«Արմենիա TV»-ն Մոլդովայում նոր նախագահ է հռչակել

26.10.2017 | 16:30

Հոկտեմբերի 24-ին «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվականը ռեպորտաժ է հրապարակել, որում պատմում է Մոլդովայի խորհրդարանի խոսնակի՝ ինքն իրեն նախագահ հռչակելու մասին:

«Մոլդովայում խորհրդարանի խոսնակն ինքն իրեն հայտարարել է երկրի նախագահ` Իգոր Դոդոնի փոխարեն: Առաջին հրամանագիրն արդեն ստորագրված է: Նշանակվել է երկրի նոր պաշտպանության նախարարը», – ասվում է ռեպորտաժում: Այնուհետև հեռուստաընկերությունը պատմում է, թե Մոլդովայի «խորհրդարանը դիմել է Սահմանադրական դատարան՝ պահանջելով դադարեցնել նախագահի լիազորությունները…»: Սակայն այս տեղեկատվությունները կարող են ապակողմնորոշողել մարդկանց:

Իրականում, նույն օրը՝ հոկտեմբերի 24-ին, Մոլդովայի պաշտպանության նախարար նշանակվեց Եվգենի Ստուրզան: Բանն այն է, որ Մոլոդվայի պաշտպանության նախարարի պաշտոնն ազատ էր 2016 թվականի դեկտեմբերից: Նախորդ նախարար Անատոլի Շալարուին Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը պաշտոնից ազատել էր նախորդ տարվա դեկտեմբերի 27-ին: Արդեն այս տարվա սեպտեմբերին  Մոլդովայի վարչապետը Դոդոնին առաջարկել էր Ստուրզայի թեկնածությունը, սակայն Դոդոնը մերժել էր այն՝ հայտարարելով, որ բարձր պատասխանատվություն ենթադրող այդ պաշտոնում «պատահական մարդու» չի նշանակի: Երկրորդ անգամ Ստուրզայի թեկնածությունը ներկայացնելուց և մերժում ստանալուց հետո կառավարությունը դիմել էր Սահմանադրական դատարան՝ հստակեցնելու պայմանները, որոնց դեպքում արդարացված է երկրի նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարումը երկրի պաշտպանության նախարար նշանակելու համար:

Մոլդովայի ՍԴ-ի կայացրած վճռի համաձայն՝ երկրի վարչապետին կամ խորհրդարանի խոսնակին թույլատրվել էր նշանակել երկրի պաշտպանության նախարարին և ընդունել նրա երդումը: Սակայն, սա դեռ չի նշանակում, որ Սահմանադրական դատարանը դադարեցրել է Դոդոնի լիազորությունները, ինչպես ներկայացված է «Արմենիա TV»-ի ռեպորտաժում:

Ստուրզանի երդման արարողությանը, պաշտոնական հաղորդագրության համաձայն, մասնակցել է նաև «Մոլդովայի նախագահի պարտականությունները կատարող Ադրիան Կանդուն (խմբ․Մոլդովայի խորհրդարանի խոսնակ), ով ստորագրել է նախարարի նշանակման հրամանը»: Բայց Կանդուն այդ պարտականությունները կատարում էր միայն այս՝ առանձին դեպքի համար, և նա ինքն իրեն նախագահ չի հռչակել:

«Առաջին հրամանագիրն արդեն ստորագրված է, նշանակվել է երկրի պաշտպանության նոր նախարարը» հայտարարությունը ևս տպավորություն է ստեղծում, թե Կանդուն այլևս երկրի նախագահն է և այս նախարարի նշանակում այդ պաշտոնում նրա առաջին որոշումն էր: Մինչդեռ վերջինս շարունակում է մնալ իր՝ խորհրդարանի խոսնակի պաշտոնում, իսկ «Արմենիա TV»-ի ռեպորտաժը ապատեղեկատվություն է՝ լի չափազանցություններով և փաստերի աղավաղմամբ:






Կարդացեք նաև։

Ռուսական «Զվեզդայի» կեղծ «Կանխատեսումները» Հայաստանի մասին

Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Զվեզդա» դաշնային հեռուստաընկերությունը  «Կանխատեսումներ» («Прогнозы») հաղորդման նոյեմբերի 19-ի թողարկման շրջանակներում անդրադարձել է նոյեմբերի վերջին ՀՀ-ԵՄ նոր համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարելով, թե Հայաստանը պատրաստվում է մտնել Եվրամիություն։ «Եվրամիություն է պատրաստվում…


Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


«Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

ԱՊՀ երկրների համար միջպետական նշանակություն ունեցող ռուսալեզու «Միր» հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը գոյանում է նաև ՀՀ հարկատուների հաշվին, կեղծ հեռուստառեպորտաժ է հեռարձակել Վրաստանի կոմունալ ծառայությունների առաջացրած խնդիրների մասին` խեղաթյուրելով իրականությունը: Օգտագործելով…


Ուկրաինայի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցության դադարեցման մասին կեղծ տեղեկություններ են տարածվել

Մայիսի 17-ին ռուսական «Zvezda» հեռուստաընկերությունը տեղեկություն տարածեց, իբրև Ուկրաինան խզում է երկաթուղային հաղորդակցությունը Ռուսաստանի հետ: Անդրադառնալով դրան՝ ուկրաինական StopFake կայքը հայտարարեց, որ տեղեկությունը կեղծ է, որպես ապացույց բերելով պաշտոնական Կիևից…