Հայկական ինքնահռչակ համույթը համերգ է տվել ինքնահռչակ Դոնեցկում

27.09.2017 | 12:20

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության», այսպես կոչված, Մշակույթի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, համաձայն որի Երևանի «Արարատ» երգի համույթը ելույթ է ունեցել Դոնեցկում:

«Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արարատ» երգի անսամբլը Դոնեցկում տվել է իր առաջին մենահամերգը մարտական գործողությունների մեկնարկից ի վեր», – ասվում է հաղորդագրության մեջ:

Սակայն, թեև անջատողականների հսկողության տակ գտնվող Դոնեցկում համերգ տված «Արարատ» համույթը հայկական է, այն Երևանը չի ներկայացնում: Մշակույթի նախարարությունում տեղյակ չեն ո՛չ համերգի, ո՛չ էլ անգամ վերոհիշյալ համույթի մասին: Խումբը, որի կազմում են մեկ մեներգչուհի և երեք երաժիշտներ, ըստ գերատեսչության հասարակայնության հետ կապերի բաժնի` կարող է «մասնավոր բիզնես» լինել: Այս խումբը նախկինում ևս հաճախ է համերգներով հանդես եկել Դոնեցկում, իսկ դրա մեներգչուհին 2002 թվականին արժանացել է դոնեցկյան «Ոսկե սկիֆ» մրցանակին և Դոնեցկը համարում է իր «հայրենիքի մի մասը»: Համաձայն մամուլի հրապարակումների՝ բարեգործական համերգը կազմակերպել է Դոնեցկի հայկական համայնքը: Համերգին ներկա է եղել մոտ երկու տասնյակ հանդիսատես:

Համույթի՝ Երևանը ներկայացնելու մասին ապատեղեկատվությունը  հրապարակել են ինքնահռչակ հանրապետության տարածքում գործող մի շարք այլ լրատվամիջոցներ ևս, այդ թվում «Նովորոսիա» տեղեկատվական գործակալությունը, Դոնեցկի նորությունների գործակալությունը: Լուրը տեղ է գտել նաև «Դոնեցկի ժողովրդական հանրապետության» պաշտոնական կայքէջում:

Տեղական որոշ լրատվամիջոցները, ինչպես օրինակ «Գորլովսկայա պրավդան», ելույթը ներկայացրել են որպես «Հայաստանի ժողովրդի նվերը Դոնեցկի բնակիչներին», սակայն պաշտոնապես Հայաստանը որևէ առնչություն չունի այս համերգի հետ:

Լուրը հրապարակել են նաև ռուսական որոշ լրատվամիջոցներ, այդ թվում «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականը: Հայկական լրատվամիջոցներից ապատեղեկատվություն պարունակող լուրը հրապարակել է vesti.am լրատվականը:

«Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունը» անջատողական շարժում է, որը ձևավորվել է 2014 թվականի ապրիլին Ուկրաինայի արևելքում և պաշտոնապես ճանաչված չէ որևէ պետության կողմից:






Կարդացեք նաև։

Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


Ինչպես է աշխատում լրատվական պրոպագանդան

Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք…


Քաղաքապետարանի չիրագործված ծրագրերը

Երևանի քաղաքապետարանը ամեն տարվա սկզբում ներկայացնում է բավականին հավակնոտ և գեղեցիկ զարգացման ծրագիր։ Տարեվերջին էլ պատշաճ կերպով հրապարակում է կատարված աշխատանքի հաշվետվությունը։ 2016 թվականի հաշվետվությունը անգամ հպանցիկ նայելիս պարզ է…


Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…