Ատոմային-քարոզչական ռումբ ՀԱՊԿ-ից Հայաստանին

01.11.2017 | 14:19

«Հայոց աշխարհ» օրաթերթը «Հայաստանում իրականացվում է քողարկված, նենգ քարոզչություն» վերնագրով հարցազրույց է հրապարակել, որում Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը մի քանի ապատեղեկատվական հայտարարություն է արել Հայաստանի՝ ՀԱՊԿ անդամակցության և անվտանգության ապահովման վերաբերյալ:

Մասնավորապես, Սաֆարյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում, Ռուսաստանը «ատոմային ռումբ կօգտագործի», և դա ամրագրված է նաև ՀԱՊԿ պայմանագրով:

Լրագրողի հարցին, թե «ՀԱՊԿ պայմանագրում կա՞ կետ, համաձայն որի, եթե Հայաստանի Հանրապետության վրա երրորդ երկրի կողմից ոտնձգության փորձ արվի, ապա նրա դեմ կարող է կիրառվել ատոմային ռումբ», Սաֆարյանը դրական պատասխան է տվել: «Իհարկե կա, և ոչ միայն ատոմային ռումբ, կօգտագործվի ամբողջ ռազմական հզորությունը. ատոմային ռումբից հզոր զենքեր էլ գոյություն ունեն ժամանակակից աշխարհում: Կասկած չունենաք, որ դրանք կկիրառի Ռուսաստանը», – ասել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգողը:

Սակայն Հավաքական անվտանգության պայմանագիրը, որը Հայաստանը ստորագրել է 1992 թվականին, չի ենթադրում ՀԱՊԿ անդամ երկրներից որևէ մեկի նկատմամբ երրորդ երկրի կողմից սպառնալիքի առկայության դեպքում դաշինքի անդամ Ռուսաստանի կողմից ատոմային ռումբի կիրառումը:

Թեև ՌԴ-ի ռազմական դոկտրինան [2014թ.-ի խմբագրմամբ, կետ 27] ամրագրում է, որ «Ռուսաստանի Դաշնությունն իրեն իրավունք է վերապահում ատոմային զենք կիրառել իր և (կամ) իր դաշնակիցների դեմ ատոմային, կամ զանգվածային խոցման այլ զենքերի կիրառման դեպքում», սակայն սա չի ենթադրում ՀԱՊԿ անդամ երկրներին վտանգ սպառնալու դեպքում ատոմային զենքի կիրառման ՌԴ պարտավորությունը: Դա ենթադրում է նման իրավունք, այն էլ, միմիայն զանգվածային ոչնչացման զենքի կիրառման սպառնալիքի (և ոչ սովորական հարձակման) դեպքում:

Առավելևս նման դրույթ գոյություն չունի ՀԱՊԿ պայմանագրում: Բացի այդ, հաշվի առնելով Ռուսաստանի վարած երկակի քաղաքականությունը և հանգամանքը, որ ՌԴ-ն սպառազինություն է վաճառում թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին, ինչպես նաև պարբերաբար հայտարարում է Ադրբեջանի՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը լինելու մասին, ապա դժվար է ասել, թե ՀԱՊԿ-ից դուրս, անհրաժեշտության դեպքում Հայաստանի հավանական հակառակորդներից ո՞ր մեկին տվյալ պահին Ռուսաստանը կդիտարկի որպես «ռազմավարական դաշնակից»՝ հղում անելով սեփական դոկտրինային:

Հարկ է նշել, որ «Հայոց աշխարհի»՝ ապատեղեկատվություն պարունակող այս հարցազրույցը ռուսերեն թարգմանությամբ տեղ է գտել նաև Կրեմլի քարոզչամեքենայի շարժիչ հանդիսացող «Россия Сегодня» [«Ռուսաստանն այսօր»] գործակալության inosmi.ru համաշխարհային մամուլի տեսություն ներկայացնող կայքէջում:






Կարդացեք նաև։

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Վիճակագրություն թե՞ նկարչություն

Օրերս Հայաստան այցելած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման ժամանակ պաշտոնյաները, խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճի մասին, տարբեր թվեր հնչեցրին։ Գնահատելով երկրների միջև ապրանքաշրջանառության…


Կոմերսանտի սուտը ԵՄ-Վրաստան հարաբերությունների վերաբերյալ

Ռուսական Կոմերսանտ թերթը հոկտեմբերի 24-ին հրապարակել էր հոդված՝ «Եվրոպան մտածում է Վրաստանի վիզային ռեժիմը վերականգնելու մասին. ԵՄ մեկնողները պետք է «նախնական թույլտվություն» ստանան» վերնագրով։ Այս լուրը, որը ակտիվորեն վերատպվել էր…


24 նյութ մեկ օրում․ Regnum-ը գրոհում է Լիտվան

Ռուսական մամուլը հոկտեմբերի 20-ին լրատվական արշավ էր սկսել Լիտվայի Հանրապետության դեմ։ Մեկ օրվա ընթացքում Regnum լրատվական գործակալությունը Լիտվային առնչվող բազմաթիվ նյութեր է հրապարակել, որոնցում ապատեղեկատվություն տարածելով դեմոնիզացնում է այս պետությանը։…