ՀՅԴ-ում քառօրյա պատերազմը հաղթել են, այն էլ ռուսական ռեսուրսով

12.09.2017 | 17:08

Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողներին տված հարցազրույցում հայտարարել է, որ քառօրյա պատերազմում Հայաստանը հաղթել է ռուսական ռեսուրսի շնորհիվ:

Մեկնաբանելով «Ելք» խմբակցության ներկայացրած, ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու օրենսդրական նախաձեռնության նախագիծը, Ռուստամյանը հայտարարել է, որ իր խմբակցությունն այդ նախագծին դեմ է քվեարկելու, քանի որ Հայաստանն «այս պահին անվտանգության ապահովման այլընտրանք չունի»: Հարցին, թե ինչո՞վ է  ԵԱՏՄ անդամակցությունը նպաստել Հայաստանի անվտանգության ապահովմանը՝ դաշնակցական պատգամավորը Ապրիլյան պատերազմում «Հայաստանի հաղթանակը» պայմանավորել է երկրի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելու հանգամանքով:

«Բա պա՞րզ չի, որ [մեր անվտանգության դիրքերն] ամրապնդվել են: Նրանով, որ մենք պատերազմ ենք հաղթել՝ բոլորովին վերջերս մեզ պարտադրված Ադրբեջանի կողմից: Փաստը մնում է փաստ, չէ՞, թե մենք ինչ ռեսուրսով ենք հաղթել, դա ակնհայտ փաստ է, չէ՞», ասել է Ռուստամյանը:

Լրագրողներից մեկի ճշտող հարցին, թե արդյո՞ք նկատի ունի ռուսական ռեսուրսը, դաշնակցական պատգամավորը պատասխանել է.

«Բա ինչո՞վ են կռվել մեր հայ զինվորները: Դուք տեղյակ չեք պարզապես: Դուք երևի տեղյակ չեք ինչ է նշանակում պաշտպանություն ասածը: Պաշտպանությունն ամբողջական համալիր է: Ոչ միայն մարդիկ են էդտեղ կարևոր, իհարկե, առաջնայինը հենց իրենք են, բայց զենք-զինամթերքի, անհրաժեշտ տեխնիկա ունենալու խնդիր պիտի ունենաս, ռեսուրս պիտի ունենաս, սրա մասին է խոսքը»:

Ռուստամյանի հարցազրույցում, սակայն, լսարանին շփոթության մեջ գցող և ապատեղեկատվություն պարունակող հայտարարություններ կան:

Ռեսուրսը, որը Հայաստանն օգտագործել է 2016-ի ապրիլին ռուսական չէ, այն ռուսական արտադրության է, սակայն գնված է Ռուսաստանից և չի կարող դիտարկվել որպես «ռուսական ռեսուրս»: Դրա համար Հայաստանը վճարել է Ռուսաստանին: Նույնքան կարևոր է հանգամանքը, թե ինչ ռեսուրս է օգտագործել այդ պատերազմում Ադրբեջանը Հայաստանի դեմ: Հայտնի է, որ ադրբեջանական բանակի սպառազինության 85%-ը ռուսական արտադրության է, և Ռուսաստանը սպառազինել և շարունակում է սպառազինել Ադրբեջանին: Այսինքն, Ռուստամյանի տրամաբանությամբ Հայաստանի դեմ ևս օգտագործվել է հենց «ռուսական ռեսուրսը»:

Իսկ քառօրյա պատերազմում ռազմավարական նշանակության դիրքերի և 800 հա տարածքի կորստից, մարդկային մի քանի տասնյակ զոհերի գրանցմամբ իրադարձությունների ելքը որպես հաղթանակ ներկայացնելը մինաշանակ չի կարող դիտարկվել, առավել մինաշանակ չէ ԵԱՏՄ-ի դերը 2016-ի ապրիլի իրադարձությունների զարգացման համատեքստում: Ընդհակառակը, հենց այդ պատերազմը հերթական անգամ փլուզեց Հայաստանի՝ ԵԱՏՄ կազմում անվտանգության երաշխիքներ ունենալու առասպելը՝ ակնհայտ դարձնելով ԵԱՏՄ անդամ երկրների անտարբերությունը միության անդամ հանդիսացող Հայաստանի նկատմամբ:






Կարդացեք նաև։

Ինչպե՞ս տարածվեցին «Արցախը հանձնելու» մասին կեղծ լուրերը

Վերջին օրերին սոցիալական ցանցերում, ինչպես նաև որոշ լրատվական կայքերի և փորձագետների կողմից քննարկման առարկա դարձավ «Արցախը հանձնելու» թեման։ Նախկին իշխանությունը և իրեն սատարող ակտիվը տարբեր գործիչներին մեղադրեց «հակաարցախյան գործունեության» մեջ։…


Կարպիս Փաշոյանի դեմ մեդիա-տեռորը փորձարկվել է նաև Նիկոլ Փաշինյանի դեմ

Ժամանակակից լրատվությունը սահմանակցում է մի կողմից պրոպագանդայի, մյուս կողմից մանիպուլյացիայի հետ։ Մեդիայի նպատակը հաճախ մի փոքր այլ է, քան օբյեկտիվ տեղեկության մատակարարումը։ Հաճախ այն կարծիքի ստեղծման, կարծրատիպեր կոտրելու, այս կամ…


Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Ասյա Խաչատրյանը Ադրբեջանում չի եղել՝ հակառակ Գառնիկ Իսագուլյանի

Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին: Իսագուլյանը…