Աշոտյանը ԵԱՏՄ-ի բնույթի հարցում հակասում է թե՛ ինքն իրեն, թե՛ ՀՀԿ-ին

25.07.2017 | 13:46

Սկսած 2013 թվականի սեպտեմբերի 3-ից, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցության և Եվրասիական ինտեգրացիոն ուղղությունը բռնելու մասին, իշխանությունները հակասական հայտարարություններ են անում այդ կառույցի բացառապես տնտեսական լինելու և քաղաքական բնույթ չունենալու հարցում: Հարցի վերաբերյալ հերթական հակասությունն ի հայտ եկավ օրեր առաջ:

Հուլիսի 22-ին, մեկնաբանելով ԵԱՏՄ-ից դուրս գալու անհրաժեշտության մասին ԱԺ-ում օրերս հնչած կոչը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կրկին հայտարարում էր, որ այդ միությունը տնտեսական բնույթ ունի:

«..ԵԱՏՄ-ն ոչ թե քաղաքական, այլ տնտեսական միություն է, ուստի կարևորը տնտեսական բաղադրիչն է..»,- ասել էր Շարմազանովը:

Նույն օրը, նույն ժամանակ, սակայն, ՀՀԿ նախագահի տեղակալ և Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը ՀՀ արտաքին քաղաքականության թեմայով ասուլիսի ընթացքում [24։20-ից] նշում էր, որ ԵԱՏՄ-ն նաև «աշխարհաքաղաքական նշանակություն» ունի:

«Եվրասիական տնտեսական միությունը տնտեսական համագործակցության ձևաչափ է, որն իհարկե ունի աշխարհաքաղաքական նշանակություն: Թեպետ փաստաթղթերում դա գրված չէ, բայց ակնհայտ է, որ ունի: Ցանկացած վերպետական տնտեսական միավորում 21-րդ դարում ստանում է քաղաքական կշիռ», – ասել էր Աշոտյանը` հավելելով, որ դրա բովանդակությունը «քաղաքական է»:

Այս հայտարարությամբ պատգամավորը հակասում է ոչ միայն իր կուսակիցներին, այլև անձամբ ինքն իրեն: Ավելի վաղ, դեռ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող Աշոտյանը հարցազրույցներից մեկում հայտարարել էր, որ ԵԱՏՄ-ն «բացառապես տնտեսական բնույթ» ունի:

«Եվրասիական տնտեսական միությունը բացառապես տնտեսական բնույթի վերազգային միավորում է: Հայաստանը խորը և ռազմավարական հարաբերություններ ունի Ռուսաստանի Դաշնության հետ: Հատկապես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում, որը ռազմաքաղաքական միություն է: Եվրասիական տնտեսական միությունում հավասարազոր գործընկերների շարքում մենք մեր տեղը կգտնենք տնտեսական ոլորտում», – ասել էր Աշոտյանը:
Այս հարցազրույցը նախկին նախարարը տվել էր Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ուժի մեջ մտնելուց մեկ ամիս առաջ, երբ դեռ հստակեցված չէր, թե ի՞նչ պետք է սպասել իրականում այս միությունից: Հատկանշական է, որ իշխանությունները ԵԱՏՄ-ի ոչ միայն տնտեսական բնույթի մասին սկսեցին խոսել այն բանից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ այդ կառույցին անդամակցությունը չէր կարող հիմնված լինել միայն տնտեսական հաշվարկների վրա` հաշվի առնելով դրա հետևանքով Հայասատանի կրած վնասները:






Կարդացեք նաև։

Շարմազանովի չհիմնավորված պնդումները

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում Ալիև և Սարգսյան բանակցությունների առաջընթացը փաստաթղթային մակարդակում Վիեննայի և Պետերբուրգի բանակցությունների համեմատ այն…


Ռուսալեզու որոշ ԶԼՄ-ներ ապատեղեկատվություն են տարածում Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի քննարկման վերաբերյալ

Սեպտեմբերի 27-ին ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձանժողովը բացասական եզրակացություն տվեց  նախագծին, որը նախատեսում էր ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության օգուտները և վնասները ուսումնասիրելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծել: Ազգային ժողովի «Ելք» խմբակցության առաջարկած…


ԵԱՏՄ-ի օգուտների մասին Վարդան Արամյանի հոդվածի 3 սխալները (կամ ստերը)

Ինչպես հայտնի է, վերջերս ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության կողմից Եվրասիական տնտեսական միությունը լքելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ, ինչի հետևանքով ՀՀ հասարակական և քաղաքական շրջանակներում ակտիվացել են…


Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։ Դեսպանի կարծիքով հայաստանցիների մեծամասնությունը չի…