Վիգեն Սարգսյանի սուտը` իր ծառայության և առաջարկվող նախագծի մասին

30.10.2017 | 16:06

Հոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Զինապարտության և զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նշել էր․ «Երկար ժամանակ հասարակությունում քննարկվում էր, թե արդյո՞ք պաշտպանության նախարարը ծառայել է, թե՞ չի ծառայել։ Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է բոլոր իր համաքաղաքացիներին: Այսինքն, ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական սպայական ծառայության, ավարտից հետո՝ սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն։ Ես դրա մեջ որևէ խնդիր չեմ տեսնում»։

Այս ամենը թերևս զավեշտալի է, եթե հաշվի առնենք, որ Վիգեն Սարգսյանը 2000-2003 թվականներին ՀՀ զինված ուժերում իր ծառայության ընթացքում եղել է ՀՀ պաշտպանության նախարարի ռեֆերենտ։ Վիգեն Սարգսյանի առաջարկած «Պատիվ ունեմ» ծրագիրը, որը պետք է  հնարավորություն տա բոլորին ծառայել այնպես, ինչպես ինքն է ծառայել, ենթադրում է, որ բոլոր ուսանողները, ովքեր համապատասխանում են պահանջներին և ցանկանում են, կարող են ծառայել ոչ թե որպես ժամկետային զինծառայողներ երկու տարի, այլ ուսումն ավարտելուց հետո երեք տարի՝ որպես սպա:

Այդուհանդերձ, Վիգեն Սարգսյանը ստում է երբ պնդում է, որ այս նախաձեռնությունը հնարավորություն կտա բոլորին ծառայել այն տեսքով, որով ինքն է ծառայել։ Խնդիրն այն է, որ պաշտպանության նախարարի ռեֆերենտների թիվն անհամար չէ, հետևաբար այն արտոնյալ ֆորմատով, որով ծառայել է Վիգեն Սարգսյանը կծառայի լավագույն դեպքում ընդամենը մի քանի հոգի։

Հոկտեմբերի 26-ին ԱԺ ամբիոնից ՊՆ նախարարը հայտարարել էր․ «Ինչպես ես երեկ նշեցի, ունենալով սպայի կոչում և երեք բարձրագույն կրթություն, ես ծառայության անցա որպես սպա, ոչ թե շարքային։ Այսօր էլ ցանկացած նորակոչիկի, ով կգա ծառայության երեք բարձրագույն կրթությամբ՝ ստացված երեք տարբեր երկրների առաջատար բուհերում, առաջարկում եմ հանրայնորեն այս ամբիոնից ծառայություն գլխավոր շտաբում կամ պաշտպանության նախարարության վարչական ապարատում»։

Սակայն բանն այն է, որ Վիգեն Սարգսյանի առաջարկած  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագիծը ուսման շարունակման հիմունքով տարկետում ստանալուն վերաբերող 22-րդ հոդվածի 3-րդ մասում կտեսնենք, որ պարտադիր զինվորական ծառայության հայտարարված զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում տրվելու է միայն «Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև միջպետական համաձայնագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետությունում գործող բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին»։

Այլ կերպ ասած, տարկետում տրվելու է միայն առաջին գիտական աստիճանի՝ բակալավրիատի կամ դրան համարժեք դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրերի համար, այն էլ միայն Հայաստանում գործող բուհերում սովորելու համար։ Իսկ դա անհնար է դարձնում երեք տարբեր բուհերում սովորելը։

Այսինքն, քանի դեռ Վիգեն Սարգսյանը խոստանում է «3 տարբեր երկրների առաջատար բուհեր» ավարտած ուսանողներին սպայական ծառայություն անցնել ՊՆ-ում կամ Գլխավոր շտաբում, նրա առաջարկած նախագծով զորակոչիկները ունենալու են առավելագույնը մեկ բարձրագույն կրթություն: Իսկ ինքը՝ նախարար Սարգսյանը, չէր կարողանա ծառայությունից առաջ 3 կրթություն ստանալ, եթե իր զինապարտության օրոք գործեր այժմ առաջարկվող օրենքը:

Հ.Գ. Նշենք, որ ռեֆերենտի պաշտոնը հիմնականում ենթադրում է զեկույցներ և ճառեր գրել։ Հետևաբար, երբ Վիգեն Սարգսյանը նշում է, որ հպարտ է իր ծառայության տարիներով, ապա հարց է ծագում, թե այդ ծառայության ո՞ր մասով՝ քաղաքացիական գրասենյակային աշխատանքից չտարբերվող աշխատանքային պարտականություններով է նա հպարտ, թե՞ այդ տարիներին իր իսկ մասնագիտական ոլորտում ներգրավված լինելու շնորհիվ իր ստացած կրթության ոլորտում պրակտիկ գիտելիքի պաշարի կուտակմամբ։






Կարդացեք նաև։

Հ1-ը լռում է զինծառայողի վիրավորման հանգամանքների մասին

Վերջին օրերին հայկական ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում հայտնվեց նախկին զինծառայող Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ գումարի հանգանակության կազմակերպումը։ Դրամահավաքին միանալու կոչ էր արել էր նաև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Սարգսյանի կոչից…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


«Ես եմ»-ով 5 մլն դրամ պատվովճարի միակ հիմքը Պաշտպանության նախարարի բանավոր խոստումն է

Ապրիլին տեղի ունեցած «Ազգ-բանակ 2017» համաժողովին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց նախարարության «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը։ Ծրագրերը սկսեցին գործել 2017 թվականի ձմեռային զորակոչի  մեկնարկի հետ՝ նոյեմբերին։ Մի քանի…


ԵՊՀ ռեկտորը սուտ է տարածում ակտիվիստ ուսանողների մասին

«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներ Դավիթ Պետրոսյանը և Յուրի Ավագյանը այսօր հացադուլ և դասադուլ են հայտարարել՝ փակվելով ԵՊՀ Ֆիզիկայի ֆակուլտետի լսարաններից մեկում։ Նախաձեռնության համակարգողը՝ Դավիթը, այսպես բացատրեց իրենց որոշումը, –…