Որոշ ԶԼՄ-ներ Իրաքի տանկերն «ուղարկեցին» Իրան

20.07.2017 | 15:41

Հուլիսի 20-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականը հայտնեց, որ Ռուսաստանը Իրաքին T-90 տանկեր է վաճառել: Մոսկվայի և Բաղդադի միջև պայմանագրի ստորագրման փաստը հաստատել էր ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը: Պարբերականի փոխանցմամբ` փորձագետները պայմանագրի արժողությունը գնահատել են 1 միլիարդ ամերիկյան դոլար:

Այս նորությունը հայկական որոշ լրատվականներ յուրովի ներկայացրեցին և Իրաքի համար նախատեսված սպառազինությունը ուղարկեցին հարևան Իրան:

Մանսավորապես, News.am լրատվական կայքը հայտնեց, որ Ռուսաստանն Իրանին T-90 տանկեր կմատակարարի: «Մոսկվան ու Թեհրանը Իրանին ռուսական T-90 տանկեր մատակարարելու պայմանագիր են ստորագրել», – գրում է news.am-ը` հղում անելով «Իզվեստիային», թեև ռուսական լրատվամիջոցի հրապարակման մեջ Թեհրանի հետ համագործակցության մասին որևէ տեղեկատվություն չկա:

Նույնաբովանդակ նորություն է տեղադրվել նաև Artsakhpress.am կայքում` կրկին հղում տալով ռուսական «Իզվեստիային»։

Armtimes.com-ում ևս Իրաքին վաճառված տանկերը հանձնեցին Իրանին և «վերլուծություն» պատրաստեցին այդ թեմայով: «Ռուսաստանն ամրապնդվում է Թուրքիայի և Իրանի սպառազինությունների շուկաներում: Թուրքիայի հետ C-400 զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին պայմանավորվածությանը զուգահեռ Ռուսաստանը պայմանագիր է կնքում Իրանի հետ ռուսական Т-90 տանկեր մատակարարելու վերաբերյալ», – գրում է լրատվականը` կրկին որպես աղբյուր վկայակոչելով «Իզվեստիա»-ն:

Նման շփոթության պատճառ կարող էր դառնալ երկու երկրների անվանումների նմանությունը, ինչպես նաև, հանգամանքի չիմացությունը, որ 2016 թվականի գարնանն Իրանը հրաժարվել է ռուսական T-90  ձեռք բերելու իր ցանկությունից` երկրի կարիքները սեփական արտադրության սպառազինությամբ բավարերլու նպատակով:

Այս խառնաշփոթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հայկական լրատվամիջոցներում չեն սիրում սկզբնաղբյուրներից օգտվել և հաճախ պարզապես տարածում են մեկը մյուսի անփույթ աշխատանքը և նույնիսկ վերլուծություններ գրում իրենց կողմից չճշտված նորությունների մասին։






Կարդացեք նաև։

Նիկոլ Փաշինյանը չի դադարեցրել արագաչափերի գործունեությունը. ԶԼՄ-ները ոչ ճիշտ վերնագրեր են ընտրել

Կառավարության մայիսի 17-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և ոստիկանապետ Վալերի Օսիպյանին, անդրադարձավ արագաչափ սարքերով և տեսախցիկներով ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների խախտումներ արձանագրելու խնդրին: Նիկոլ Փաշինյանն իր…


Դավիթ Հարությունյանի վերանշանակման մասին լուրը կեղծ է

Մայիսի 9-ին մի քանի լրատվական կայքեր տեղեկություն տարածեցին այն մասին, որ արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը վերանշանակվել է այդ պաշտոնում։ Տեղեկության մեջ մասնավորապես նշված է․ «ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր…


Վերջին շրջանի ամենատարածված ապատեղեկատվությունները

Ապրիլի 13-ից Երևանում մեկնարկած բողոքի շարժումը ընդդեմ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության պաշտոնավարման արդեն երկու շաբաթ է զուգորդվում է դեզինֆորմացիայով և մանիպուլյատիվ հրապարակումներով։ Կեղծ տեղեկություններ տարածվում են ինչպես համացանցում՝ ֆեյք…


Թուրքիան Ռուսաստանից և Իրանից հետ չի կանչել իր դեսպաններին

Հայկական մի շարք լրատվամիջոցներ հայտնում են Անկարայի կողմից Ռուսաստանում և Իրանում Թուրքիայի դեսպանների հետ կանչման մասին, ինչը չի համապատասխանում իրականությանը։ «Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը հետ է կանչել Իրանում և Ռուսաստանում…