Բաբուխանյանը գնահատում է Ղրղզստանի նախագահական ընտրությունները. այլ իրականությունում

17.10.2017 | 23:22

Հոկտեմբերի 15-ին Ղրղզստանում կայացած նախագահական ընտրությունների արդյունքում երկրի նախագահ ընտրվեց նախկին վարչապետ Սոորոնբայ Ժեենբեկովը: Պաշտոնական տվյալների համաձայն՝ քվեների 54,3 տոկոս մեծամասնությամբ հենց 58-ամյա Ժեենբեկովին է բնակչությունը վստահել նախագահական աթոռը: Նա գործող նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ղեկավարած սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից է,  նրա հետևորդը և համախոհը համարվող քաղաքական գործիչ: Ժեենբեկովը նաև խոստացել է «շարունակել Աթամբաևի ճանապարհը», ով այլևս իրավունք չուներ իր թեկնածությունն առաջադրել այս ընտրություններում:

Ղրղզստանի Ընտրությունների և հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի տվյալների համաձայն՝  ընտրություններին մասնակցել են 780 միջազգային դիտորդներ 58 պետություններից: Ընտրություններին հետևել է նաև ԱՊՀ Ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտը: Այս դիտորդատկան խմբի կազմում Ղրղզստանի ընտրություններին որպես դիտրոդ ներկայացված է եղել նաև ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը:

Վերջինս «Սպուտնիկ Ղրղզստան» ռադիոկայանին հարցազրույց է տվել, որում, որպես դիտորդ, տեղի ունեցած ընտրությունները որակել է «ազնիվ և արդար»:

«Կարևորն այն է, որ մարդն իր կամքի արտահայտման և ընտրություններին մասնակցության լիակատար ազատություն ունի: Այդուհանդերձ, ընտրությունները թափանցիկ են, ազնիվ և արդար: Եվ ժողովրդի ընտրությունը բարձրագույն ձգտում է հանդիսանում ամբողջ հասարակության և ինքնին իշխանության համար», – հայտարարել է Բաբուխանյանը ռադիոկայանի եթերում: Բաբուխանյանի մեկնաբանությունը վերահրապարակել է նաև «Սպուտնիկի» հայկական ծառայությունը:

Բանն այն է, որ Բաբուխանյանի «արդար» ու «թափանցիկ»  որակած ընտրություններին, դրանց անցկացումից մեկ օր անց ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը բոլորովին այլ գնահատական տվեց:

Համաձայն կառույցի հրապարակած զեկույցի՝ թեև հոկտեմբերի 15-ին կայացած ընտրությունները «ապահովել են կանոնավոր կերպով իշխանության փոխանցումը, սակայն հանրային ռեսուրսների չարաշահումը, ճնշումներն ընտրողների նկատմամբ և քվեների վաճառքը շարունակում են մտահոգիչ մնալ»: Զեկույցում նշված է, որ ընտրությունների տեխնիկական մասը եղել է լավ կազմակերպված, բայց ընտրական վիճաբանությունների վերաբերյալ Ընտրությունների կենտրոնական հանձանաժողովի որոշումները ժամանակ առ ժամանակ ոչ օբյեկտիվ են եղել, մեդիայում ինքնագրաքննությունը և սահմանափակ խմբագրական լուսաբանումն ի ցույց են դրել մամուլի ազատության հարցում առկա թերացումները, բազմաթիվ և էական գործընթացային խնդիրներ են նկատվել ձայների հաշվարկի ընթացքում:

Հետևաբար, Բաբուխանյանի «ազնիվ և արդար» ընտրություններն առավելագույն դեպքում կարող են նրա սուբյեկտիվ և իրականությունն ամբողջությամբ չարտացոլող կարծիքը լինել:

Իսկ ԱՊՀ Ժողովրդավարության զարգացման մոնիթորինգի միջազգային ինստիտուտը, որում ԱԺ պատգամավորը ներկայացրել է Հայաստանը, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական ասամբլեայի կառույցներից մեկն է: Չնայած վերոհիշյալ խախտումներին՝ Ղրղզստանի նախագահական ընտրութունների վերաբերյալ ամփոփիչ մամուլի ասուլիսի ընթացքում այս կառույցի դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ այդ երկրում նախագահի ընտրություններն «անցել են այլընտրանքային հիմքով, եղել են ազատ, բաց, մրցակցային և թափանցիկ»:

Առհասարակ, ԱՊՀ դիտորդական առաքելությունը նման ձևակերպումներ տալիս է կառույցի անդամ երկրներում կայացող բոլոր ընտրությունների վերաբերյալ: 2015-ի դեկտեմբերի 5-ին Հայաստանում Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեից հետո առաքելությունը դրա անցկացումը «ազատ և բաց» էր որակել, մինչդեռ հասարակությունն անձամբ ականատես դարձավ դրա ընթացքում գրանցված բռնություններին, ընտրողների նկատմամբ ճնշումներին ու զանգվածային ընտրախախտումներին:






Կարդացեք նաև։

Սերգեյ Շաքարյանցի «Դավադրությունների տեսությունը» ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին

Փետրվարի 8-ին, քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը ռուսական «Սպուտնիկ» լրատվական գործակալության հետ իր հարցազրույցում մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ «ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ-ն բացասական դեր է կատարում, Արցախը Միացյալ Նահանգների համար…


Ինչպե՞ս է Russia Today-ը խաբում Facebook-ի հայաստանցի օգտատերերին

Հոկտեմբերի վերջին Twitter սոցիալական ցանցն արգելեց ռուսական Russia Today հեռուստաընկերությանը և «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը գովազդներ տեղադրել իր ցանցում։ Արգելքի հիմքում այս երկու լրատվամիջոցների «միջամտությունն» է 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին։…


Սուտ ԱԺ ամբիոնից ակտիվիստների և քաղ. հասարակության մասին

Նոյեմբերի 14-ին, ելույթ ունենալով Ազգային ժողովում, Հանրապետական խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը հայտարարել է «Սորոսի հիմնադրամից» («Բաց Հասարակության հիմանադրամների») ֆինանսավորվող ՀԿ-ները «փակելու» անհրաժեշտության մասին։ Բաբուխանյանը կազմակերպությանը մեղադրել է տարկետման վերացման դեմ…


Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից (անիմացիոն տեսանյութ)

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…