Սուտ ԱԺ ամբիոնից ակտիվիստների և քաղ. հասարակության մասին

15.11.2017 | 00:55

Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է «Սորոսի հիմնադրամից» («Բաց Հասարակության հիմանադրամների») ֆինանսավորվող ՀԿ-ները «փակելու» անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կազմակերպությանը մեղադրել է տարկետման վերացման դեմ ուսանողական ցույցերը ֆինանսավորելու մեջ։ Իր ելույթում պատգամավորը ապատեղեկատվություն պարունակող մի շարք հայտարարություններ է արել Հայաստանում գործող ՀԿ-ների, մասնավորապես՝ «Հանրային օրակարգ» հասարակական կազմակերպության մասին։

«Մեզ հասած տեղեկություններով՝ Հանրային օրակարգ հասարակական կազմակերպությունը Սորոսի հիմնադրամից ստացել է 20.000 դոլար դրամաշնորհ, որպեսզի պայքարի, քննադատի և վարկաբեկի «Ազգ-բանակ» մեզ համար կարևոր և մեծ նշանակություն ունեցող հայեցակարգը․․․ Դրամաշնորհի պահանջների մեջ է դրված հետևյալը, որպեսզի համալսարանի ուսանողների մեջ կազմակերպվի քննադատության պրոցեսը, հետո ձևավորվեն ֆոկուս խմբեր, հետո ձևավորվեն դրանց շուրջ ինչ-ինչ երևույթներ, այնպես որ ինչ, որ մենք այսօր տեսնում ենք ազդեցության տակ է Սորոս-չարիք կոչվող  երևույթի», – հայտարարել է Բաբուխանյանը՝ առանց մեկնաբանելու, թե ինչ նկատի ունի «ինչ-ինչ երևույթներ» ասելով, և ինչ երևույթների մասին է խոսքը։

Նախ, «Հանրային օրակարգ» ՀԿ-ի կողմից 20.000 ամերիկյան դոլարի ստացումը հանրային հասանելիության տեղեկատվություն է և տեղադրված է «Բաց հասարակության հիմանդրամների» պաշտոնական կայքէջում։ Այնպես որ, Բաբուխանյանի՝ խորհրդավոր ու հույժ գաղտնի տպավորություն թողնող «մեզ հասած տեղեկությունները» ոչ այլ ինչ են, քան ցանկացած մարդու հասանելի տեղեկատվություն։

Նույն կայքէջում տեղադրված է նաև դրամաշնորհի տրամադրման նպատակը, որը հստակ նկարագրում է, թե ինչի համար է տրամադրվում դրամաշնորհը։ Այն, ինչ պատգամավորն անվանում է «Ազգ-բանակ» հայեցակարգի դեմ «պայքար, քննադատություն և վարկաբեկում», իրականության խեղաթյուրում է, սխալ թարգմանություն և ապատեղեկատվություն։

Դրամաշնորհի մեկնաբանության մեջ ձևակերպված է, որ այն նպատակ ունի․ «քննադատաբար վերլուծել Ազգ-բանակ հայեցակարգը` անկախ փորձագիտական գնահատման միջոցով և հասկանալ, թե ինչպես է այն ընկալվում ուսանողության կողմից: Այս նպատակով, Հանրային օրակարգ ՀԿ-ն պետք է կազմակերպի փորձագիտական քննարկումներ Ազգ-բանակ հայեցակարգի շուրջ և ձևակերպի այլընտրանքային մոտեցումներ, որոնք կներկայացվեն լայն հանրությանը»: Ամեն դեպքում գոնե այս նկարագրությունը, որին հղում է  անում Բաբուխանյանը, որևէ «պայքար» կամ «վարկաբեկում» չի ենթադրում։ Այլ հարց է, որ գործող իշխանությունը «քննադատությունը» այսինքն՝ քննադատական մտածողությունը միայն բացասական իմաստով է ընկալում։

Ապակողմնորոշող է նաև Բաբուխանյանի՝ ծրագրում ներկայացված «ֆոկուս-խմբերի» նույնացումը օրինագծին դեմ արտահայտվող ակտիվիստ ուսանողների խմբի հետ։ Համաձայն ծրագրի՝ ստեղծվելիք «ֆոկուս-խմբերի» նպատակն է «կազմակերպել «Ազգ-բանակի» շուրջ հետագա հանրային քննարկումները»։ Հետևաբար, Բաբուխանյանի ներկայացրածը իրականության նպատակային խեղաթյուրում է։

Բաբուխանյանի ներկայացրած՝ ծրագրի և դրամաշնորհի տրման ժամկետները ևս չեն համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ ծրագրի հայտը ներկայացվել է օգոստոսի 22-ին, իսկ դրամաշնորհը հատկացվել է այս տարվա հոկտեմբերի 5-ին: Այսինքն գործընթացը տևել է մոտ մեկ ու կես ամիս, ոչ թե մի քանի օր, ինչպես հայտարարում է  Բաբուխանյանը:

Ազգային ժողովի ամբիոնից բացասաբար ներկայացնելով արտասահմանյան գրանտերի ստացման երևույթը և փորձելով պայքար սկսել դրա դեմ՝ Հանրապետական խմբակցության պատգամավոր Բաբուխանյանը մոռանում է սակայն, որ Հայաստանի Հանրապետությունն ու դրա գործող իշխանությունը Հայաստանում ամենամեծ արտասհամանյան դրամաշնորհներ ստացողներն են։ Հայաստանի կառավարությունը 2008-ից 2014-ն ընկած ժամանակահատվածում գրեթե կես միլիարդ դոլարի գրանտային աջակցություն է  ստացել արտերկրից։ Այդ գումարների մոտ 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ից և Եվրամիությունից։

Հ.Գ. «Բաց հասարակության հիմնանադրամների» վերաբերյալ  ԱԺ պատգամավորի նման մեկնաբանությունները հիշեցնում են պաշտոնական Բաքվի վարած քաղաքականությունը այս կազմակերպության նկատմամբ։ Բաբուխանյանի պես այս հիմնադրամը քննադատության էր ենթարկվում նաև պաշտոնական Բաքվի կողմից, որն այս հիմնադրամը դիտարկում էր նույն հարթությունում «հայկական լոբբի» հետ։  






Կարդացեք նաև։

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է…


Հ1-ը «փոխեց» աշխարհահռչակ գիտնականի կարգավիճակը

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման առավոտյան 9-ի թողարկումը լուսաբանել էր համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Յուրի Օգանեսյանի և Անի Ափրահամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Անգրագիտություն «Օրակարգը» այս թողարկման…


Վիգեն Սարգսյանի սուտը` իր ծառայության և առաջարկվող նախագծի մասին

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել էր․ «Երկար ժամանակ հասարակությունում քննարկվում էր, թե արդյո՞ք պաշտպանության…


Կամ Վիգեն Սարգսյանը ստում է, կամ ՀՀ բնակչությունը 2 միլիոն է

Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ: Քննարկման ընթացքում պաշտպանության…