Ռուսաստանին չի բավարարում Հայաստանում առկա ռուսական ռեսուրսը

17.08.2017 | 12:24

Օգոստոսի 11-ին Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի «Ժամանակը ցույց կտա» (Время покажет) հաղորդաշարի հերթական թողարկմանը ռուսաստանցի փորձագետները, խոսելով ռուս-թուրքական հարաբերությունների մասին, անդրադարձ են կատարել նաև Հայաստանին՝ մի քանի ապատեղեկատվություն տարածելով դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում:

«Հայաստանը նույնն է, ինչ Ուկրաինան: Նույն իրավիճակն է:  Օլիգարխների հետ աշխատում են, իսկ հասարակության հետ չեն աշխատում: Մենք ոչ մի ռուսամետ ռեսուրս, ոչ մի ռուսամետ քաղաքական գործիչ չունենք Հայաստանում: Մենք այդ բոլորը կորցրել ենք: Մենք նույն պատկերն ունենք, ինչպիսին Ուկրիանայում և մենք տապալման եզրին ենք այս իրավիճակում»,-հայտարարում է արևելագետ, քաղաքական գործիչ Կարինե Գևորգյանը [41’25’’]: Հարկ է նշել, որ «մենք» ասելով՝ Գևորգյանը նկատի ունի Ռուսաստանը, որի քաղաքացի է նա և, իր խոսքով, որի շահերն ինքը պաշտպանում է:

Պատմելով Հայաստանում Ռուսաստանի վարկանիշի կորուստների մասին՝ քաղաքագետը դրանում մեղադրում է Հայաստանում գործող որոշ հիմնադրամների և քաղաքական գործիչների, ովքեր ռուս-թուրքական հարաբերությունների բարելավումից հետո սկսել են հայտարարել, թե «ահա մեր դաշնակիցը, ահա Թուրքիայի հետ է»:

«Մեծ եղբոր»  օրինակով

Գևորգյանի այս դիտարկմանն ի պատասխան՝ ռուս քաղաքագետ, ՌԴ իշխող կուսակցության՝ «Եդինայա Ռոսիա»-ի անդամ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վստահված անձ համարվող Սերգեյ Մարկովը, Ռուսաստանի անունից կոչ է անում փակել Հայաստանում գործող նման հիմանդրամները:

«Թո՛ղ փակեն դրանք:  Ես Ռուսաստանի անունից հարցնում եմ՝ մենք դաշնակից Հայաստան ունենք, ինչո՞ւ են այնտեղ գործում տասնյակ, հարյուրավոր հակառուսական հիմնադրամներ»,-գոռում է Մարկովը՝ ևս մեկ անգամ կոչ անելով փակել դրանք, ինչից հետո հնչում է հաղորդավարի մեկնաբանությունը, ով ներկայացված խնդիրը հիմնավորում է «Հայաստանում ժողովրդավարության» առկայությամբ:

Ռուսաստանը, որի անունից խոսում է գործող կուսակցության անդամը, այսպիսով հերթական անգամ կոչ է անում Հայաստանին, հետևելով իր օրինակին՝ սահմանափակել ժողովրդավարությունը: Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել «ԵվրԱզԷՍ»-ի ինստիտուտի տնօրեն Վլադիմիր Լեպեխինը: Հիշեցնենք, որ համանման փորձ Ռուսաստանն արդեն ունի: 2012 թվականից ՌԴ-ում գործում է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը, իսկ 2015 թվականի մայիսին Վլադիմիր Պուտինը ստորագրեց ՌԴ տարածքում միջազգային և արտասահմանյան «ոչ ցանկալի» հասարակական կազմակերպությունների նկատմամբ քրեական և վարչական պատասխանատվության կիրառման մասին օրենքը, որից հետո այդ կազմակերպությունների ցանկում տասնյակ ՀԿ-ներ հայտնվեցին: ՌԴ այս գործողությունը դիտարկվեց որպես մարդու իրավունքների խախտում:

Ավելի շատ «կոշտություն»

Ռուսաստանի «Առաջին ալիք»-ի եթերում հնչեցրած կոչերով չբավարարվելով՝ օրեր անց Սերգեյ Մարկովը նույն թեմայով հարցազրույց է տվել ռուսալեզու «Вестник Кавказа» լրատվականին՝ հայտարարելով, որ Ռուսաստանը պետք է ավելի ուշադիր լինի Հայաստանում գործող ՀԿ-ների հարցում:

«Վաղուց ենք հետևում Հայաստանի իշխանությունների դրսևորած ոչ բավարար կոշտությանը՝ ճնշելու հակառուսական քարոզչության ֆինանսավորումը: Եվ իրենք էլ հիմք են ստեղծում հակառուսական քաղաքականության համար՝ հռչակավոր դարձնելով ազգայնամոլականության այնպիսի մեղսակիցների, ինչպիսին Գարեգին Նժդեհն է»,-հայտարարել է ռուս գործիչը:

Ինչ վերաբերում է ռուսական դաշնային հեռուստաընկերության ուղիղ եթերում քաղաքագետ Կարինե Գևորգյանի հայտարարությանը, կարևոր է շեշտել, որ, հայկական լրատվամիջոցների փոխանցմամբ, նա ռուսական քարոզչամեքենայի ամենաակնառու դեմքերից մեկի՝ Դմիտրի Կիսելյովի ֆինանսավորմամբ Երևանում հիմնադրված «Գրիբոյեդովի ակումբ»-ի անդամ է: Նույն Կիսելյովի ղեկավարությամբ գործող «Սպուտնիկ» գործակալության հայկական ծառայությունը մեկն է  Հայաստանի տարածքում ռուսական ֆինանսավորմամբ գործող բազմաթիվ լրատվամիջոցներից: Հայտնի է Հայաստանում գործող մի շարք այլ կազմակերպությունների ռուսական ֆինանսավորման մասին ևս: Իսկ ռուսական ամենալուրջ ռեսուրսը Հայաստանում, իհարկե, այն օլիգարխներն են, որոնց հետ աշխատանքի մասին իր խոսքում հայտարարել էր քաղաքագետը:  Ուստի, Հայաստանում ռուսական ռեսուրսի բացակայության մասին խոսելն ակնհայտ ապատեղեկատվության տարածում է:






Կարդացեք նաև։

Լավրովը ստում է Բուդապեշտի հուշագրի մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ուկրաինային մեղադրել է Բուդապեշտի հուշագիրը խախտելու մեջ։ Պատասխանելով լրագրողների հարցրերին` պաշտոնյան հրաժարվել է ընդունել Ռուսաստանի կողմից հուշագրի խախտման հնարավորությունը և հայտարարել, որ Ուկրաինան է այն…


Կրեմլյան լրատվամիջոցները փորձում են վարկաբեկել ընդդիմությանը

Ռուսաստանի Պերմ քաղաքի թիվ 127 դպրոցում այսօր տեղի ունեցած վիճաբանության արդյունքում առնվազն 15 մարդ է տուժել, որից 12-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Ինչպես հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն, երկու աշակերտ վեճի…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Ովքե՞ր են ամենաշատը ստի վրա բռնվել 2017-ին

Sut.am-ը, մշտապես հետևելով պաշտոնյաների ելույթներին, պաշտոնական մարմինների կողմից տարածված հայտարարություններին և լրատվական դաշտում տեղ գտած հրապարակումներին, անցնող տարվա ընթացքում հասցրել է բացահայտել ապատեղեկատվության տարածման բազմաթիվ դրվագներ: Մենք փորձեցինք առանձնացնել 2017-ի…