Իրանի արտաքին քաղաքականության սխալ ընկալումը Հայաստանում

11.08.2017 | 18:39

Օգոստոսի 6-ին Իրանում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիի  հանդիպման ֆոնին բազմաթիվ հայաստանցի կարծիք ձևավորողներ (opinion makers) և արևելագետներ տարբեր լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում մեկնաբանեցին այցի արդյունքները:

Լեռնային Ղարաբաղ

Առանձնահատուկ ոգևորություն առաջացրեցին Իրանի նախագահի խոսքերն առ այն, որ Ղարաբաղյան հակամարտության լուծումը կարող է լինել բացառապես քաղաքական ճանապարհով, և իր երկրի համար կարևոր է տարածաշրջանի խաղաղությունն ու կայունությունը: Այս հայտարարությունը ոմանք մեկնաբանեցին որպես հստակ ուղերձ Ադրբեջանին: Այսպես, օրինակ, ըստ իրանագետ Արմեն Իսրայելյանի՝  «Անվտանգության վերաբերյալ շատ կարևոր էր Իրանի նախագահի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի խնդրի մասին: Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ Ռոհանին հայտարարեց, որ Իրանն ամեն ինչ անելու է՝ թույլ չտալու իր սահմանների մոտ ապակայունացում: Սա առաջին հերթին կարևոր մեսիջ էր ուղղված Ադրբեջանին»:

Մինչդեռ, ըստ ԻԻՀ նախագահի պաշտոնական ներկայացուցչության կայքի, Ռոհանին ասել է. «Իրանի համար շատ կարևոր է իր սահմանների կատարյալ անվտանգությունը: Հույս ունենք, որ երկու հարևան երկրների՝ Ադրբեջանի և Հայաստանի ջանքերի և նախաձեռնությունների շնորհիվ մենք ականատես կլինենք խնդրի խաղաղ կարգավորմանը: Եթե երկու կողմերը խնդրի խաղաղ կարգավորման հստակ կամք դրսևորեն, հնարավոր լուծումների ուղիներ առկա են»: Նման հայտարարությունները Ղարաբաղյան կոնֆլիկտի  մասին դիվանագիտական նորմա են, արվել են իրանցի քաղաքական գործիչների (ալդ թվում Ռոհանիի) կողմից բազմիցս և որևէ նոր տեղեկություն չեն պարունակում: Վստահաբար Իրանը ձգտում է ունենալ անվտանգ սահմաններ, սակայն այդ նախադասությունը որևէ կերպ Ադրբեջանին ուղղված ուղերձ համարելը սխալ է:

Իրանի ու Ադրբեջանի խնդիրները

Ղարաբաղյան հակամարտության հարցում Իրանին հայամետ ներկայացնող արևելագետներից շատերը հաճախակի նշում են, որ Թեհրանը ունի մի շարք հակասություններ Բաքվի հետ: Այսպես, օրինակ, իրանագետ Ահարոն Վարդանյանը Aravot.am-ին տրված հարցազրույցի ընթացքում նշել էր, – «Գաղտնիք չէ, որ Իրանն ու Ադրբեջանն ունեն բազմաթիվ խնդիրներ՝ ամենատարբեր ոլորտներում»։ Այդուհանդերձ, անգամ հաշվի առնելով ԻԻՀ անհանգստությունը Իրանական Ադրբեջան նահանգի հանդեպ Ադրբեջանի քաղաքականության վերաբերյալ՝ 2013թ. ի վեր Թեհրանի և Բաքվի հարաբերությունները դժվար է բնութագրել որպես բացասական և բազմաթիվ խնդիրներ ունեցող: Հակառակը՝ Հասան Ռոհանիի նախագահության օրոք Բաքուն և Թեհրանը մի շարք քայլեր են ձեռնարկել նախկին տարաձայնությունները հարթելու ուղղությամբ: Այս հարցում հատկապես շահագրգռված է Ադրբեջանը, որը հստակ քայլեր է ձեռնարկում ստեղծելու Ռուսաստան-Ադրբեջան-Իրան սերտ համագործակցություն: Այս նպատակին հասնելու համար Ադրբեջանի նախագահ Ալիևն անգամ Սիրիայի հարցում Իրանին հաճելի դիրքորոշում էր ընդունել:

