Ովքե՞ր են քաղաքական և խղճի բանտարկյալները. որոշ հստակեցումեր

26.06.2017 | 10:35

Հայաստանում վերջին տարիներին ազատազրկված մի շարք անձանց հետ կապված գոյություն ունի տեսակետների բախում, թե արդյո՞ք այդ անձինք հանդիսանում են քաղաքական բանտարկյալներ: Հիմնական միտումն այն է, որ իշխանության ներկայացուցիչները հերքում են Հայաստանում քաղաքական բանտարկյալների առկայությունը, իսկ ընդդիմադիր, ինչպես նաև հասարակական գործիչները, իրավապաշտպանները գտնում են, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան: Ավելին, կան մարդիկ, ովքեր պնդում են, որ եթե անձի գործողություններում հանցակազմ կա, ապա այդ մարդն արդեն չի կարող քաղբանտարկյալ կոչվել:

Քաղաքական բանտարկյալների հարցերով զբաղվող միջազգային կառույցներն ունեն որոշակի չափանիշներ այս կամ այն անձին այդ կատեգորիային դասելու համար: Փորձենք քննարկել ամենահեղինակավոր կառույցների կողմից «քաղբանտարկյալ» և «խղճի բանտարկյալ» եզրույթների սահմանումները:

ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ, որին նաև Հայաստանն է անդամակցում) 2012թ. ընդունված բանաձևով վերահաստատել է 2001թ.-ին իր կողմից ընդունված չափանիշներն առ այն, թե ովքեր կարող են համարվել քաղաքական բանտարկյալ: Բանաձևում մասնավորապես նշված է, որ ազատությունից զրկված անձը կարող է համարվել քաղաքական բանտարկյալ, եթե

  • անձը ազատազրկվել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և կից արձանագրություններով երաշխավորված հիմնարար իրավունքներից/ազատություններից որևէ մեկի խախտմամբ, մասնավորապես խղճի, մտքի, կրոնի, արտահայտման, տեղեկատվության, հավաքների, միավորումների ազատության,
  • անձի ազատազրկումը տեղի է ունեցել զուտ քաղաքական պատճառներով՝ առանց որևէ հանցանքի հետ առնչություն ունենալու,
  • քաղաքական դրդապատճառներով ազատազրկման ժամկետը կամ պայմանները հստակորեն անհամաչափ են այն հանցանքին, ինչի համար անձը մեղավոր է ճանաչվել կամ կասկածվում է,
  • քաղաքական դրդապատճառներով անձը այլ անձանց համեմատ խտրական կերպով է ազատազրկվել, կամ
  • ազատազրկումը արդյունք է հստակորեն անարդար դատավարության, ինչը առերևույթ կապված է իշխանությունների քաղաքական դրդապատճառների հետ:

Բանաձևում նաև հստակորեն սահմանվում է, որ ահաբեկչական գործողությունների համար ազատազրկված անձինք չեն կարող համարվել քաղաքական բանտարկյալներ:

Ամնեսթի Ինթերնեշնլ

Աշխարհահռչակ Ամնեսթի Ինթերնեշնլ իրավապաշտպան կազմակերպությունը առանձնացնում է երկու հասկացություն՝ քաղաքական բանտարկյալ և խղճի բանտարկյալ: Կազմակերպությունը քաղաքական բանտարկյալ տերմինի համար ունի ավելի լայն սահմանում, մասնավորապես այն քաղաքական բանտարկյալ է համարում ազատազրկված ցանկացած անձի, ում դեպքն ունի նշանակալի քաղաքական տարր՝ կլինի դա բանտարկյալի գործողությունների դրդապատճառը, բուն գործողությունը թե այդ անձի նկատմամբ իշխանությունների գործողությունների դրդապատճառները: Կազմակերպությունը քաղաքական բանտարկյալների համար պահանջում է արդար դատավարություն:

Քաղաքական բանտարկյալ հասկացությունն իր մեջ ներառում է խղճի բանտարկյալ հասկացությունը: Ամնեսթի Ինթերնեշնլը խղճի բանտարկյալ է համարում միայն այն անձանց, ովքեր բանտարկությամբ կամ այլ եղանակով ազատությունից զրկվել են իրենց համոզմունքների, արտահայտած տեսակետների կամ ազգային, ռասայական և այլ պատկանելության համար և, որպես պարտադիր պայման, որևէ բռնություն չեն գործադրել կամ քարոզել: Կազմակերպությունը գտնում է, որ բոլոր խղճի բանտարկյալները պետք է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակվեն:

Հայաստանում

Հետևապես, կարելի է վստահաբար պնդել, որ երկու չափանիշներով էլ Հայաստանում քաղաքական բանտարկյալներ կան: ԵԽԽՎ-ի չափանիշներով քաղաքական բանտարկյալներ են, օրինակ, Անդրիաս Ղուկասյանը, Գևորգ Սաֆարյանը, Շանթ Հարությունյանը, Հայկ Կյուրեղյանը և այլն։ «Սասնա ծռերի» քաղաքական բանտարկյալ լինել/չլինելը ԵԽԽՎ-ի չափանիշներով քննարկման առարկա է, բայց եթե հիմնավորվի, որ, օրինակ, նրանց նկատմամբ վերաբերմունքը առավել խիստ է իրենց ընդդիմադիր հայացքների համար, ապա իրենք էլ պետք է որակվեն քաղաքական բանտարկյալ:

Ամնեսթի Ինթրնեշնլի սահմանմամբ «Սասնա ծռերը» քաղաքական բանտարյալներ են, իսկ Գևորգ Սաֆարյանը, Անդրիաս Ղուկասյանը և մի շարք այլ անձինք՝ խղճի բանտարկյալներ:

Անուշ Համբարյան






Կարդացեք նաև։

Դատախազի սուտը քաղբանտարկյալների ու միջազգային կառույցների դիրքորոշման մասին

Օրեր առաջ լրատվամիջոցների հետ զրույցում Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարեց, որ «Ամեն դեպքում որևէ միջազգային կառույցի կողմից մինչ այսօր ինձ հայտնի չի փաստ, որ որևէ մեկը ճանաչված լինի քաղբանտարկյալ՝…


Ասյա Խաչատրյանը Ադրբեջանում չի եղել՝ հակառակ Գառնիկ Իսագուլյանի

Փետրվարի 1-ից 3-ը Արցախի ոստիկանների կողմից բռնության և անհարգալից վերաբերմունքի արժանացած ՀՀ քաղաքացի, 19-ամյա Ասյա Խաչատրյանի մասին Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը կեղծ տեղեկություն է ներկայացրել ԶԼՄ-ներին: Իսագուլյանը…


Իրականությանը չհամապատասխանող թվեր՝ ցույցերի մասնակիցների քանակի մասին

Մարտի 16-ին 1in.am լրատվական կայքի վերլուծական բաժնում հրապարակվել է «Քաղաքականության միստիկ վախճանը» վերնագիրը կրող մի հոդված, որում հեղինակն անդրադառնում է Ազատության հրապարակում «Հաց բերող» անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան տարելիցի…


Քաղբանտարկյալի անուն միջազգային կազմակերպություններից. հատուկ Արմեն Սարգսյանի համար

Հայաստանի 4-րդ նախագահի թեկնածու, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանը փետրվարի 22-ին Ազատություն ռադիակայանին տված հարցազրույցի ժամանակ, խոսելով քաղբանտարկյալների մասին, հայտարարել է. «իհարկե, խնդիրը պարզ չէ, որովհետև եթե այսօր հարցում…