Կենսաբանական զենքի սուտը լայն տարածում է ստանում

19.06.2017 | 15:16

Նախորդ շաբաթ «Հանուն օրենքի»  հասարակական շարժման անդամ ներկայացած 3 երիտասարդ բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դիմաց։

Նրանցից մեկը՝ Արման Ղուկասյանը, լրագրողներին հայտնեց, որ հավաքվելու պատճառը Հայաստանում ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող ռեֆերենս բիոլոգիական լաբորատորիաներն են։ Ղուկասյանի խոսքով՝ այդ լաբորատորիաներն ունեն ռազմական նշանակություն և վտանգավոր են Հայաստանի համար, քանզի այնտեղ կարող է բիոլոգիական զենք արտադրվել։

Որպես հիմնավորում իր խոսքերին երիտասարդն ասաց․ «Այսպիսի լաբորատորիաներ գործում են աշխարհի ավելի քան 400 երկրում» և «իրենք բոլորը ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության կողմից, Պենտագոնի կողմից»։

Դժվար է հստակ ասել, թե ո՞ր «400 երկրների» մասին է խոսում Ղուկասյանը, սակայն մեզ առայժմ հայտնի է ընդամենը 197 պետություն։

Նշենք, որ խնդրո առարկա լաբորատորիաները ֆինանսավորվում են ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության կողմից: 1991 թվականին ստեղծված այդ գործակալության նպատակներից է կենսաբանական զենքերի և վտանգների տարածման կանխարգելումը:

Գործակալությունը Հայաստանի իշխանությունների հետ համագործակցում է 2000 թվականից, երբ մեր կառավարությունները ստորագրեցին Զանգվածային զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին համաձայնագիրը:

Լաբորատորիաների ֆինանսավորման նպատակներից է ընդլայնել Հայաստանի ունակությունը հայտնաբերելու, ախտորոշելու և հաղորդելու անվտանգության համար մարտահրավեր հանդիսացող էնդեմիկ և համաճարակային, տեխնածին կամ բնական պաթոգենների և հիվանդությունների բռնկումների և բիոահաբեկչական հարձակումների մասին: Այդ կերպ, Միացյալ Նահանգները նվազեցնում են թե տարածաշրջանում և թե աշխարհում կենսաբանական զենքից և համաճարակներից եկող հնարավոր վտանգները:

Այլ կերպ ասած, ԱՄՆ-ն ֆինանսավորում է նշված լաբորատորիաները, որպեսզի օգնի Հայաստանին առավել արդյունավետ պայքարել էպիդեմիաների ու կենսաբանական զենքի տարածման դեմ, քանի որ դրանցից կարող է տուժել ողջ մարդկությունը:

Դրանք գիտական լաբորատորիաներ են, որոնք ենթարկվում են ՀՀ գյուղատնտեսոթյան ու առողջապահության նախարարություններին: Ավելին, դրանք նաև գույք են ստանում Ռուսաստանից, որը ևս շահագրգռված է էպիդեմիաների ու կենսաբանական զենքի տարածման դեմ պայքարում Հայաստանի կարողությունների զարգացմամբ:

Ու քանի դեռ վերջին օրերին Արման Ղուկասյանը նաև հայտարարում էր, որ այդ լաբորատորիաներում աշխատում են ԱՄՆ զինվորականներ, «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից մեզ հայտնեցին, որ լաբորատորիաների աշխատակիցները բացառապես հայաստանցիներ են: Դրանց թվում չկան ամերիկացիներ (առավելևս՝ ԱՄՆ զինվորականներ):

Հավելենք, որ այս անձինք դեռևս նոյեմբերից են տարածում կենսաբանական զենքերի մասին ապատեղեկատվությունը, որը հիմանակնում հեռարձակվում է ռուսական ու պրոռուսական լրատվամիջոցների կողմից (օրինակ՝ armeniasputnik.am, geoclub.info, kavkazoved.info, openarmenia.com, verelq.am, regnum.ru, fondres.ru, eadaily.com, eurasianinfoleague.com, armsovereignty.com և այլն): Այս անգամ, սակայն, ապատեղեկատվության տարածմանը ակամայից միացան նաև պրոռուսական համբավ չունեցող ԶԼՄ-ներ՝ armtimes.com, panorama.am, tert.am և այլն։

Հավելենք, որ դեռևս հունիսի 12-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» դիմել է ՀՀ Դատախազություն՝ խնդրելով հետաքննել և մեկընդմիշտ պատասխանել այն հարցին, թե արդյո՞ք այդ լաբորատորիաները կենսաբանական զենք արտադրում են, թե ոչ:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև հրապարակել է փոքր զեկույց՝ անրադառնալով այս ապատեղեկատվությունը տարածողների մոտիվներին՝ գալով այն եզրակացության, որ նշված ապատեղեկատվական հրապարակումների հիմնական նպատակը հայաստանցիների աչքերում Ամերիկայի միացյալ նահանգների՝ «թշնամու» և «վտանգի», իսկ Ռուսաստանի Դաշնության՝ «անվտանգության երաշխավորի» ու «փրկարարի» կերպարի կերտումն ու խորացումն է:

 






Կարդացեք նաև։

Վիգեն Սարգսյանը և Հ1-ը սուտ տեղեկություններով վարկաբեկում են ուսանողներին

Նոյեմբերի 7-ին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման 21։00-ի թողարկումը նշում է․ «տարկետման իրավունքը սահմանափակող օրենքի դեմ բողոքող ուսանողները պահանջել են հանդիպում կրթական ու պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ։ Վիգեն Սարգսյանն ընդունել է…


Կենսաբանական զենքի մասին անհեթեթ տեղեկությունը հասավ Regnum

Օրերս ռուսական Regnum գործակալությունը ներկայացրեց մի ուսումնասիրություն, համաձայն որի ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի «Վտանգների նվազեցման գործակալության» ֆինանսավորմամբ 2016 թվականին Երևանում, Գյումրիում և Իջևանում բացված ռեֆերենս լաբորատորիաները ունեն երկակի նշանակություն և կարող…


«Կենսաբանական զենքերի» լաբորատորիան նաև ՌԴ-ից է փող ստանում

2016 թվականի նոյեմբերի 24-ին SUT.am-ը անդրադարձել էր «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովին, որի ընթացքում սուտ տեղեկություններ էին հրապարակվել ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ կենսաբանական զենք ստեղծելու մասին։ Մասնավորապես,…


Ապատեղեկատվություն ՀՀ-ում ԱՄՆ կենսաբանական զենքի մասին

Այսօր որոշ հայկական լրատվամիջոցներ, լուսաբանելով «Բժշկա-կենսաբանական լաբորատորիաները Հայաստանի անվտանգության եւ ինքնիշխանության համատեքստում» թեմայով համաժողովը, հանդես եկան հրապարակումներով՝ ՀՀ-ում ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող լաբորատորիաների «կասկածելի» նպատակների մասին։ Նույն նյութը նաև տարածվել է «Արարատ»…