Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

29.09.2017 | 12:01

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած նախագծին հանձնաժողովում կողմ քվեարկեց միայն նույն խմբակցության ներկայացուցիչը: Ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը չեղարկվեց:

 

Սակայն տեղական, ադրբեջանական և ռուսական մի շարք լրատվամիջոցներ հանձնաժողովի ստեղծման չեղարկումը ներկայացրել են որպես ԱԺ-ի կողմից ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ նախագծի չեղարկում:

Ապատեղեկատվությունը հիմնականում տարածվել է ռուսալեզու լրատվականների միջոցով: Rusarminfo.ru լրատվական կայքը լուր է հրապարակել, համաձայն որի «Հայաստանի Ազգային ժողովը չեղարկել է երկրի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու առաջարկը»: Կեղծ լուրը Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում տարածել է նաև Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Հայաստանում: Rusarminfo.ru-ին հղում անելով՝ կեղծ տեղեկատվությունը վերահրապարակել է նաև «Հայ ձայնը»: Նույն՝ իրողությունը խեղաթյուրող վերնագրով, հրապարակումներ են արել նաև voskanapat.info և times.am լրատվականները:

ԱԺ-ի կողմից նախագծի «չեղարկման» մասին ապատեղեկատվությունը տարածել են նաև «Ռիտմ Եվրազիի» ռուսալեզու կայքը և մի շարք ադրբեջանական լրատվականներ, այդ թվում day.az-ը և trend.az-ը՝ վերնագրերի միջոցով շփոթության մեջ գցելով ընթերցողին:

Նկատենք, որ Հայաստանի Հանրապետության մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ նախագծի քննարկում տեղի չի ունեցել նույնիսկ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում։ Այս հարցի քննարկումը հետաձգվել է երկու ամսով, ուստի և կարող ենք պնդել, որ վերոնշյալ կայքերը ապակողմնորոշում են հանրությանը։






Կարդացեք նաև։

Ատոմակայանի փակվելը կախված չէ ԵՄ-Հայաստան համաձայնագրից

Օրերս հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք շրջանակային համաձայնագրի տեքստը, որը բուռն քննարկման (նաև քննադատության) առիթ դարձավ։ Համաձայնագրի 386 կետերից ուշադրության կենտրոնում հայտնվեց թերևս մեկը՝  Մեծամորի ատոմակայանին վերաբերողը։ Բարձրագոչ հայտարարություններվ…


Ինցեստ-շքերթներ, Հայաստանին ռուսական օգնություն․ «Սպուտնիկի» ապատեղեկատվությունները

Ռուսական «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը վերջին օրերին հասարակական բարձր հնչեղություն ունեցող թեմաներով մի քանի նյութ է հրապարակել և ապատեղեկատվություն տարածել։ Հայաստանին ինցեստ-շքերթներ են սպասվում, կամ ո՞ւր կտանի մեզ ԼԳԲՏ–ի քարոզը…


Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


«Արարատ» հեռուստաընկերությունը արշավ է սկսել հասարակական կազմակերպությունների դեմ

«Արարատ» հեռուստաընկերությունը և որոշ ռուսալեզու լրատվամիջոցներ, վերջին ամսում արշավ են սկսել Հայաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպությունների դեմ: Եթերում և մամուլում տարածվող մի շարք ապատեղեկատվությունների շնորհիվ այս ԶԼՄ-ները փորձում են…