«Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

27.07.2017 | 10:30

ԱՊՀ երկրների համար միջպետական նշանակություն ունեցող ռուսալեզու «Միր» հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը գոյանում է նաև ՀՀ հարկատուների հաշվին, կեղծ հեռուստառեպորտաժ է հեռարձակել Վրաստանի կոմունալ ծառայությունների առաջացրած խնդիրների մասին` խեղաթյուրելով իրականությունը:

Օգտագործելով համացանցում օրերս հայտնված փերֆորմանսային տեսանյութը, որտեղ մի վրացի երիտասարդ լոգանք է ընդունում Թբիլիսիի փողոցներից մեկում տեղադրված լոգարանում` «Միր» հեռուստաընկերության լրագրողները պատմել են Թբիլիսիի կենտրոնական թաղամասերում օրեր շարունակ ջրամատակարարման և էլեկտրամատակարարման բացակայության մասին:

«Երիտասարդն անմիջապես Ռուսթավելիի պողոտայում լոգարան է տեղադրել` ջրով լցնելով այն մոտակա աղբյուրից և առանց ամոթի լոգանք է ընդունել անմիջապես անցորդների աչքի առջև: Պահվածքը բացատրել է շատ պարզ` կոմունալ ծառայությունների աշխատակիցներն այլընտրանք չեն թողել: Երրորդ օրն է նրա տանը ո՛չ ջուր կա, ո՛չ լույս», – ասվում է ռեպորտաժի մեկնաբանության մեջ` հայտնելով, որ երիտասարդը նման կերպ իր բողոքն է հայտնում:

«Շոգում եմ, տանը +35 աստիճան է, օդորակիչը չեմ կարող միացնել էլեկտրաէներգիայի բացակայության պատճառով», հեռուստաընկերությունը ռուսերեն է թարգմանել երիտասարդի խոսքերը:

Մինչդեռ, իրականում, տեսանյութում վրացի երիտասարդը բոլորովին այլ բան է ասում: Ընդամենը մի քանի վայրկյան տևած լրագրողի և երիտասարդի երկխոսության իրական թարգմանության և «Միր»-ի ներկայացրած թարգմանության միջև դժվար է ընդհանուր բան գտնել.

-Փորձո՞ւմ եք հովանալ նման կերպ
-Ներողություն..
-Փորձո՞ւմ եք հովանալ
-Այո՛, լոգարանում ջուրն արդեն տաքացել է, պետք է սառն ավելացնեմ ու կրկին պառկեմ: Շնորհակալություն:

Ինչպես երևում է, որևէ խոսք էլեկտրաէներգիայի կամ նման կերպ իշխանություններին բողոք հայտնելու մասին այս տեսանյութում չկա: Փաստացի, ԱՊՀ երկրների համար և այդ երկրների հարկատուների հաշվին գոյացած միջոցներով հեռարձակվող այս հեռուստաընկերությունը ակնհայտ կեղծ լուրեր է տարածում այդ միավորման անդամ չհանդիսացող Վրաստանի մասին:

Ի դեպ, թեև «Միր»-ը հեռարձակվում է հետխորհրդային 13 երկրներում, սակայն այն պարտադիր համապետական հեռարձակում ունի միայն ԵԱՏՄ անդամ երկրներում` Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում և Ղրղզստանում:






Կարդացեք նաև։

Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրը կեղծ է

Մայիսի 9-ին մի քանի լրատվական կայքեր տեղեկություն տարածեցին այն մասին, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է այդ պաշտոնում։ Տեղեկության մեջ մասնավորապես նշված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր…


Վերջին շրջանի ամենատարածված ապատեղեկատվությունները

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության պաշտոնավարման արդեն երկու շաբաթ է զուգորդվում է դեզինֆորմացիայով և մանիպուլյատիվ հրապարակումներով։ Կեղծ տեղեկություններ տարածվում են ինչպես համացանցում՝ ֆեյք…


Ինչպե՞ս ստուգել լուրի իսկությունը

Վերջին տարիներին լրատվական սեգմենտում հաճախ կարելի է հանդիպել կեղծ տեղեկություների (Fake news), որոնց զոհը դառնում են ոչ միայն շարքային քաղաքացիները (սպառողները), այլև լրագրողները։ Լրագրողները, հաճախ ցանկանալով ավելի արագ հրապարակել այս…