Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

20.11.2017 | 18:24

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։

«Եվրամիություն է պատրաստվում մտնել, ի՞նչ եք կարծում, ո՞վ․․․ բոլորովին անսպասելի պատասխան՝ Հայաստանը։ Այո՛, այո՛, այն, որ Եվրասիական տնտեսական միության անդամ է, ՀԱՊԿ անդամ է, մեր գլխավոր դաշնակիցն է Անդրկովկասում», հայտարարում է հաղորդման մեկնաբան, Ռուսաստանում հայտնի քաղաքագետ Վերոնիկա Կրաշենիննիկովան [թողարկման 20։20 րոպեից]։

Այնինչ, Հայաստանը նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում պատրաստվում է ԵՄ-ի հետ ստորագրել «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը»։ Համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարկվեց հոկտեմբերին։

Գործընկերության նոր համաձայնագիրը նախատեսում է համագործակցություն տնտեսական, էներգետիկ, բնապահպանական և բազմաթիվ այլ ոլորտներում, ինչպես նաև քաղաքական երկխոսություն Միության և Հայաստանի միջև։ Սակայն այս համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի անդամակցությունը Եվրոպական Միությանը։

ՀՀ-ԵՄ համագործակցության ձևաչափի աղավաղումից բացի, «Զվեզդա» հեռուստաընկերությունը, ռուսական քարոզչության՝ վերջին տարիներին որդեգրած հակաուկրաինական հռետորաբանությամբ, հայտնում է, որ ինչպես Ուկրաինայում, «Երևանը ևս հերոսացնում է ֆաշիզմի մեղսակիցներին»։ Նման հայտարարությունը հիմնավորվում է Երևանում Գարեգին Տեր-Հարությունյանի (Նժդեհի) արձանի տեղադրմամբ։ Հաղորդման մեկնաբանը Նժդեհին անվանում է «հայկական Բանդերա»: Հեռուստաընկերությունն անդրադարձել է նաև Հայաստանի Հանրապետական կուսակցությանը։ Մեկնաբանը համեմատել է կուսակցության տարբերանշանը ֆաշիստական Երրորդ ռեյխի խորհրդանշանների հետ։

Ի դեպ, հաղորդման հեղինակ Վերոնիկա Կրաշենիննիկովան, ում շուրթերից հնչում են ապատեղեկատվական այս պնդումները, շարքային հեռուստամեկնաբան չէ։ Նա ռուսական քարոզչամեքենայի ակտիվ շարժիչներից մեկն է, Կրեմլի «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») գործակալության տնօրեն Դմիտրի Կիսելյովի խորհրդականն է, ինչպես նաև Ռուսաստանի իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիայի» գերագույն խորհրդի անդամ։






Կարդացեք նաև։

«Միասնական Ռուսաստանի» երևանյան սուտը

Նոյեմբերի 28-ին Երևանում կայացավ ՌԴ իշխող կուսակցության՝ «Միասնական Ռուսաստանի» («Единая Россия») պատվիրակության և Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հանդիպումը։ Լրագրողների հետ հանդիպման ընթացքում «Միասնական Ռուսաստանի» գլխավոր խորհրդի քարտուղարի տեղակալ Սերգեյ Ժելեզնյակը…


Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» (Место встречи) հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն…


Ռուսական «Առաջին ալիքի» ստերը Հայաստանի մասին

Ռուսաստանի առաջին ալիքի «Время покажет» հաղորդման ուրբաթօրյա թողարկումը նվիրված էր ԵՄ ԱլԳ գագաթաժողովին ու Հայաստանին։ Առիթը ԵՄ-ի հետ ստորագրված  Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն էր։ Հաղորդման ընթացքում, բացի քարոզչությունից, այլախոհներին…


Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։…