Ապատեղեկատվություն ՀՀ-ում ԱՄՆ կենսաբանական զենքի մասին

24.11.2016 | 17:52

Այսօր որոշ հայկական լրատվամիջոցներ, լուսաբանելով «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովը, հանդես եկան հրապարակումներով՝ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների «կասկածելի» նպատակների մասին։ Նույն նյութը նաև տարածվել է «Արարատ» հեռուստաընկերության կողմից։

Մասնավորապես, նշված աղբյուրներում ասվում է, որ ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները կարող են կենսաբանական զենք ստեղծել և օգտագործել ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ։

«Այդ լաբորատորիաներն ունեն երկակի նշանակություն, այսինքն՝ կարող են օգտագործվել նաև կենսաբանական պատերազմներ վարելու համարՀետևաբար, այդ կենտրոնները հանդիսանում են սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը, եթե դրանք  «X» ժամին կամ որոշակի պահից հետո ԱՄՆի կողմից օգտագործվեն ՌԴ ռազմավարական դաշնակից Հայաստանի բնակչության դեմ…»,- մասնավորապես, ասվում է այդ հրապարակումների մեջ։

bioarms-1

Հայաստանի Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայաթյանը նման պնդումների մասին լսելիս զարմանք հայտնեց և ժամանակ խնդրեց տեղեկատվությունը ստուգելու համար։ Քիչ անց նախարարությունից միանշանակ հայտնեցին, որ վերը բերված պնդումները որևէ կերպ չեն համապատասխանում իրականությանը։

Կապվեցինք նաև ԱՆ «Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) հետ։ Այստեղից ևս միանշանակ հայտնեցին, որ այդ պնդումներն անհեթեթություն են։

Ավելին, այդ ՊՈԱԿ-ում և դրա բոլոր (այդ թվում՝ խնդրահարույց) լաբորատորիաներում աշխատում են բացառապես հայաստանցիներ: Ամերիկացիներ, կամ, առավել ևս, ամերիկացի զինվորականներ այդ կենտրոններում չկան և չեն եղել:

Անդրադառնալով խնդրին, նկատենք, որ կարծես թե՝ Միացյալ Նահանգները երբեք Հայաստանին որպես թշնամի պետություն չեն դիտարկել, իսկ Հայաստանը, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ի գործընկեր երկիր է։

Հավելենք, որ վերջին 7 տարվա ընթացքում ԱՄՆ Միջազգային զարգացման գրասենյակի և Համաշխարհային բանկի կողմից անհատույց Հայաստանի առողջապահության ոլորտի ստացված գույքը, գումարային առումով, կազմել է 51 մլն ԱՄՆ դոլար:

ՀԳ. Նկատենք, որ խնդրո առարկա համաժողովը տեղի է ունեցել նույն շենքում, ուր տեղակայված է ռուսական Sputnik գործակալության հայաստանյան խմբագրությունը, իսկ խնդրո առարկա հրապարակումները, հիմնականում, տարածվել են ռուսամետ դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների կողմից։






Կարդացեք նաև։

Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։ Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ…


ԶԼՄ-ներին ապակողմնորոշող լուր են տարածում Հայաստանի «ազատության ցուցանիշի» վերաբերյալ

Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։ «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության…


Ռուբլին չի թանկացել

Դեկտեմբերի 14-ին «Իրավունք» օրաթերթի կայքէջը և Շաբաթ․am լրատվականն ապատեղեկատվություն են տարածել ռուսական ռուբլու թանկացման մասին։ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ նախորդ օրվա համեմատ ռուսական արտարժույթը մնացել է նույնը։ Իսկ դեկտեմբերի…


Ահաբեկիչներից հակաահաբեկիչներ. Պուտինի ինքնահակասությունները Թուրքիայի հարցում

Նոյեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցավ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի նախագահների եռակողմ հանդիպումը: Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Հասան Ռոհանին հիմնականում քննարկել են Սիրիական ճգնաժամը, դրա լուծման քաղաքական բաղադրիչը, իրավիճակը…