Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

13.09.2017 | 13:56

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։

Դեսպանի կարծիքով հայաստանցիների մեծամասնությունը չի ցանկանում, որ Հայաստանը լքի ԵԱՏՄ-ն, քանի որ քաղաքացիների մեծամասնությունը տեսնում է Եվրասիական ինտեգրացիայի ակնհայտ առավելությունները։

ԵԱՏՄ-ի ակնհայտ «առավելությունները»

Տնտեսական «առավելությունները»

Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցում է 3 տարի, այս ընթացքում երկրի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, միջազգային պահուստները` 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, իսկ զբաղվածության մակարդակը՝ 13%-ով։ Ավելին, ընթացիկ տարում շարունակել է կրճատվել նաև ներդրումների զուտ ներհոսքի ծավալը հենց Ռուսաստանի Դաշնությունից:

Ռազմաքաղաքական «առավելությունները»

Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցումը երկրի ղեկավարությունը հիմնավորում էր գերազանցապես անվտանգության նկատառումներով՝ նշելով Արցախյան հիմնահարցը։ Վերջինիս համար լավագույն «լակմուսի թուղթ» հանդիսացավ ապրիլյան պատերազմը։ Այդ ժամանակ ցայտուն ընդգծվեց ԵԱՏՄ գործընկերների կողմից իրականացվող ոչ հայանպաստ քաղաքականությունը։

Անդամ պետություններից Ղազախստանը, օրինակ, կարծես ստանձնել է Ադրբեջանի ներկայացուցչի դերը ԵԱՏՄ-ում։ Հիշեցնենք,  2014 թվականի մայիսի 29-ին Աստանայում ԵԱՏՄ գագաթաժողովին նա ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը։ Նամակը վերաբերում էր Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելուն ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով՝ առանց Արցախի։ Ղազախստանի նախագահը նաև ամեն անգամ պատրվակ է գտնում Հայաստան չայցելելու համար։ Օրինակ, 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երևանում կայացած ՀԱՊԿ երևանյան նստաշրջանին Նազարբաևը բացակայում էր «հիվանդության» պատճառով, սակայն, ինչպես ավելի ուշ պարզվեց վերջինս հիվանդ չէր։

ԵԱՏՄ մտնելով՝ անվտանգության հարցը կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է հայտարարել, «ղարաբաղյան խնդրի լուծմանը նպաստելու» միֆը, սակայն, ամենից լավ կոտրել և շարունակում է կոտրել Ռուսաստանի Դաշնությունը՝ շարունակելով զինել Ադրբեջանին։

Հայաստանցիների մեծամասնությունը կողմ է ԵԱՏՄ-ին

2016 թվականին «Եվրասիական մոնիտոր» ընկերությունը ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության շրջանում հարցում է անցկացրել՝ պարզելու համար այս երկրներում մարդկանց վերաբերմունքը ԵԱՏՄ-ի նկատմամբ ։ Անդամ 4 երկրներում բնակչության մեծամասնության վերաբերմունքն, ընդհանուր առմամբ, դրական է։ Պատկերը, սակայն, էական տարբերվում է Հայաստանում։

Հարցման համաձայն՝ հայաստանյան հասարակության 61 տոկոսը 2012թ.-ին կողմ է եղել ԵԱՏՄ-ին, անտարբեր են եղել 26 տոկոսը, իսկ դեմ՝ ընդամենը 3 տոկոսը։ 2015 թվականին, երբ Հայաստանը պաշտոնապես սկսեց անդամակցել ԵԱՏՄ-ին, այս կառույցին կողմ արտահայտվողների թիվը նվազեց՝ հասնելով 56 տոկոսի, անտարբեր են արտահայտվել հայերի 29 տոկոսը, դեմ՝ 10 տոկոսը։

2016թ.-ին ԵԱՏՄ-ին կողմ արտահայտվող քաղաքացիների թիվն էլ ավելի է նվազել՝ կազմելով 46 տոկոս։ Մեծացել է անտարբեր և դեմ արտահայտվող հայերի թիվը՝ համապատասխանաբար 33 և 15 տոկոս։

Այսպիսով, Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրների թվում միակն է, որի բնակչության կեսից պակասն է ողջունում այդ միությունը:






Կարդացեք նաև։

Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած…


Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


ԵԱՏՄ-ի օգուտների մասին Վարդան Արամյանի հոդվածի 3 սխալները (կամ ստերը)

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությունը լքելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի հետևանքով ՀՀ հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվացել են…


Պեսկովի դստեր գրագողությունը մեծ աղմուկ է բարձրացրել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան, որոշել է վերլուծաբան դառնալ։ Ռուսական Forbes ամսագրում հրապարակված «Գիտելիքի պատրանք։ Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաները կվերացնեն ավանդական կրթությունը»  հոդվածում Պեսկովան անդրադառնում է արդի կրթությանը,…