Էստոնիայում հայազգի ընտանիքի պատմությունը՝ ռուսական պրոպագանդայի թիրախում

31.07.2017 | 11:49

Օրերս Էստոնիայի դատարանը ժամանակավորապես սահմանափակեց Անատոլի Ղազարյանի և Աննա Միխայլովայի իրենց դստեր նկատմամբ խնամակալության իրավունքը` ութամյա աղջկա խնամակալությունը փոխանցելով Տալլինի երեխաների պաշտպանության կենտրոնին: Դատարանի նման որոշումը հիմնավորվում է Էստոնիայի սոցիալական ծառայությունների կողմից ներկայացված տվյալներով, համաձայն որոնց՝ տանը, որտեղ ապրում է երեխան, հակասանիտարական պայմաններ են և երեխայի կյանքը վտանգի տակ է: Երեխայի ծնողները հայտարարում են, որ սոցիալական ծառայություններից մի քանի անգամ զգուշացում ստանալուց հետո պատրաստվում էին բնակության տեղափոխվել Ռուսաստան, ինչի պատճառով էլ էստոնական ծառայությունները վերցրել են իրենց երեխային: Հաշվի առնելով հանգամանքը, որ երեխայի ծնողները ՌԴ քաղաքացիներ են՝ ռուսական որոշ լրատվամիջոցներ տեղի ունեցածը ներկայացրեցին որպես «ահաբեկչություն»` ուղղված Էստոնիայում բնակվող ռուսների դեմ:

Ղազարյանի ընտանիքն ապրում է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում երեք սենյականոց բնակարանում: Էստոնիայի սոցիալական ծառայությունները պնդում են, որ 8 տարի շարունակ միջոցներ են ձեռնարկել ընտանիքի սոցիալական պայմանները բարելավելու համար, սակայն ապարդյուն: Ընտանիքի մոսկվայաբնակ փաստաբան Վիոլետա Վոլկովան հայտարարում է, որ երեխային վերցնելու որոշման վրա անդրադարձել են Ռուսաստանի և Էստոնիայի «քաղաքական բարդ փոխհարաբերությունները»:

«Այս հարցում քաղաքական ենթատեքստ կա, այլ բացատրություն սրան չկա», – ասել է ընտանիքի փաստաբանը: Մեկ այլ մեկնաբանությունում նա տեղի ունեցածը ներկայացրել է որպես «Էստոնիայում ռուսալեզու բնակչության ճնշման և Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների ոտնահարման ակտ»:

Չափազանցնելով ռուս փաստաբանի նման մեկնաբանությունները և ռուսական պրոպագանդային բնորոշ ոճով փոքրացնելով առկա ոչ ձեռնտու խնդիրը` ռուսական մեդիան ներկայացնում է, որ Էստոնիայի սոցիալական ծառայությունները երեխային ընտանիքից վերցրել են ընդամենը տան «հին պաստառների» պատճառով: Սակայն ընտանիքի  համացանցում հրապարակված բնակարանային լուսանկարներից պարզ է  դառնում, որ խոսքը միայն պաստառների մասին չէ: Երեխայի մոր` Աննա Միխայլովայի ֆեյսբուքի էջում հրապարակված լուսանկարում երևում է, որ ութամյա աղջիկն իսկապես քնում է գետնին տեղադրված ներքնակի վրա: Հարցի հասարակական հնչեղություն ստանալուց հետո, ընտանիքը հայտնվեց  նաև Էստոնիայի հասարակական կազմակերպությունների ուշադրության կենտրնում:

«Պետք է ասեմ, որ երեխային չեն վերցրել հին կահույքի կամ գրքերի պատճառով, ինչպես հայտնում են բազմաթիվ լրատվամիջոցներ: Ես չեմ պաշտպանում որևէ դեպքում երեխաներին ծնողներից վերցնելը, սակայն ընտանիքն իսկապես խնդիրներ ուներ: Տանը սարսափելի կեղտոտ է, ամենուր ծխախոտի ծուխ է, աներևակայելի գարշահոտություն»,- Baltnews-ին տված հարցազրույցում ասել է «Էստոնիայի ծնողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Անաստասիա Ռայան:

«Ինչ վերաբերում է այս պատմության մեջ ռուսոֆոբիայի գործոնին, ապա իմ կարծիքով, այն այստեղ կապ չունի: Ես գիտեմ, որ նման կերպով վերցնում են նաև էստոնաիցների երեխաներին: Բավական է հիշել Հեյկի Թրեյերի աղմկահարույց կամ հասարակությանը քիչ հայտնի Սանդրա Հ.-ի գործերը», ասել է Ռայան:

2016 թվականի հունվարից Էստոնիայի խորհրդարանի որոշմամբ ուժի մեջ մտավ Երեխաների պաշտպանության մասին օրենքը, որով հնարավորություն է տրվում տեղական ինքնակառավարման մարմիններին երեխային վտանգ սպառնալու դեպում 72 ժամով վերցնել նրան ծնողներից և 3 աշխատանքային օրերի ընացքում հայց ներկայացնել դատարան` ծնողներին երեխայի նկատմամբ խնամակալության իրավունքից զրկելու վերաբերյալ:

Այնուամենայնիվ, ռուսական ԶԼՄ-ները շարունակում են միջադեպը ներկայացնել որպես էստոնացիների «այլատյացության» արդյունք և քաղաքական ենթատեքստով խնդիր և փնտրել «ռուսաֆոբներ» երկրում, որտեղ բնակչության մոտ 25%-ը ռուս է:






Կարդացեք նաև։

Ինչպես է ռուսական պրոպագանդան լուսաբանում Հայաստանում ընթացող գործընթացները

Ռուսական «Взгляд» թերթը այս օրերին ակտիվորեն լուսաբանում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացները։ Կայքն իր լուսաբանումը իրականացնում է բավականին կողմնակալ՝ չխորշելով գնահատականներ, իսկ երբեմն նաև վիրավորանքներ հնչեցնելուց։ Մայիսի 2-ին՝ երեկոյան, թերթը…


Պուտինի խոստումները և իրականությունը ՌԴ տնտեսության հզորացման մասին

Ինչպես հայտնի է, կիրակի Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններում չորրորդ անգամ հաղթեց գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Նա հավաքեց ռեկորդային՝ մոտ 76% քվե։ 18 տարի իշխանության ղեկին լինելով՝  Պուտինը բազմիցս տնտեսական…


Պուտինի հրթիռները 2007թ.-ին էլ էին «նորագույն զենք»

Կրեմլյան ապատեղեկատվության դեմ պայքարող EU vs Disinformation-ը անդրադարձ է կատարել ռուսական մեդիայում նախագահ Պուտինի` մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհրդին ուղղված իր ուղերձում կատարած հայտարարությունների լուսաբանմանը։ Համաձայն կայքի, ռուսական փաստերի ստուգմամբ…


Ռուսական ԶԼՄ-ները պատմել են հորինված ակցիայի մասին

Ռուսական մի շարք ԶԼՄ-ներ պատմել են Եվրոպայում «Ների՛ր ինձ» խորագրով ֆլեշմոբի մեկնարկի մասին, որով ներգաղթյալների կողմից բռնաբարության ենթարկված զոհերը, իբր, ներողություն են խնդրում իրենց բռնաբարողներից։ «Եվրոպայում հանդուրժողականության մակարդակն անցնում է…