«Շանթ»-ով և Հ1-ով ստում են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցի մասին

13.07.2017 | 11:35

Հուլիսի 10-ին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հրապարակեց ապրիլի 2-ին կայացած ՀՀ խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության վերջնական զեկույցը: Զեկույցը հուլիսի 11-ին լուսաբանվեց Հ1 և Շանթ հեռուստաալիքների հիմնական լուրերի թողարկումներում` Հ1 Օրակարգի 21։00 եթերում և Շանթի Հորիզոնի 22։00 թողարկման ընթացքում: Ընդ որում, Հորիզոնի դեպքում խոսքը դասական ռեպորտաժի մասին չէ, այլ՝ քաղաքագետ Կնյազ Սարոյանի հետ հարցազրույցի (այդ քաղաքագետի մասին մենք նախկինում չենք լսել):

Ուշագրավ է, որ թե Հ1 Օրակարգը և թե Շանթի տաղավար հարցազրույցի հրավիրված Կնյազ Սարոյանը զեկույցը ներկայացնում են հիմնականում միայն դրական կողմից՝ բացասականին անդրադառնաով հպանցիկ: Ավելին, թե Հ1-ի լրագրողի կողմից և թե Շանթի եթերում հարցազրույցի հրավիրված Սարոյանի կողմից ԵԱՀԿ զեկույցում հեռուստատեսությունների աշխատանքի գնահատման վերաբերյալ հնչեցվում է «հավասարակշռված» բառը: Այդուհանդերձ, զեկույցում չկա նմանօրինակ բառ, և նման գնահատական չէր էլ կարող լինել:

Զեկույցը հեռուստատեսությունների աշխատանքի գնահատումը կատարում է երկու հիմնական սկզբունքով՝ ժամանակի հավասար տրամադրում բոլոր քաղաքական ուժերին և տոնայնություն:

Ժամանակ

Ըստ ԵԱՀԿ զեկույցի՝ Հ1-ի լրատվական հաղորդումներում ժամանակը քաղաքական ուժերի միջև համաչափ է բաշխվել, սակայն Շանթի դեպքում պատկերը այլ է. Շանթի լրատվական հաղորդումների ժամանակի 20 տոկոսը ՀՀԿ-ին է տրամադրվել, մինչդեռ մյուս քաղաքական ուժերին հասել է ընդամենը 7-12 տոկոս:

Տոնայնություն

Թեև ԵԱՀԿ զեկույցը նշում է, որ անմիջական քարոզչական ժամանակահատվածում մշտադիտարկված հեռուստատեսությունների տոնայնությունը 98 տոկոսի դեպքում չեզոք կամ դրական է եղել, այդուհանդերձ նախաքարոզչական շրջանում՝ փետրվարի 24-ից մարտի 4-ն ընկած ժամանակահատվածում, մշտադիտարկված հեռուստատեսությունները ցուցաբերել են հստակ կողմնակալություն՝ հօգուտ այն կուսակցությունների, որոնց հետ կոնկրետ հեռուստաալիքները հրապարակայնորեն ասոցացվում են: Ըստ ամենայնի, հենց այս նկատառումից ելնելով՝ ԵԱՀԿ զեկույցում առաջարկվում է հեռուստատեսությունների լրատվության մշտադիտարկում իրականացնել ողջ տարվա կտրվածքով:

Քննադատություն

Բացի վերոնշյալ կետերից ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցը նաև նշում է, որ «հեռարձակվող լրատվամիջոցների ազատությունը սահմանափակված էր դրանց սեփականատերերի կողմից խմբագրական անկախությանը միջամտելու միջոցով: Դա հանգեցրեց լրագրողների ինքնագրաքննության և կառավարությանը քննադատող հաղորդումների ապաքաջալերմանը, ներառյալ հանրային հեռուստատեսությամբ»:  Այս միջամտությունը ըստ ԵԱՀԿ-ի՝ «ապաքաջալերում է կառավարության քննադատական լուսաբանումը, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ: Ընտրություններին առնչվող նորությունները, որոնք հանրային հետաքրքրություն են առաջացնում, այդ թվում՝ դպրոցների տնօրենների կողմից կազմված աջակիցների ցուցակների հրապարակումը, ԿԸՀ ներկայացված ընտրություններին առնչվող բողոքները չեն լուսաբանվել Հանրային հեռուստատեսության երեկոյան 21:00-ի լուրերի թողարկումներում, բայց լուսաբանվել են այլ լրատվամիջոցների կողմից»:

Հետևաբար, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցի հեռուստատեսությունների աշխատանքի գնահատականը որևէ կերպ չի կարելի բնութագրել որպես «հավասարակշիռ»: Զեկույցում այս բառը չի կիրառվում, և բացառապես դրական կողմից զեկույցի լրատվամիջոցների վերաբերյալ հատվածի ներկայացումը Հանրային հեռուստատեսության կողմից հասարակական կարծիքի մանիպուլյացիա է և ուրիշ ոչինչ:






Կարդացեք նաև։

Մամուլը «խնջույքը» վերածեց «հաճույքի»

Օրերս Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ «Զինված խմբի» գործով հերթական դատական նիստը։ Գործով մեղադրվող Նելլի Մինասյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր…


«Միր»-ը կեղծել է Թբիլիսիի շոգից բողոքող երիտասարդի պահանջը

ԱՊՀ երկրների համար միջպետական նշանակություն ունեցող ռուսալեզու «Միր» հեռուստաընկերությունը, որի ֆինանսավորումը գոյանում է նաև ՀՀ հարկատուների հաշվին, կեղծ հեռուստառեպորտաժ է հեռարձակել Վրաստանի կոմունալ ծառայությունների առաջացրած խնդիրների մասին` խեղաթյուրելով իրականությունը: Օգտագործելով…


Որոշ ԶԼՄ-ներ Իրաքի տանկերն «ուղարկեցին» Իրան

Հուլիսի 20-ին ռուսական «Իզվեստիա» պարբերականը հայտնեց, որ Ռուսաստանը Իրաքին T-90 տանկեր է վաճառել: Մոսկվայի և Բաղդադի միջև պայմանագրի ստորագրման փաստը հաստատել էր ՌԴ նախագահի ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը:…


Ռուսաց լեզվի խնդիրը դուրս մնաց Հ1-ի «Օրակարգից»

Օրերս մեծ աղմուկ հանեց հուլիսի 17-ին Մոսկվայում կայացած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՌԴ Պետական Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հանդիպման ժամանակ հայկական վարորդական վկայականների հետ կապված Ռուսաստանում առաջացած…