքը փոխանցեց այլ բանախոսի՝ փոխելով քննարկման թեման։






Կարդացեք նաև։

Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» (Место встречи) հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն…


Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։…


Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Կոմերսանտի սուտը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ

Ռուսական Կոմերսանտ թերթը հոկտեմբերի 24-ին հրապարակել էր հոդված՝ «Եվրոպան մտածում է Վրաստանի վիզային ռեժիմը վերականգնելու մասին. ԵՄ մեկնողները պետք է «նախնական թույլտվություն» ստանան» վերնագրով։ Այս լուրը, որը ակտիվորեն վերատպվել էր…