Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

03.11.2017 | 17:29

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ ստորագրվելիք նոր համաձայնագրի մասին՝ աղավաղելով դրա բովանդակությունը:

«Ըստ էության, սա Եվրամիության հետ համագործակցության խորացում է: Առաջին հերթին մեր հասարակության արդիականացում: Այնտեղ արդյունավետ կառավարում է, մարդու իրավունքներ: Տնտեսությանը գրեթե չի առնչվում: Ասում եմ «գրեթե», քանի որ այնտեղ, իրականում կետ կա, համաձայն որի այդ համաձայնագրով պարտավորությունները ոչ մի դեպքում չեն կարող հակասել պարտավորություններին, որոնք ավելի վաղ վերցրել է Հայաստանը», – ասել է  Սարգսյանը:

Ապատեղեկատվության ապատեղեկատվություն

Սարգսյանի պնդումը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագիրը «տնտեսությանը համարյա չի առնչվում» չի համապատասխանում իրականությանը:  Իրականությանն առավել չի համապատասխանում ռուսական Business FM ռադիոկայանի հարցազրույցի համար ընտրված վերնագիրը` «ՀՀ-ԵՄ համաձայնագիրը չի առնչվում տնտեսությանը»:

ՀՀ-ԵՄ նախաստորագրված նոր համաձայնագրում ԵՄ-ն և Հայաստանը անդրադարձ են արել համագործակցության ամենալայն բնագավառներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, Հայաստանի էներգետիկ անվտանգությանը, ենթակառուցվածքային զարգացմանը, կրթական ոլորտին, շրջակա միջավայրի պահպանությանը և այլն, ինչպես նաև տնտեսությանը: Համաձայնագրի 4-րդ գլուխն ամբողջությամբ նվիրված է կողմերի տնտեսական համագործակցությանը:

Այստեղ ներկայացված են կողմերի պարտավորությունները տնտեսական երկխոսությունների վարման, մակրոտնտեսական քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, տնտեսական զարգացումների ռազմավարությունների համատեղ մշակման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիոն փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունների փոխանակման, հարկային համակարգում տնտեսական հարաբերությունների բարելավման նպատակով ներդրումների և արդար փոխհամագործակցության վերաբերյալ:

Բացի այս, անդրադարձ կա արդյունաբերական միջավայրի զարգացման, առևտրային համագործակցության, մաքսային համակարգի բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքների անհրաժեշտությանը: Համաձայնագիրը նախատեսում է ՀՀ-ԵՄ համագործակցություն Հայաստանում տնտեսական կայունության հաստատման ուղղությամբ, աջակցություն ՀՀ ջանքերին՝ զարգացնելու իր տնտեսական ներուժը միջազգային համագործակցության միջոցով:

Զուգահեռ իրականությունում

Նույն ժամանակ, երբ ռուսական ռադիոկայանը հրապարակեց Սարգսյանի հարցազրույցը, Հայաստանի փոխարտգործնախարար Կարեն Նազարյանն ԱԺ-ում խորհրդարանի Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպմանը հայտարարում էր, որ Հայաստանը տնտեսական ակնկալիքներ ունի ԵՄ-ի հետ համաձայնագրից:

«Այն [խմբ.՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը] նոր հնարավորություններ կտա նաև բիզնեսի ներդրումների և աշխատատեղերի ստեղծման համար: Եվ համաձայնագրի համապարփակ, ուժեղացված և հավասարակշռված առևտրի դրույթները կօգնեն Հայաստանին հաջողությամբ ինտեգրվելու տնտեսական և մասնավորապես՝ համաշխարհային, եվրոպական տնտեսությունում», – ասել է Նազարյանը:

Տպավորություն է ստեղծվում, որ Սարգսյանը, անելով այս ապատեղեկատվական հայտարարությունը կամ ծանոթ չէ Հայաստան-ԵՄ նախաստորագրված պայմանագրի բովանդակությանը, կամ էլ նման հայտարարությամբ ռուսական կողմի առաջ արդարանալու փորձ է անում:

Հարցազրույցի՝ ապատեղեկատվություն պարունակող այդ հատվածը առանձնացված կերպով լուսաբանվեց նաև Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվականի նոյեմբերի 2-ի հիմնական թողարկման ընթացքում։

Հիշեցնենք, որ Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել նոյեմբերի 24-ին Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում:






Կարդացեք նաև։

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Լուսանկարը՝ Հետք.am-ի

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է…


Հ1-ը «փոխեց» աշխարհահռչակ գիտնականի կարգավիճակը

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման առավոտյան 9-ի թողարկումը լուսաբանել էր համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի գիտնականներ Յուրի Օգանեսյանի և Անի Ափրահամյանի հանդիպումը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Անգրագիտություն «Օրակարգը» այս թողարկման…


Քաղաքապետարանը ստում է, Հ1-ը «կուլ է տալիս», իսկ հաշմանդամություն ունեցողները զարմանում են

Նոյեմբերի 3-ին Հանրային հեռուստաընկերության «Մասնագիտությունը՝ լրագրող» հաղորդաշարի լրագրողներն «Ավելի բարեկարգ Երևան» թողարկման շրջանակներում անդրադարձել են Երևանի վերգետնյա և ստորգետնյա անցումներին։ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության աղբահանության և սանիտարական մաքրման…