Վերջին տարիներին երկու երկրների հարաբերություններում առանձնահատուկ ռազմավարական նշանակություն ունի Աստարա-Ռեշտ-Կազվին երկաթգծի կառուցումը, որի բացումը նախատեսվում է այս տարի, իսկ 2015 թթ. Իրանի և Ադրբեջանի միջև առևտրի միջին տարեկան ծավալը կազմել է մոտ 500 մլն: Մինչդեռ Հայաստան-Իրան երկաթգծի ապագան, մեղմ ասած, մշուշոտ է, իսկ մեր երկրի դեպքում առևտրաշրջանառության ծավալը անցած տարիներին համարյա կրկնակի ցածր է՝ Իրան-Ադրբեջանի համեմատ: Հայաստան-Իրան առևտրի ամենամեծ ծավալը եղել է 2012-ին՝ 328 մլն. դոլար՝ դրանից հետո զգալի անկում ապրելով (անցած տարի ԻԻՀ-ՀՀ առևտրի ծավալը նվազել է 15 տոկոսով):

Ավելին՝ իրանական մամուլի կանոնավոր մոնիտորինգը հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը զգալիորեն առաջընթաց է ապրել անցած տարիներին Իրանում ադրբեջանամետ լոբբինգ և քարոզչություն կատարելու հարցում: Հետևաբար՝ որոշ իրանագետների և քաղաքագետների ձգտումը ՀՀ ներքին լսարանի աչքերում Իրանի վերաբերմունքը Ադրբեջանի հանդեպ բացասական և Հայաստանի հանդեպ՝ դրական ներկայացնելը կասկածելի է թվում:

Եթե այս միտումները համատարած չլինեին, ապա կարելի էր մտածել, որ որոշ արևելագետներ ցանկալին իրականության հետ են խառնել, սակայն երևույթի տարածվածությունը տեղիք է տալիս կարծելու, որ կամ Հայաստանի ներսում բնավ չեն հասկանում, թե ինչպես են գործում միջազգային հարաբերությունները, կամ էլ կազմակերպված փորձ է արվում ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները ներկայացնել որպես գործող իշխանությունների արտաքին քաղաքականության հաջողության օրինակ: Սա վստահաբար տնտեսական ցուցանիշների և մի կողմից Հայաստան-Իրան, մյուս կողմից Ադրբեջան-Իրան ծրագրերի համեմատությունից բխող եզրահանգումներին հակասում է: Կա հստակ իրականություն և օբյեկտիվ փաստեր, որոնց ճիշտ ընկալումը կարևոր է հայ-իրանական ապագա հարաբերությունները խթանելու և մի օր իսկապես Իրանի համար տարածաշրջանի միանձնյա գործընկերը դառնալու համար:






Կարդացեք նաև։

Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում…


Ապատեղեկատվություն Իրանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին

Դեկտեմբերի 28-ին Իրանում սկսվեցին բողոքի ակցիաներ, որոնք շարունակվում են մինչ օրս։ Ցուցարարների  պահանջները սկզբնական շրջանում կրում էին սոցիալական բնույթ, այնուհետև, սակայն, սկսեցին հնչել նաև քաղաքական կարգախոսներ։ Ցույցերը սկիզբ առան Մաշհեդ…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


ԶԼՄ-ներին ապակողմնորոշող լուր են տարածում Հայաստանի «ազատության ցուցանիշի» վերաբերյալ

Դեկտեմբերի 21-ին news.am լրատվական կայքը լուր է հրապարակել, որում հայտնում է, որ «Հայաստանը զբաղեցրել է 22-րդ հորիզոնականը «Ազատության բարոմետրի» վարկանիշում»։ «Ֆրիդրիխ Նաումանի հիմնադրամի «Ազատության բարոմետրի» կազմած 2017 թվականի վարկանիշում ազատության…