Ապատեղեկատվություն դպրոցներում «ինցեստի դասավանդման» մասին

25.11.2017 | 14:54

«Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության հիմնադիր անդամ Հայկ Այվազյանը նոյեմբերի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ, խոսելով Քրեական նոր օրենսգրքի՝ խտրականության վերաբերյալ 197-րդ հոդվածի մասին, հայտարարել է, որ դպրոցներում 10-11 տարեկանների շրջանում փորձ են արել ներմուծել ծրագիր, որը բացատրում է, թե ինչ է նույնասեռականությունը, սեռական հարաբերությունները, ինչպես օգտվել հակաբեղմնավորիչներից և բացատրել, թե ինչ է ինցեստը։

Քրեական հոդվածը

Քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածով պատիժ է նախատեսվում այն անձանց, որոնք խտրական կվերաբերվեն, կխախտեն մարդկանց իրավունքները սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագման, գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, աշխարհայացքի, քաղաքական կամ այլ հայացքների, ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծննդի, առողջական վիճակի, հաշմանդամության, սեռական կողմնորոշման, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքերով։

Այսինքն, եթե նույնասեռական անձին աշխատանքից հեռացնեն նրա սեռական կողմնորոշման պատճառով, ապա գործատուն կպատժվի տուգանքով կամ հանրային աշխատանքներով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով։

Ինցեստը

Այվազյանը հայտարարել է նաև, որ դպրոցներում ներկայացվում է ծրագիր, որում աշակերտներին պատմում են ինցեստի մասին։  «Ձեր կարծիքով երեխային անհրաժեշտ է պատմել, ինչ ա ընտանիքի անդամների միջև սեռական հարաբերությունը։ Ինչի՞ համար»,-ասում է «Հանուն ինքնիշխանության վերականգնման» նախաձեռնության համակարգողը։

Ծրագիրը, որի մասին պատմում է Այվազյանը, ամենայն հավանականությամբ «Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ-ի ներկայացրած «Ծնողներ հանուն երջանիկ երեխաների» ծրագիրն է, որն անցկացվել է ծնողների հետ։ Ծրագիրը, համաձայն դրա պաշտոնական կայքի, նախատեսված է ծնողների և 14-18 տարեկան դեռահասների, այլ ոչ թե 10-11 տարեկանների համար։ Դպրոցներում ծրագիրը ներդնելու որևէ առաջրկություն չի արվել։

Այվազյանի հայտարարությունից կարող է տպավորություն ստեղծվել, թե ինցեստի մասին տեղեկություն տրամադրելը մարդկանց ինցեստի մեջ ներքաշելու նպատակ ունի։ Սակայն կայքում, կարդալով «Մարմնի անձեռնմխելիություն և սեռական բռնություն» բաժինը, պարզ է դառնում, որ ինցեստը քննարկվում է բացառապես բռնության տեսանկյունից։

Հ.Գ. 2016 թվականին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Հայկ Այվազյանի և այլ անձանց մասին հրապարակեց զեկույց, որում ներկայացրեց նրանց գործունեության ռուսաստանյան հետքը:






Կարդացեք նաև։