Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

12.10.2017 | 19:11

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։

Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը

Սարսափ ներշնչող վերնագրով այս նյութում, սակայն, հեղինակը անդրադառնում է «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրինագծի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին։

«․․․Եթե օրենքն ընդունվի, ապա պետք է սպասել, որ կավելանան երեխաների բռնության բացահայտման դեպքերը, հետևաբար որոշակիորեն կավելանա նաև այն երեխաների քանակը, որոնց պետք է խլել անհաջող ընտանիքներից և հանձնել նրանց մանկատներ»։

Նշենք, որ ի հեճուկս հեղինակի պնդումների, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 59-րդ հոդվածով արդեն սահմանված է, թե որ դեպքերում ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից։ Մասնավորապես, ծնողները կարող են զրկվել իրենց ծնողական իրավունքներից, եթե դաժանաբար են վարվում երեխայի հետ, ենթարկում են ֆիզիկական կամ հոգեկան բռնության, կամ սեռական ոտնձգության և այլն։

Սակայն, մի կողմ թողնելով նյութի բովանդակային մասը, անդրադառնանք դրա ձևին։ «Սպուտնիկում» օգտագործվում են հոդվածների հետ որևէ աղերս չունեցող վերնագրեր մարդկանց մեջ նախնական կարծիք ձևավորելու համար, քանի որ սուղ ժամանակի պատճառով մարդիկ հաճախ կարդում են միայն հրապարակումների վերնագրերը, լավագույն դեպքում 1-2 պարբերություն ևս։

Այսպես, ինցեստ-շքերթների (լատ. Incestus – ներընտանեկան սեռական հարաբերություններ) մասին վերնագիրը և դրա հանդեպ ընթերցողի բացասական վերաբերմունքը պրոյեկտվում է այն ինֆորմացիայի վրա, որը տրվում է հաջորդիվ, այս դեպքում «Ընտանեկան բռնության կանխարգելման» օրենքի նախագծի վրա։

Սիդորովն` Ադրբեջանին զենք վաճառելու մասին. «Գուցե դրանում ինչ-որ դրական կողմ կա»

«Սպուտնիկի» այսօրվա մեկ այլ հրապարակում ևս պարունակում է ապատեղեկատվություն։ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը հայտարարել է․ «Մի լավ ասացվածք կա՝ սուրբ տեղը դատարկ չի մնում։ Եթե Ադրբեջանը մտադիր է սպառազինություն գնել, ապա նա կգտնի այն․․․ գուցե դրանում (Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու հարցում) ինչ-որ դրական կողմ կա»։

Սակայն ինչքան էլ Մոսկվայից հայտնեն, թե առևտուրն ընդամենը բիզնես է, քաղաքականություն չկա և այլն, հայ հասարակությունը 2016 թվականի ապրիլին քաջ գիտակցեց, որ հենց ռուսական զենքից են մահանում հայ զինվորները և այդ առևտրի մեջ չի կարող որևէ դրական բան լինել հայկական կողմի համար։

Այսպիսով, ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսների միջոցով պարբերաբար փորձ է կատարվում հայ հանրության համար արդարացնել Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի մատակարարումը։

Հայաստանը Ռուսաստանից խոշոր օգնություն ստացողների առաջին եռյակում է

«Սպուտնիկը» իր հոդվածի սկզբում հղում տալով «Վեդոմոստին»՝ գրում է․ «Վերջին 12 տարվա ընթացքում ՌԴ-ից ամենաշատ օգնություն ստացողներն են Հայաստանը (323 մլն դոլար, 2015 թ.) և Տաջիկստանը (21.7 մլն)»:

Սակայն հոդվածը մինչև վերջ կարդալով, պարզ է դառնում, որ Ռուսաստանից Հայաստանին հատկացված օգնությունը ոչ թե 323 մլն դոլար է, այլ 37,3 մլն դոլար, իսկ ամենաշատ՝ 323 մլն դոլար օգնությունը, ստացել է Ղրղզստանը։

Համեմատության համար հարկ ենք համարում նշել նաև, որ օրինակ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը 25 տարվա ընթացքում Հայաստանին տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար օժանդակություն։

Այսպիսով, «Սպուտնիկ» գործակալությունը իր տրմադրության տակ գտնվող պրոպագանդայի տարածման ողջ գործիքակազմը կիրառում է Հայաստանի հասարակությանը ապակողմնորոշելու նպատակով։






Կարդացեք նաև։

Լրատվական թյուրիմացություն` Նազարբաևի և Թրամփի ստորագրած պայմանագրերի մասին

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ պաշտոնական այցով մեկնել է ԱՄՆ։ Այցի ընթացքում Նազարբաևը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, ինչպես նաև պաշտոնական և գործարար շրջանակների մի շարք ներկայացուցիչների հետ: Կողմերի…


Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ: Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…


Ռուսական «НТВ»-ի ստերը Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին

ՀՀ-ԵՄ «Համապարփական և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի ստորագրումը դարձել է վերջին օրերի ռուսական քաղաքական թոք շոուների քննարկման հիմնական թեմաներից մեկը։ Դաշնային «НТВ» հեռուստաընկերության «Հանդիպման վայր» (Место встречи) հաղորդման նոյեմբերի 28-ի թողարկումն…