Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

11.10.2017 | 18:30

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը մարիխուանայի վաճառքի օրինականացմանն է վերաբերում:

Նախորդ ամիս, խոսելով Հայաստանի հետ վիզային ռեժիմի հնարավոր ազատականացման մասին, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին Հայաստանի իշխանություններին կոչ էր արել ժամանակ չկորցնել և կատարել «տնային աշխատանքը»՝ նախապատրաստվելու միության հետ վիզաների ազատականացմանը: Սվիտալսկին հիշատակել էր Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի օրինակները:

Այս հայտարարությունից երկու շաբաթ անց «Հրապարակը» իրեն բնորոշ բառապաշարով «պարզել» է, որ Սվիտալսկին, իբր, նկատի է ունեցել նաև մարիխուանայի օրինականացումը:

«Պարզվում է՝ «տնայիններից» մեկն անչափ «կայֆոտ» է. ԵՄ-ի հետ վիզայի ազատականացման նախապայմաններից մեկն էլ մարիխուանա վաճառելու-«քաշելու» թույլտվությանն է վերաբերում», – գրում է օրաթերթն՝ առանց մանրամասնելու, թե որտեղից է պարզվում և առանց որևէ աղբյուր մատնանշելու:

Առհասարակ «Հրապարակը» հաճախ է աչքի ընկնում չհիմնավորված և ընդգծված չափազանցություններ պարունակող լուրերի տարածմամբ, սակայն այս անգամ հատկանշականն այն է, որ այս լուրն օրաթերթից որպես մամուլի տեսություն վերահրապարակել և տարածել են նաև tert.am, news.am, slaq.am, opertaiv.am, armday.am, shabat.am, armlur.am լրատվականները՝ իրենց հերթին «խիստ ուշագրավ» վերնագրեր հավելելով և տարածելով ապատեղեկատվությունը:

Թմրանյութերի օգտագործման օրինականացումը չի կարող Եվրամիության կողմից որևէ երկրի հետ վիզային ռեժիմի ազատականացման նախապայման լինել: Այն դեպքում, երբ այդ միության անդամներից շատերի տարածքում նույն մարիխուանայի վաճառքն ու կիրառումը ոչ բժշկական նպատակներով առ այսօր անօրինական է համարվում:

Ինչ վերաբերում է Վրաստանի օրինակին, որի մասին հիշատակում է «Հրապարակը»․ Թբիլիսին որոշակի սահմանափակումներով մարիխուանայի կիրառումը դատարանի կողմից օրինական համարեց նախորդ տարվա դեկտեմբերին: Վրաստանում մարիխուանայի օգտագործումն օրինականացվեց տեղի հասարակության երկարատև պայքարի և բողոքի ցույցերի արդյունքում, և օրենքը չի կարելի կապել Եվրամիության հետ վիզայի ազատականացման ռեժիմի հետ:

Իսկ Ուկրաինայում, որը ԵՄ-ի հետ վիզային ազատականացում գործարկած վերջին երկիրն է թմրանյութերի օգտագործումը՝ մարիխուանայի օգատգործումը, ապօրինի է և կանոնակարգվում է Ուկրաինայի քրեական օրենսգրքով: Այս հանգամանքը, ինչպես երևում է չի խանգարում ուկրաինացիներին առանց վիզայի հատել Եվրոպական միության սահմանները:

Թե ի՞նչ կապ ունեն Սվիտալսկու և ԵՄ-Հայաստան վիզայի ազատականացման ռեժիմի հետ «Հրապարակի» նյութում հիշատակված Կալիֆորնիայի հայերը և նրանց բիզնեսները ևս պարզ չէ:






Կարդացեք նաև։

Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային մեղադրել է Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեջ։ Պատասխանելով լրագրողների հարցրերին` պաշտոնյան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից հուշագրի խախտման հնարավորությունը և հայտարարել, որ Ուկրաինան է այն…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…


ԶԼՄ-ներին ապակողմնորոշող լուր են տարածում Հայաստանի «ազատության ցուցանիշի» վերաբերյալ

Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։ «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության…


Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և  հարմարավետ էլեկտրագնացք Հայաստանում այնուամենայինիվ լինելու է։…