«Լավագույն կրթություն» խոստացող Կարեն Կարապետյանը կրճատում է կրթության ֆինանսավորումը

02.08.2017 | 14:27

Հուլիսի 29-ին Վայոց Ձորի մարզում կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանին մարզի կրթության ոլորտի պատասխանատուները հայտնել են, որ «օպտիմալացման արդյունքում» կրթության ոլորտում տնտեսվել է 56 մլն դրամ, ինչին ի պատասխան կառավարության ղեկավարը հայտարարել է, որ երկրի առաջին խնդիրը ոչ թե գումար տնտեսելն է, այլ լավագույն կրթություն ապահովելը:

«Մենք ունենք միջոցներն արդյունավետ ծախսելու բավականին մեծ ներուժ: Մեր թիվ մեկ խնդիրը ոչ թե գումարների տնտեսումն է, այլ մեր երեխաներին ժամանակակից, առավելագույնս լավագույն կրթություն տրամադրելը: Եթե մենք ցանկանում ենք ունենալ լավ պետություն, ապա այսօր, վաղը կամ մյուս օրը մեր երեխաներին պետք է տրամադրենք լավագույն կրթությունը», – ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնում նշանակվելուց ի վեր հաճախ է հայտարարում Հայաստանում կրթության որակի բարելավման մասին,  սակայն գործնական դաշտում պատկերն այլ է: Վարչապետի լավագույն կրթության ապահովման խոստումների ֆոնին,  նրա այս հայտարարությունից երեք շաբաթ առաջ կառավարությունը հաստատեց ՀՀ 2018-2020 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ըստ որի կրթության ոլորտի ֆինանսավորումը տարեցտարի պակասելու է՝ ՀՆԱ-ի 2.85%-ից հասնելով ՀՆԱ-ի 1.85%-ի:

2018-2020 թվականներին պետական միջնաժամկետային ծրագրերի բյուջեով նախատեսվել է կրթության ոլորտում 2018 թվականին ծախսել 125,974.6 մլն, 2019 թվականին` 125,885.9 մլն և 2020 թվականին` 129,108.4 մլն դրամ: Ի դեպ, կառավարության նախորդ` 2017-2019 թվական­ների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2018 թվականին նախատեսված էր ծախսել 137,494.9 մլն, 2019 թվականին` 145,216.7 մլն դրամ:

Ընթացիկ տարում 2017 թվականի համար հաստատված բյուջեի համաձայն՝ երկրում կրթության ոլորտում նախատեսվում է ծախսել ՀՆԱ-ի 2,34%-ը: 2016 թվականին այդ թիվը 2.39% Էր:

Կարեն Կարապետյանը հաճախ է տարբեր դեպքերում հիշատակում Իսրայելը և այն դիտարկում որպես օրինակ, և եթե փորձենք այս դեպքում էլ համեմատել այդ երկրի ծախսած գումարները կրթության բնագավառում հասկանալի կդառնա, որ Կարապետյանի ասածներն ուղղակի տեսական բնույթ են կրում: Համաշխարհային բանկի տվյալների համաձայն` Իսրայելը կրթության ոլորտում ծախսում է երկրի ՀՆԱ-ի մոտ 6%-ը` մոտ 3 անգամ ավել, քան պատրաստվում է ծախսել Հայաստանը: Դժվար է պատկերացնել, թե ինչպե՞ս է կառավարությունը «լավ պետություն ունենալու» խոստումներով պատրաստվում «լավագույն կրթություն» տրամադրել իր քաղաքացիներին` տարեցտարի կրճատելով այդ ոլորտի ֆինանսավորումը:






Կարդացեք նաև։

Վարչապետի հետաքրքիր պատկերացումները ակցիզային հարկի մասին

Խոսելով վերջին ամիսներին Հայաստանում արձանագրված բարձր գնաճի մասին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը ուշագրավ մի հայտարարություն է արել։ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի կարագի գնի բարձրացման մասին հարցին ի պատասխան վարչապետն…


Գիշերային ակումբների մասին Կարեն Կարապետյանի հանձնարարականը մինչ օրս կատարված չէ

2016 թվականի նոյեմբերի 10-ին վարչապետ Կարեն Կարապետյանը տնտեսական զարգացման և ներդրումների, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության կոմիտեի ղեկավարներին  հանձնարարեց բազմաբնակարան շենքերում և նրանց անմիջական հարևանությամբ գործող գիշերային…


Նոր էլեկտրագնացքը չեն վերադարձնում Ռուսաստանին

Երեկ Hraparak.am կայքը գրել է․ «Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն պատրաստվում է վերադարձնել Ռուսաստանին»։ Սակայն այս տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և  հարմարավետ էլեկտրագնացք Հայաստանում այնուամենայինիվ լինելու է։…


Վահրամ Բաղդասարյանը մոռացել է թոշակների բարձրացման խոստման մասին

Այսօր Ազգային ժողովում իշխող Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, մեկնաբանելով 2018 թվականի պետական բյուջեի նախագիծն, այն անվանել է իրատեսական։ «Մենք ժողովրդին հայտարարել էինք, որ ընտրություններից առաջ և ընտրություններից հետո աշխատավարձեր…