«Պարտադիր-կամավոր» շաբաթօրյակ Երևանում

01.08.2017 | 12:11

Հուլիսի 29-ին Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում կազմակերպվեց համաքաղաքային շաբաթօրյակ: Շաբաթօրյակից օրեր առաջ կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր ապահովել իր ղեկավարած կառույցի և քաղաքապետարանին ենթարկվող կազմակերպությունների աշխատակիցների ներկայությունը համաքաղաքային միջոցառմանը:

«Քաղաքապետը հանձնարարել է ևս մեկ անգամ իրազեկել և ապահովել քաղաքապետարանի աշխատակազմի, ենթակայության ներքո գտնվող կազմակերպությունների, ինչպես նաև մեր համաքաղաքացիների և շահագրգիռ բոլոր կառույցների ակտիվ մասնակցությունը համաքաղաքային այս միջոցառմանը»,- ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սակայն, Մարգարյանն իր հայտարարության մեջ հիշատակած այն «սրտացավ երևանցիների» շարքում չէր, ում անձամբ կոչ էր արել ներկա լինել շաբաթօրյակին: Տարոն Մարգարյանի համաքաղաքային շաբաթօրյակից բացակայության վերաբերյալ դիտարկմանն ի պատասխան քաղաքապետարանի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ «քաղաքապետի մասնակցությունը որևէ ձևով պարտադիր չէ»:

Իսկապես, ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ որևէ աշխատանք պարտադիր կամ հարկադիր չի կարող լինել: Սակայն Սահմանադրության այս արգելքը պետք է տարածվեր նաև այն անձանց վրա, ում «մասնակցությունն ապահովվել է» քաղաքի մաքրման աշխատանքներին:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն հուլիսի 29-ի շաբաթօրյակին 14550 մարդ է մասնակցել: Այդ թվում են  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, վարչական շրջանների աշխատակազմերի, քաղաքապետարանի ենթակայության կառույցների, պետական ու մասնավոր կազմակերպությունների աշխատակիցներ, կրթօջախների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

«Բոլորը կամավոր մասնակցել են», – մեզ հետ հեռախոսազրույցում ասաց քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գրիգորյանը:

Այսինքն, քաղաքապետարանի տրամաբանության հաջորդականությունն այսպիսին է` նախ պահանջում են ապահովել բոլորի մասնակցությունը, հետո «ի պաշտոնե» բոլորը «կամավոր» մասնակցում են միջոցառմանը, իսկ կոչեր անող Տարոն Մարգարյանը ո´չ «ի պաշտոնե», ո´չ էլ «կամավոր» շաբաթօրյակի մասնակիցների շարքում չէր:

Հիշեցնենք նաև, որ այդ օրը Երևանում 5 ժամ շարունակ եղել է +40-ից +41 աստիճան տաքություն և շատ դժվար է պատկերացնել, որ 14550  մարդ կամավոր դուրս է եկել արևի տակ աշխատելու։






Կարդացեք նաև։

Երևանի քաղաքապետարանը միայն փաստաթղթերով է վերակառուցում «Հաղթանակ» զբոսայգին

Երևանի «Հաղթանակ» զբոսայգու վերակառուցման և բարեկարգման անհրաժեշտության մասին քաղաքապետարանը բարձրաձայնել է դեռևս 2011 թվականին։ Այն ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանն առաջարկել էր այգին բարեկարգելու «մոդեռն լուծումների հետ մեկտեղ հայկական ոճի ծրագիր…


Տարոն Մարգարյանը և իրենից նոր պաշտոն ստացած կեղծ դիտորդը

Հունիսի 9-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը։ Նիստի ավարտին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձ կատարեց իր կողմից նշանակված հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանի շուրջ տեղի ունեցած միջադեպին։ Քաղաքապետը…


Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

Օրերս ռուսական Regnum գործակալությունը ներկայացրեց մի ուսումնասիրություն, համաձայն որի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն և կարող…


Մարքեթինգ թե՞ խաբեություն

Երևանի սուպերմարկետներում և խոշոր առևտրային կենտրոններում քաղաքացիները հաճախ նույնիսկ չնկատելով՝ ենթարկվում են խաբեության: Ապրանքի գինը տաղավարում դրված է x դրամով, իսկ արդեն դրամարկղի մոտ այն դառնում է x+y դրամ: Մարդկանց…