Լապշինն այլևս Կրեմլի «թեման չէ»

21.07.2017 | 13:28

Հուլիսի 20-ին Ադրբեջանում 3 տարվա ազատազրկման դատապարտվեց Ռուսաստանի, Ուկրաինայի և Իսրայելի քաղաքացի հանդիսացող բլոգեր Ալեքսանդր Լապշինը: Նախորդ տարվա վերջին Լապշինին ձերբակալել էին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, ապա արտահանձնել Բաքու, որտեղ նրան Լեռնային Ղարաբաղ այցելելու համար մեղադրում են «պետական սահմանի ապօրինի խախտման» մեջ:

Մինսկի կողմից բլոգերի արտահանձնումը Բաքու մեծ աղմուկի պատճառ դարձավ: Բլոգերի իրավունքների պաշտպանությամբ հանդես եկան թե՛ Ռուսատանը, թե՛ Իսրայելը:

«Բանակցություններ չեն վարվում, սակայն ձեռք են առնվում հնարավոր բոլոր միջոցները Լապշինի պաշտպանության համար… Մեզ համար նա մեր երկրի քաղաքացի է հանդիսանում: Մենք շարունակում ենք օրինավոր կերպով պաշտպանել նրա շահերը», – մեկնաբանելով բլոգերի ձերբակալումը` այս տարվա փետրվարին հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Որպես պատասխան Բաքվից հնչեց, որ Ադրբեջանին ՌԴ քաղաքացի արտահանձնելով՝ հնարավոր չէ վնաս հասցնել Ռուսաստանի և Ադրբեջանի երկկողմ հարաբերություններին: Իրադարձությունը վնաս չհասցրեց նաև Ռուսաստանի համար մեկ դաշնակիցը համարվող Բելառուսի հետ այդ երկրի հարաբերություններին, որն արտահանձնեց ՌԴ քաղաքացի բլոգերին:

Սակայն, միջազգային աղմուկ հանած դեպքից 5 ամիս անց Մոսկվան վերանայել է իր դիրքորոշումն այս հարցում: Լապշինի դատապարտման որոշման հրապարակումից հետո ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հուլիսի 20-ին բոլորովին այլ բան է հայտարարել:

«Նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` ի պատասխան հարցին, թե արդյո՞ք Կրեմլում հետևում են Լապշինի գործին և պնդելու են արդյո՞ք, որպեսզի նա արտահանձնվի ՌԴ-ին, Պեսկովն ասել է․ «Ոչ, դա Կրեմլի թեման չէ»:

Պեսկովի հայտարարությունից քիչ անց հայտարարությամբ հանդես եկավ ՌԴ Արտաքին գործերի նախարարությունը: Հայտարարության համաձայն` Ռուսաստանը շարունակելու է պաշտպանել Լապշինի շահերը և «Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահում Լապշինի և նրա փաստաբանի հետ»:

Այսպիսով, Կրեմլը, որն ամսիներ առաջ «օրինավոր կերպով» պաշտպանում էր իր քաղաքացի Լապշինի շահերը, այժմ հրաժարվում է այդ պատասխանատվությունից` իջեցնելով դրա կարևորությունը դեսպանատան մակարդակի:






Կարդացեք նաև։

Ա. Սաղաթելյանը Ս. Սարգսյանի հայտարարությունները թողած՝ Փաշինյանի հոդվածն է աղավաղում

Ազգային ժողովի մայիսի 1-ի հատուկ նիստում, որտեղ քննարկվում էր վարչապետի թեկնածուի ընտրության հարցը, Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը հարց ուղղեց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին: Արման Սաղաթելյանի հարցը վերաբերում էր Փաշինյանի…


Նախիջևանից 20.000 հեկտար «վերցնելու» մասին ՀՀԿ-ականի մանիպուլյացիան

Հանրապետական կուսակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը «Հրապարակ» օրաթերթին տված հարցազրույցում աղմկահարույց հայտարարություն է արել։ Պատասխանելով լրագրողի այն պնդմանը, որ հենց Սերժ Սարգսյանի գերագույն հրամանատարության ժամանակ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը, որտեղ հայկական…


Հետաքրքիր ստեր, որ բացահայտեցինք 2017-ին

Ամփոփոլեով 2017 թվականը  Sut.am-ն առանձնացրել է տարվա առավել հետաքրքիր հրապարակումներն ու որոշել առավելագույնս հակիրճ պատմել դրանց մասին: Այսպիսով, մենք փաստացի մի առանձին շարք ունեցանք չիրականացված խոստումների և ծրագրերի մասին։ Հանրապետական…


Ադրբեջանում ստում են Բաքվում բնակվող 20 հազար հայերի մասին

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի աշխարհագրության ինստիտուտի մարդկանց աշխարհագրության բաժնի ղեկավար Զաքիր Էմինովը նոյեմբերի 22-ին ակադեմիայում տեղի ունեցած սեմինարի ժամանակ որոշ ուշագրավ տվյալներ էր ներկայացրել Ադրբեջանի բնակչության վերաբերյալ: Մասնավորապես, Էմինովը պնդել…