Ռուսաց լեզվի խնդիրը դուրս մնաց Հ1-ի «Օրակարգից»

18.07.2017 | 19:28

Օրերս մեծ աղմուկ հանեց հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ հայկական վարորդական վկայականների հետ կապված Ռուսաստանում առաջացած խնդրի բարձրաձայնումն ու դրա լուծման դիմաց ՀՀ-ում ռուսերենը պաշտոնական լեզու դարձնելու «կոնտր-առաջարկը»:

Սակայն այդ սկանդալը դուրս մնաց հանդիպման մասին Հանրային հեռուստատեսության պատրաստած ռեպորտաժից:

«Արցախի հակամարտության հարցն առաջնային է եղել ՀՀ ու ՌԴ օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպմանը: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Մոսվայում Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ քննարկել է ադրբեջանական վերջին սադրանքն ու հիշեցրել, որ Ադրբեջանը զոհերից կխուսափեր, եթե հավատարիմ մնար Վիեննայի և ՍանկտՊետերբուրգի պայմանավորվածություններին: Հայ և ռուս օրենսդիրները քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր, պայմանավորվել հետագայում ևս անդրադառնալ դրանց և գտնել լուծումներ»:

Սա այն ամենն է ինչ Հ1-ում  ցանկացել են, որպեսզի տեսնի և իմանա հեռուստադիտողը աղմկահարույց հանդիպման մասին: Սակայն հանրությանը, որին օբյեկտիվ տեղեկատվությամբ ապահովման գործառույնթը վստահված է հենց Հանրային հեռուստաընկերությանը, այդ հանդիպման բոլորովին այլ հատված էր առավել հետաքրքրել և անհանգստացրել:

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հայ և ռուս պաշտոնյաները քննարկել էին ՌԴ-ի կողմից ՀՀ-ում տրված վարորդկան իրավունքով մասնագիտական գործունեություն ծավաալելու արգելքը, ինչին ի պատասխան Պետդումայի ղեկավար Վոլոդինը առաջրկել էր Բաբլոյանին վերանայել Հայաստանում ռուսաց լեզվի կարգավիճակը և դարձնել այն պաշտոնական լեզու:

Մեկնաբանելով հուլիսի 1-ից ուժի մեջ մտած օրենքը, որով արտասահմանյան վարորդական իրավունք ունեցողներին արգելվում է աշխատել որպես վարորդ ՌԴ տարածքում` Վոլոդինն  ասել էրԿարող եմ ասել միայն մեկ բան` ամրագրեք այն [ռուսերենը] որպես պաշտոնական լեզու և այդ ժամանակ ավտոմատ կերպով օրենքը կընդգրկի նաև Հայաստանի Հանրապետությունը:»:  

Վոլոդինի այս հայտարարության արձագանքը սպասեցնել չտվեց: Դրան արձագանքեցին Արա Բաբլոյանը, Էդմոն Մարուքյանը, Էդուարդ Շարմազանովը, Արմեն Աշոտյանը և այլ քաղաքական գործիչներ: Դա, ըստ էության, դարձավ մի քանի օրերի քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը:

Ընդ որում, Արմեն Աշոտյանն, ով պատվիրակության կազմում նույնպես գտնվում էր Մոսկվայում կայացած հանդիպմանը, պնդում է, որ Վյաչեսլավ Վոլոդինի այս առաջարկին ի պատասխան հայտարարել է, որ  «ռուսաց լեզվի սահմանադրական կարգավիճակի հարց օրակարգում չկա»:

Սակայն Աշոտյանն «օրակարգ» ասելով, ամենայն հավանականությամբ, նկատի է ունեցել քաղաքական օրակարգը, ոչ թե «Առաջին ալիքի» «Օրակարգ» հաղորդումը, որից դուրս մնաց այս ամբողջ պատմությունը:

Հանգամանքը, որ Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության լրահոսը կազմելիս լրատվական թիմը հիմնականում հիմնվում է պաշտոնական տեղեկատվության վրա հայտնի է: Սակայն այս դեպքում անգամ ԱԺ-ի պաշտոնական կայքէջում տարածված հաղորդագրության մեջ փոխանցվում է ռուսերենը որպես պաշտոնական լեզու ընդունելու վերաբերյալ առկա տարաձայնության մասին, բայց «Առաջին ալիքն» ավելի կարևոր է համարել այս մասին պատմելու եթերաժամն օգտագործել, օրինակ, Հայաստանում հանդկական սերիալի նկարահանումների մասին պատմող ռեպորտաժի համար:






Կարդացեք նաև։

Ծուխ հեռուստադիտողների աչքերին Հանրայինի եթերից

Մարտի 31-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մեկնարկած «Իմ քայլը» նախաձեռնությունը հայաստանյան համապետական սփռում ունեցող գրեթե բոլոր հեռուստաընկերությունների լրատվական թողարկումները խուսափում են լուսաբանել։ Շարժման իրականցրած ակցիաները չի լուսաբանում նաև Հանրային հեռուստաընկերությունը։ Դրա…


Հ1-ը 2017 թ-ի ԱԺ ընտրությունների գնահատականներից միայն դրականն է «հիշում»

Ապրիլի 8-ին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության կիրակնօրյա ամփոփ թողարկման՝ «360 աստիճան»-ի շրջանակներում անդրադարձ է կատարվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Ռեպորտաժի հեղինակը նշել է, որ ԵՄ-ն և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը դրական են գնահատել տեղի…


Հեռուստաընկերությունները խոսում են ամեն ինչից, բացի «Իմ քայլը» ակցիայից (լրացված)

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մարտի 31-ին հրապարակեց Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու դեմ պայքարի ճանապարհային քարտեզը: Այն հրապարակվեց Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում, որից հետո հայտարարվեց, որ ՔՊ անդամները քայլերթով Գյումրիից հասնելու են…


Բարձրագույն կրթության օրենքի գաղտագողի լսումներ ԱԺ-ում

Փետրվարի 21-ին Ազգային ժողովում հանրային լսումներ էին անցկացվում «Բարձրագույն կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, որը, կարելի է ասել, իրականացվել է գաղտնիության ռեժիմում: Մինչ բուն նախագծին և վիճահարույց դրույթներին անդրադառնալը,…