Հանը չի հայտարարել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ուշացման մասին

27.10.2017 | 16:08

Հոկտեմբերի 26-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» մամուլի հաղորդագրություն է հրապարակել, որում հայտնում էր Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի ստորագրման հնարավոր ուշացման մասին:

«Հանը, պատասխանելով Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչների հարցերին, ասել է, որ Հայաստան-ԵՄ համաձայնագիրը միարժեքորեն ստորագրվելու է։  Միաժամանակ պարոն Հանը չի բացառել, որ դա կարող է լինել ոչ թե նոյեմբերի վերջին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովին, այլ ավելի ուշ», – ասվում էր հաղորդագրության մեջ: Նման բովանդակությամբ մեկնաբանություններ տեղական որոշ լրատվամիջոցների տվել է նաև ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Սակայն Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացքող ԱլԳ քաղաքացիական հասարակության  ֆորումին, խոսելով ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի մասին, չէր հայտարարել, որ դրա ստորագրումը կարող է ուշանալ:

«Ի սկզբանե կուզեի հստակեցնել, որ Հայաստանի հետ համաձայնագիրը կստորագրվի։ Սրա վերաբերյալ կասկած չկա և ես կարծում եմ, որ վստահաբար դա տեղի կունենա գագաթնաժողովի ընթացքում կամ դրա շրջակայքում։ Սա պարզ է և դրա վերաբերյալ որևէ կասկած չկա»,ասել է պաշտոնյան՝ պատասխանելով «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանի համապատասխան հարցին [23:15-ից]։

Ավելի ուշ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոր հաղորդագրություն է հրապարակել, որում հայտնել է նախորդ հայտարարության մեջ անճշտության մասին՝ «պայմանավորված սխալ թարգմանությամբ»: Որպես պայմանագրի ստորագրման ժամկետ Հանն օգտագործել էր «around the summit» արտահայտությունը, ինչն էլ կարող է հանդիսանալ նման շփոթմունքի պատճառը: ԵՄ պաշտոնյայի այս ձևակերպումը բառացի թարգմանվում է «գագաթնաժողովի շրջակայքում», ինչը սակայն դեռ չի նշանակում, որ այն կարող է լինել ավելի ուշ:

Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրված տեքստը հրապարակեց հոկտեմբերի 13-ին: Կողմերը նախատեսում են ստորագրել այն նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում կայանալիք ԵՄ Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովին կամ, ինչպես Հանն է հայտարարել, «գագաթնաժողովի շրջակայքում»:

 






Կարդացեք նաև։

Սերժ Սարգսյանի ու ռուսական ռադիոկայանի համատեղ ապատեղեկատվությունը

Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսական Business FM ռադիոկայանին: Պատասխանելով Հայաստան-Ռուսաստան ներկա հարաբերությունների, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության ինտեգրացիոն քաղաքականության վերաբերյալ հարցերին՝ Սարգսյանը խոսել է նաև այս ամիս Եվրամիության հետ…


Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…


Նալբանդյանը լռում է խնդիրների մասին

ՀՀ արտաքին գործերի նախարար ն.գ. պարոն Էդվարդ Նալբանդյանը հունիսի 19-ին Լյուքսեմբուրգում մասնակցեց ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը: Այս հանդիպման շրջանակներում ունեցած իր ելույթում նա նշել էր. «Ապրիլին…


Նալբանդյանը «մոռացավ» Հայատան-ԵՄ տապալված համաձայնագիրը

Հունվարի 31-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդես եկավ 2016 թվականի ամփոփիչ ասուլիսով, որի ժամանակ խոսեց նաև այլ երկրների հետ հարաբերությունների խորացման վրա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության ազդեցության մասին: «ԵԱՏՄ…