Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

19.10.2017 | 11:35

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։

Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ աչքի ընկան հիմնականում ռուսական լրատվականներից երկուսը՝ Sputnik-ը և Regnum-ը։

«ԵՄ-ի հետ համաձայնագիրը` Հայաստանի անվտանգության սպառնալիք. Երևանը կզրկվի՞ ատոմակայանից», կամ «Աղմուկ` ատոմակայանի շուրջ. Հայաստանը չի դիմանա նոր մութ ու ցուրտ տարիների»։ Այսպիսի վերնագրերով հանդես եկավ Sputnik գործակալության հայկական ծառայությունը։ Իսկ Regnum գործակալությունը հայտարարեց, որ ստիպելով փակել Մեծամորի ԱԷԿ-ը՝ ԵՄ-ն Հայաստանին պատանդ է դարձնում Թուրքիայի և Ադրբեջանի ձեռքին։

Իրականություն

Հայաստանի ատոմակայանի փակման անհրաժեշտության մասին խոսվել է դեռ 2008 թվականի հոկտեմբերի 2-ին։ Այդ ժամանակ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանը Ագզային ժողովի ամբիոնից հայտարարեց նոր ատոմակայանի կառուցման մեկնարկի մասին։

Արդեն 2011 թվականին ճապոնական «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած վթարից հետո կառավարությունը հայտարարեց՝ Մեծամորի ԱԷԿ-ը կշահագործվի մինչև 2016 թվականը։

Սերժ Սարգսյանի խոստումից անցել է արդեն 9,5 տարի, սակայն Հայաստանը այդպես էլ չունեցավ նոր ատոմակայան, իսկ 1980 թվականից գործող, ռուսական կառավարման հանձնված Մեծամորի ատոմակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործումը որոշվեց երկարաձգել մինչև 2026 թվականը։

Ակնհայտ է՝ որևէ մեխանիզմ չի կարող գործել հավերժ, Մեծամորի ատոմակայանը վաղ թե ուշ փակվելու է, և ինչ-որ պահից դրա շահագործումը պայմանավորված կլինի ռիսկերով (ինչը անթույլատրելի է)։

Ինչի՞ մասին լռեց մամուլը

Համաձայնագրի՝ ատոմակայանի փակման մասին դրույթում, միաժամանակ նշվում է, որ պետք է հաստատել ճանապարհային քարտեզ, կամ գործողությունների պլան, որը նախատեսում է փոխարինել Մեծամորի ատոմակայանը ՀՀ էներգետիկ անվտանգությունն ու կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար անհրաժեշտ նոր հզորություններով: Այսինքն, որևէ «մութ ու ցուրտ» տարիների մասին, ինչպես ներկայացնում է Sputnik-ը, խոսք անգամ գնալ չի կարող։

Ընդ որում, համաձայնագրով որևէ կերպ չի բացառվում, որ Հայաստանը կարող է նոր ատոմակայան կառուցել: Հակառակը, համաձայնագրով եվրոպական կողմը պարտավորություն է ստանձնում աջակցելու Հայաստանում միջուկային անվտանգությանը: Այսինքն, նոր ատոմակայանի կառուցման դեպքում դրա անվտանգության հետ կապված հարցերում Հայաստանը վայելելու է ԵՄ աջակցությունը:

Ավելին, Հայաստան-ԵՄ համաձայնագրում որևէ խոսք չկա փակման ժամկետների մասին: Ընդամենը նշվում է, որ կողմերը համագործակցելու են այդ պրոցեսը առավել անվտանգ իրականացնելու նպատակով: Այսինքն, եվրոպական կողմը, չքննարկելով փակման ժամկետները, ընդամենը նշում է, որ օգնելու է Հայաստանին՝ առավել անվտանգ իրականացնել ատոմակայանի կանգնեցման թանկ և  բարդ գործընթացը:

Այլ տեղեկություններ

Մեծամորի ատոմակայանը ունի երկու էներգաբլոկ, որոնք կառուցվել են 1960-70թթ․ նախագծված ВВЭР-440/270  տեսակի սեյսմակայուն ռեակտորների հիման վրա: Առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 22-ին, երկրորդը`1980 թվականի հունվարի 5-ին: Ներկայումս առաջին էներգաբլոկը դե ֆակտո չի շահագործվում, 2-րդ էներգաբլոկն ապահովում է հանրապետությունում սպառվող էլեկտրաէներգիայի 40% -ը:

ВВЭР-440 սերնդի էներգաբլոկները տեղադրվել էին նաև Նովովորոնեժի (ՌԴ), Կոլսկի (ՌԴ), Կոզլոդույի (Բուլղարիա), Գրայֆսվելդի (Գերմանիա) և Բոգունիցի (Սլովակիա) ատոմակայաններում: Գերմանիան դրանք  շահագործումից հանեց 1990 թվականին, Բուլղարիան՝ 2006-ին, իսկ Սլովակիան՝ 2008 թվականին: Այդ 3 երկրներում շարունակեցին գործել ատոմակայաններ, բայց ավելի նոր ու անվտանգ:

Ռուսաստանում Նովովորոնեժի ատոմակայանի ВВЭР-440/230 երկու էներգաբլոկներից մեկը փակվել է 2016-ին, մյուսը կփակվի 2017-ի ընթացքում, իսկ Կոլսկի ատոմակայանի այդ մոդելի երկու էներգաբլոկները փակվելու են 2018 և 2019 թվականներին:

Այսինքն, 2019 թվականին Հայկական ԱԷԿ-ը հավանաբար կդառնա միակ ատոմակայանը, ուր դեռևս կգործի այս սերնդի էներգաբլոկ: Այդ մասին մանրամասն՝ այստեղ:

Նշենք նաև, որ Մեծամորի ատոմակայանը չունի պաշտպանիչ գմբեթ, ինչը ոչ միայն առավել խոցելի է դարձնում այն ահաբեկչական հարձակումների նկատմամբ, այլև առավել ծանր կդարձնի ռեակտորի հնարավոր պայթյունի հետևանքները:






Կարդացեք նաև։

Hraparak.am-ը մանիպուլացնում է

Հրապարակ կայքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծննդյան օրվա հետ կապված նյութ է հրապարակել, որտեղ որոշակի մանիպուլատիվ գործիքներ են կիրառվել։ Վիճահարույց է հիմնականում նյութի վերնագիրը և նկարը։ Վերնագիր «ՄԵՆՔ ԱԶԵՐԻ ՉԵՆՔ, ՈՐԻ…


Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրը կեղծ է

Մայիսի 9-ին մի քանի լրատվական կայքեր տեղեկություն տարածեցին այն մասին, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է այդ պաշտոնում։ Տեղեկության մեջ մասնավորապես նշված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր…


Վերջին շրջանի ամենատարածված ապատեղեկատվությունները

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության պաշտոնավարման արդեն երկու շաբաթ է զուգորդվում է դեզինֆորմացիայով և մանիպուլյատիվ հրապարակումներով։ Կեղծ տեղեկություններ տարածվում են ինչպես համացանցում՝ ֆեյք…