Քաղաքապետարանը ստում է, Հ1-ը «կուլ է տալիս», իսկ հաշմանդամություն ունեցողները զարմանում են

08.11.2017 | 12:52

Նոյեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի լրագրողներն «Ավելի բարեկարգ Երևան» թողարկման շրջանակներում անդրադարձել են Երևանի վերգետնյա և ստորգետնյա անցումներին։

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման բաժնի պետ Հովհաննես Ահարոնյանը` պատասխանելով անցումների՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելիության հարցին, նշել է. «Ակնհայտ է, որ Երևանի քաղաքապետարանը խիստ ուշադրություն է դարձնում հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այս ամենը հաշվի առնելով՝ մենք պիտի խորապես համոզված լինենք, որ քաղաքապետարանը ամեն հնարավորինը կանի, եթե ֆինանսական հնարավորությունները ներեն: Բոլոր գետնանցումները, ինչպես նկատել եք, հարմարեցված են, ինչ վերաբերում է վերնանցումներին՝ կան խնդիրներ»։

39-ից համարյա մեկը

Սակայն իրականում քաղաքապետարանի աշխատակիցը ստել է. Երևանում հաշմանդամների համար մատչելի ստորգետնյա անցումներ չկան։ Մի քանիսն ունեն թեքուղիներ, որոնք վտանգավոր են կիրառման համար։ Այդ թեքուղիներն, ի դեպ, ըստ քաղաքապետարանի՝ նախատեսված են բեռնասայլակների ու մանկասայլակների համար (և ոչ հաշմանդամություն ունեցողների)։

Երևանի 39 ստորգետնյա անցումներից վերամբարձ սարքավորումով կահավորված է ընդամենը մեկը։ Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ գտնվող ստորգետնյա անցումը միակն է, սակայն այս անցումը «մատչելի» է միակողմանի։ Մյուս մայթեր դուրս գալու համար սարքավորումներ չկան, ուստի տվյալ դեպքում ստորգետնյա անցումի հիմնական ֆունկցիան բացակայում է։ Բացի այդ, եղածից օգտվելու համար պետք է սպասել առնվազն 30 րոպե, քանի որ այն կոճակի միջոցով վերև կանչել և առանց բանալու գործարկել հնարավոր չէ։

15-ից մեկը

«Եվ բերեք ուղղակի լավատեսորեն ավարտեմ խոսքս, համոզված լինեմ, որ առաջին փորձը կդառնա նաև սկիզբ մնացած վերնանցումների դեպքում, հնարավորության դեպքում, կառուցելու այս ամեն ինչը», – նշել էր Հովհաննես Ահարոնյանը հարցազրույցում։

«Առաջին փորձ» ասելով պաշտոնյան նկատի է ունեցել 2016 թվականի դեկտեմբերին շահագործման հանձնված Արտաշատի խճուղու վերգետնյա անցումը։ 2012-2016 թվականներին մայրաքաղաքում կառուցվել է 15 վերգետնյա անցում։ Իսկ մատչելիության շինարարական նորմերի մասին ՀՀ քաղաքաշինության նախարարի հրամանը գործում է 2007 թվականից։ Այսինքն՝ մյուս բոլոր անցումները կառուցվել են նորմերի անկհայտ խախտմամբ։

Հ1-ը նկատեց, բայց չխոսեց

Այստեղ ոչ պակաս հետաքրքիր է նաև այն, որ քաղաքապետարանի պաշտոնյայի խոսքից անմիջապես հետո «հանրայինը» ցուցադրում է առանց թեքուղու ստորգետնյա անցում՝ դրանով իսկ արդեն արձանագրելով, որ բոլոր գենտնանցումների մասին Հովհաննես Ահարոնյանի խոսքերը հեռու են իրականությունից:

Սակայն, Հ1-ում որոշում են այդքանով բավարարվել և անգամ մեկ խոսք չասել դառը իրականության մասին: Այդպիսով, փաստացի, հարկատուների հաշվին աշխատող Հ1-ը լռությամբ հաստատեց Ահարոնյանի սուտ խոսքերը և գիտակցաբար նպաստեց այդ ստի տարածմանը:






Կարդացեք նաև։

Երևանի քաղաքապետարանն ու չվերանորոգված տանիքները. յուրացրած 10 մլն դրամի հետքերով

Դեռևս նախորդ տարվա փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի և «Աննա 80» ՍՊ ընկերության միջև ստորագրվել են 61,200,000 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց համաձայն՝ ընկերությունը պարտավոր էր վերանորոգել մայրաքաղաքի մի շարք շենքերի տանիքները։…


Քաղաքապետարանի մրցույթում հաղթել է «սև ցուցակում» գտնվող ընկերությունը, գինը՝ 103 մլն դրամ

Երևանի քաղաքապետարանը 2018 թվականի մարտ ամսին  «Մեծ հիմք»  շինարարական ընկերության հետ 4 պայմանագիր* է կնքել՝ Երևանի թիվ 9, 13, 134,  57  և 96 մանկապարտեզների վերանորոգման նպատակով։ Այս պայմանագրերի ընդհանուր արժեքը…


Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի…