Սուտ՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման մասին

04.09.2017 | 15:17

Սեպտեմբերի 1-ին հայաստանյան ու տարածաշրջանային մի շարք լրատվամիջոցներ միաձայն հանդես եկան հրապարակումներով, որոնց վերնագրերում գրված էր․ «Եթե Արևմուտքն ընդուներ մեր առաջարկները, ԼՂ հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ. Լավրով»:

Մենք փորձեցինք պարզել, թե արդյո՞ք ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նման բան ասել է, թե ոչ… Եվ եթե ասել է, ապա որքանո՞վ է ճիշտ:

Լավրովի խոսքը

Արտաքին հարաբերությունների Մոսկվայի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ ն.գ. Սերգեյ Լավրովը երկար ելույթ է ունեցել, որի ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների մասում մի քանի բառ է ասել Լեռնային Ղարաբաղի մասին:

Մասնավորպես, նախարարը ասել է «Առավել մտահոգիչ են ՆԱՏՕ-ի ջանքերը՝ ուղղված ռազմաքաղաքական իրավիճակի փոփոխմանը Եվրոատլանտյան տարածաշրջանում, ներառյալ Ռուսաստանի հետ սահմանակից տարածքներում ռազմական ներկայացվածության ու ինֆրաստրուկտուրայի և իհարկե ամերիկյան հակահրթիռային գլոբալ համակարգի եվրոպական սեգմենտի ստեղծումը… Բայց, որպես պատասխանատու պետություն, մենք հետամուտ ենք այն դեկլարացիաներին, որոնք վերջին 20 տարում ընդունվել են ԵԱՀԿ-ում և Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում:

Մենք բոլորս ուզում ենք ստեղծել հավասար անվտանգության տարածք Եվրոատլանտիկայում ու Եվրազիայում, մեզանից որևէ մեկը չի ամրացնի իր անվտանգությունը այլոց անվտանգության ոտնահարման հաշվին: Ցավոք, այդ դեկլարացիաները մնացին թղթի վրա և քաղաքական խոստումների մակարդակում: Դրանց իրավաբանական ուժ տալու մեր փորձերը մերժվում էին արևմտյան երկրների կողմից: Վստահ եմ, որ եթե դա տեղի չունենար, և եթե հավասար ու անբաժանելի անվտանգությունը գործեր՝ ստանար պարտադիր իրավաբանական ուժ, ապա Եվրոպայում պահպանվող բազմաթիվ կոնֆլիկտները չէին լինի, դրանք կլուծվեին: Ես կարծում եմ, դա վերաբերվում է մերձդնեստրյան, ղարաբաղյան և Կոսովոյի կոնֆլիկտներին:

Հավասար անվտանգության նորմերի իրավաբանական ամրագրման դեպքում վաղուց հնարավոր կլիներ պայմանավորվել անդրկովկասում ուժի չկիրառման մասին, ինչին մենք փորձում ենք հասնել: Ամենաթարմ Ուկրաինական ճգնաժամը, հավանաբար, ընդհանրապես չէր լինի, եթե մենք բոլորս հարգեինք այն պարտավորությունները, որոնք վերցրել ենք ԵԱՀԿում հավսար և անբաժանելի անվտանգություն»:

Ո՞վ է ստում

Մի կողմից ակնհայտ է, որ պարոն Լավրովը, խոսելով «հավասար անվտանգության» մասին, նկատի ունի ՆԱՏՕ-Ռուսաստան փոխհարաբերությունները, որոնց շրջանակներում է դիտում թե՛ Մերձդնեստրի, թե՛ Կոսովոյի, թե՛ Արևելյան Ուկրաինայի և թե՛ ռուս-վրացական կոնֆլիկտները: Այդ կոնֆլիկտները, պաշտոնական Մոսկվան միշտ դիտել է որպես ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերությունների ածանցյալ:

Սակայն, դա երբեք չի նկատվել ղարաբաղյան կոնֆլիկտի մասով: Այդ կոֆլիկտը երբեք չի եղել և չի էլ ներկայացվել որպես Ռուսաստան-Արևմուտք կոնֆլիկտ: Ավելին, Մոսկվան պարբերաբար հայտարարել է, որ արևմտյան գործընկերների (մասնավորապես, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի) հետ միասին են աշխատում ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորման վրա: Դրա ամենաթարմ օրինակը Վաշինգտոնի ու Փարիզի կողմից առաջարկված և ապա Մոսկվայի կողմից սատարում ստացած շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման նախաձեռնությունն է, որը մերժվում է Բաքվից:

Այսինքն, մի կողմից ն.գ. պարոն Լավրովը իրոք խոսել է «արևմուտքի կողմից ռուսական առաջարկությունների մերժման» մասին և ասել, որ անվտանգության երաշխավորման դեպքում կլուծվեր ղարաբաղյան կոնֆլիկտը, մյուս կողմից չի հստակեցնում, թե արդյո՞ք ըստ իրեն մերժված առաջարկները վերաբերվում էին միմիայն Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին, թե նաև այլ կոնֆլիկտներին:

Ըստ ամենայնի, Լավրովը նկատի է ունեցել, որ արևմուտքը մերժում է առաջարկությունները՝ կապված Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններին հետ, իսկ ապա հավելում, որ առհասարակ անվտանգության իրավաբանական երաշխավորումը խաղաղություն կբերեր ԵԱՀԿ տարածքի բոլոր կոնֆլիկտներին:

Այդուհանդերձ, պնդել, որ լրատվամիջոցները աղավաղել են ՌԴ արտգործնախարարի խոսքերը հնարավոր չէ: Սակայն, կոնտեքստից կտրվելու արդյունքում դրանք ընդհանրապես այլ կերպ են ընկալվում ընթերցողի կողմից:

Համենայն դեպս, սուտ է

Հարկ ենք համարում ընդգծել, որ հայտնի չէ պաշտոնական Մոսկվայի ղարաբաղյան կոնֆլիկտի մասին որևէ  նախաձեռնություն, որը կմերժվեր արևմտյան երկրների կողմից: Ավելին, հայտնի չէ որևէ նախաձեռնություն (առհասարակ), որը կլուծեր արցախյան կոնֆլիկտը:

Բաքուն մտադիր չէ գնալ էական զիջումների և ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը (այդ թվում՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքեր մատակարարելու արդյունքում): Իսկ Երևանը, որպես պատերազմում հաղթող և Ղարաբաղի բնակչության անվտանգության դե-ֆակտո երաշխավոր, չի կարող Արցախը հանձնել Ադրբեջանին:

Հետևաբար, «Եթե Արևմուտքն ընդուներ Ռուսաստանի առաջարկները, Ղարաբաղի հակամարտությունը վաղուց կարգավորված կլիներ» արտահայտությունը սուտ է: Որքա՞ն է այդ ստի տարածմանը նպաստել Լավրովի անմիարժեք խոսքը, իսկ որքան  ԶԼՄ-ների կողմից աղավաղումը՝ թող դատի ընթերցողը:






Կարդացեք նաև։

Կամ Վիգեն Սարգսյանը ստում է, կամ ՀՀ բնակչությունը 2 միլիոն է

Ամիսներ առաջ ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ընթացքում ներկայացնում էր «Պատիվ ունեմ» և «Ես եմ» երկու պայմանական ծրագրերը՝ որպես «ազգ-բանակի» կոնցեպտի բաղադրիչներ: Քննարկման ընթացքում պաշտպանության…


Հայկական ԶԼՄ-ները շրջանառում են «Հրապարակի» տարածած ապատեղեկատվությունը

«Հրապարակ» օրաթերթը հոկտեմբերի 10-ի համարում, ինչպես նաև օրաթերթի կայքէջում հրապարակել է ««Կայֆոտ» տնային հանձնարարություն Սվիտալսկուց» վերնագրով նյութը: Նյութի հեղինակը պնդում է, որ Հայաստանի և Եվրամիության միջև վիզայի ազատականացման նախապայմաններից մեկը…


Ինչպես է աշխատում լրատվական պրոպագանդան

Արդի աշխարհում ամենից թանկ և չբավարարող գործոններից մեկը ժամանակն է։ «Ժամանակս քիչ է», «ժամանակս չի հերիքում» արտահայտությունները դարձել են հասարակության ամենից հաճախ օգտագործվող խոսքերը։ Այս իրականությունից բխում են մի շարք…


Հայկական ինքնահռչակ համույթը համերգ է տվել ինքնահռչակ Դոնեցկում

Ինքնահռչակ «Դոնեցկի ժողովրդական հանրապետության», այսպես կոչված, Մշակույթի նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել, համաձայն որի Երևանի «Արարատ» երգի համույթը ելույթ է ունեցել Դոնեցկում: «Հինգշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի «Արարատ»…