Շարմազանովի սուտը ԵԱՏՄ-ից օգուտների մասին

24.07.2017 | 10:55

Օրերս տեղի ունեցած ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստի ավարտին ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, անդրադառնալով ԵԱՏՄ-ից դուրս գալու ընդդիմության առաջարկին, հայտարարեց, որ Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը չի եղել զուտ քաղաքական որոշում, այլ հիմնված է եղել հստակ տնտեսական հաշվարկների վրա:

Արտահանում

Մասնավորապես, Շարմազանովը նշել է, որ ԵԱՏՄ անդամակցության արդյունքում ՀՀ  արտահանումը գրանցել է 23% աճ, որի առյուծի բաժինն ուղղվում է դեպի ԵԱՏՄ անդամ երկրներ: Մի կողմ թողնելով այն փաստը, որ 2017թ. առաջին հինգ ամիսներին ՀՀ արտահանումը աճել է ոչ թե 23, այլ 20,9 տոկոսային կետով՝ պետք է նշել, որ ՀՀ արտահանման ‹‹առյուծի մասնաբաժինը›› ամենևին էլ ԵԱՏՄ չի ուղղվում:

Այսպես, 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ արտահանման գրեթե 30%-ը ուղղվել է դեպի ԵՄ անդամ երկրներ, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներին բաժին է ընկել ընդհանուր արտահանման միայն 22,2%-ը, այն պարագայում, երբ եվրոպական մեկ այլ երկրի՝ Շվեյցարիային, բաժին է ընկել արտահանման շուրջ 13,5%-ը (այս թիվը չի մտնում ԵՄ-ի 30 տոկոսի մեջ):

Մյուս կողմից, դեռևս ընթացիկ տարվա սկզբին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» իրականացրել է դեպի Ռուսաստան արտահանման ապրանքային կառուցվածքի լայնածավալ ուսումնասիրություն, որից ակնհայտ է դառնում, որ արտահանման այսպիսի աճի հիմքը ոչ թե տնտեսության ընդլայնված վերարտադրությունն է, այլ Հայաստանից դեպի Ռուսաստան թուրքական ապրանքների պարզ վերաարտահանումը:

Զբոսաշրջիկներ

Իշխող կուսակցության խոսնակը նաև նշել է, որ ԵԱՏՄ անդամակցության շնորհիվ ՀՀ այցելող զբոսաշրջիկների թիվն ավելացել է մոտ 30 տոկոսով, ընդ որում զբոսաշրջիկների «առյուծի մասնաբաժինը» կրկին եղել են ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիները: Այսուամենայնիվ, ըստ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված տվյալների՝ 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը ավելացել է ոչ թե 30, այլ 18,2 տոկոսային կետով: Իսկ ահա այցելած զբոսաշրջիկների թվով առաջին երկիրը Իրանի Իսլամական Հանրապետությունն է՝ մոտ 30% մասնաբաժնով:

Ավելին, 2017թ. առաջին եռամսյակում իրանցի զբոսաշրջիկների հոսքը աճել է շուրջ 72,8%-ով, իսկ ռուս զբոսաշրջիկների թիվը՝ ընդամենը 12,8%-ով: Արդյունքում, ՀՀ այցելած զբոսաշրջիկների թվով Ռուսաստանի Դաշնությունը երկրորդն է՝ ունենալով 22,3% մասնաբաժին:

Գյուղացին ու ներդրողը

Անդրադառնալով ԵԱՏՄ կազմից դուրս գալու ընդդիմադիրների կոչերին՝ ԱԺ փոխխոսնակը նաև նշել է, որ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն այլընտրանք չունի և դուրս գալու ջատագովները պետք է կոնկրետ առաջարկներ և փաստեր ներկայացնեն: Ըստ նրա՝ Հայաստանի անդամակցությունը հիմնված է եղել հստակ տնտեսական հաշվարկների վրա «թե ինչ կշահի մեր գյուղացին, ինչ կշահի մեր ներդրողը, ինչ կշահի տուրիզմը և տնտեսությունը»:

Ինչպես վկայում են ՀՀ ԱՎԾ կողմից հրապարակված տվյալները, նախորդ տարվա համեմատությամբ 2017թ. առաջին հինգ ամիսներին գյուղատնտեսության համախառն արտադրանքը ՀՀ-ում կրճատվել է մոտ 3,5%-ով, իսկ ահա բուսաբուծական արտադրանքի համախառն ծավալը՝ 16,8%-ով:

Մյուս կողմից, չնայած 2017թ. առաջին եռամսյակում 2016թ. համեմատությամբ օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը ավելացել է 31,7%-ով, այն դեռևս չի վերականգնվել և հասել իր նախկին մակարդակին: Այսպես, 2015թ. համեմատությամբ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը անկում է ապրել 44%-ով կամ 15,6 մլրդ դրամով, իսկ ահա 2014թ. համեմատությամբ այն անկում է ապրել ավելի քան 70%-ով:

Հատկապես կտրուկ անկում է ապրել Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը. նախորդ տարվա համեմատությամբ 2017թ. առաջին եռամսյակում Ռուսաստանի Դաշնությունից ուղղակի ներդրումների զուտ հոսքերի ծավալը կրճատվել է 73,1%-ով՝ 17,8 միլիարդ դրամից հասնելով 4,8 միլիարդ դրամի:

Այս փաստերը վկայում են, որ Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու «հստակ» տնտեսական հաշվարկները այնքան էլ հստակ ու ճշգրիտ չեն եղել՝ ի հեճուկս խոշոր տնտեսական դիվիդենտներ ապահովելու ՀՀ կառավարության հույսերի:






Կարդացեք նաև։

Կարեն Կարապետյանը «սխալմամբ» մեծ աճ է գրանցել

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում սկսել է հրապարակել կառավարության գրանցած ցուցանիշները՝ անդրադառնալով նաև նախորդ տարվա ցուցանիշներին: Դրանցից ինֆոգրաֆիկայի միջոցով պատկերված է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված աճը:…


Սարգսյանի ինքնաբացառման սուտը՝ ՀՀԿ-ականների կատարմամբ (տեսանյութ)

Շուրջ 4 տարի առաջ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը երաշխիքներ տվեց հանձնաժողովականներին, որ վերջիններս Սահմանադրության նոր նախագիծը գրելիս անկախ գործեն: Որպես գլխավոր երաշխիք՝ Սարգսյանը վստահեցրեց,…


Ժողովրդավարությունն` ըստ Էդուարդ Շարմազանովի և իրականում

Մարտի 29-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել էր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հայտարությունը առ այն, որ եթե Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարի…


Ռուսական ընտրություններն ըստ Շարմազանովի և իրականում

Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, որպես ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության ղեկավար, դիտարկել է նախօրեին Ռուսաստանում տեղի ունեցած նախագահական ընտրությունները և արել իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ: Ռուսական ՌԻԱ գործակալությանը տված…