Գուրգեն Եղիազարյանի սուտը Վլադիմիր Պուտինի մասին

14.06.2017 | 16:39

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադառձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին։

Քննադատելով Սերժ Սարգսյանի 10 տարվա գործունեությունը՝ Եղիազարյանը հորդորեց նրան «գոնե վերջին մի քանի ամիսը զբաղվել արտաքին քաղաքականությամբ»։

ԱԱԾ նախկին պետի տեղակալը օրինակ բերեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գործունեությունը՝ ասելով  «երբ Պուտինը մի քայլի դիմում է, սկզբից մտածում է իր երկրի շահի մասին․ ո՛չ փեսու, ո՛չ հորեղբոր տղու, ո՛չ ախպոր»։

Նշենք սակայն, որ ի հեճուկս Հայաստանում օտար պետության նախագահի «փաստաբանի» դեր ստանձնած նախկին բարձրաստիճան պաշտոնյայի պնդումներին՝ Ռուսաստանում կան բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ, ովքեր իրենց գործունեության ընթացքում բազմիցս ապացուցել և հրապարակել են փաստեր Պուտինի և իր մերձավոր շրջապատի կոռումպացված լինելու մասին։

Մասնավորապես, քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին վերջերս հրապարակել է հետաքննություն, որում բացահայտվում են Պուտինի և իր խոհարար Եվգենի Պրիգոժինի կոռոպցիոն գործունեության մեխանիզմները, ինչպես նաև հափշտակած գումարների չափը։

«Սա խոշորագույն կարտելային գործն է Ռուսաստանում դիտարկվածներից այս պահի դրությամբ: Կարտելի միջոցով Պուտինի խոհարարը ստացել է 23 միլիարդ ռուբլու պետական պայմանագրեր և այդ գումարի նշանակալի մասը պարզապես գողացել է», – գրում է Նավալնին։

Հատկանշական է, որ այս հետաքննության մեջ անմասն չի մնացել նաև Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասը։ Ըստ հրապարակված փաստաթղթի՝ Պրիգոժինին պատկանող ընկերություններից մեկը գրանցված է Հայաստանում տեղակայված ՌԴ զորամասերից մեկում, որտեղ գործում է «ԱՍՊ» ՍՊԸ-ն։ Հենց այս ընկերությունն է հաղթել զորամասի սննդի սպասարկման համար մրցույթը:

Սա իհարկե Պուտինի և իր մերձավորների կոռումպացվածությունն ապացուցող միակ հրապարակումը չէ: Համացանցում առկա են բազմաթիվ հետաքննություններ Պուտինի հետ առնչվող բանկերի, նավթային և գազային խոշոր ընկերությունների, ինչպես նաև մի շարք գործարանների մասին։

Անհասկանալի է մնում թերևս ԱԱԾ նախկին պետի տեղակալ Գուրգեն Եղիազարյանի օտար պետության ոչ այնքան ազնիվ նախագահի գովաբանությունը այն պարագայում, երբ հակառակում ապացուցող փաստերը հասանելի են բոլորին։






Կարդացեք նաև։

Կրեմլյան ԶԼՄ-ները ռուսաց լեզվի մասին Հայաստանում և Ուկրաինայում

2017 թվականի սեպտեմբերի 25-ին Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ստորագրել է Գերագույն խորհրդի օրերս ընդունած կրթական բարեփոխումների մասին օրենքը։ Ստորագրումից ժամեր անց ռուսական ԶԼՄ-ները ամպագոռգոռ վերնագրերով և կեղծ տեղեկություններով «վերլուծություններ» տարածեցին։…


Պեսկովի դստեր գրագողությունը մեծ աղմուկ է բարձրացրել

Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի դուստրը՝ Լիզա Պեսկովան, որոշել է վերլուծաբան դառնալ։ Ռուսական Forbes ամսագրում հրապարակված «Գիտելիքի պատրանք։ Արդյո՞ք ժամանակակից տեխնոլոգիաները կվերացնեն ավանդական կրթությունը»  հոդվածում Պեսկովան անդրադառնում է արդի կրթությանը,…


Վոլինկինի հայտարարությունը հակասում է փաստերին

Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, մեկնաբանելով հայ-չինական ռազմական համագործակցությունը, անդրադարձել է նաև «Ելք» խմբակցության Ազգային ժողով ներկայացրած Հայաստանի ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծին։ Դեսպանի կարծիքով հայաստանցիների մեծամասնությունը չի…


Պուտինը «բացահայտել» է սպառազինությունների մատակարարման վտանգը

Պեկինում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից հետո տրված ասուլիսում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը արել է մի շարք հայտարարություններ, որոնք ուղղակիորեն հակասում են Հարավային Կովկասում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության գոտում Մոսկվայի որդեգրած քաղաքականությանը: Խոսելով Ուկրաինային…