Թերաճ, թերսնված և դպրոց չհաճախող. Հայաստանում երեխաները «պաշտպանված» են

01.06.2017 | 16:10

Այսօր երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Տարբեր պետական այրեր շնորհավորական ուղերձներ են հղում, որոնցում սակայն շրջանցում են երեխաների իրավունքների պաշտպանության պետական քաղաքակության խնդիրներն ու իրավունքների պաշտպանվածության իրական վիճակը:

Հայաստանում աղքատ է յուրաքանչյուր երրորդ երեխան, իսկ յուրաքանչյուր երկրորդը խոցելի է բազմաչափ աղքատության տեսանկյունից: Սա է փաստում 2016 թվականի ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության «Մանկական աղքատությունը Հայաստանում» համատեղ զեկույցը: Ընդ որում, երեխաների դեպքում աղքատ լինել նշանակում է ոչ միայն ունենալ դրամական միջոցների կարիք, այլև զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից՝ սննդից, կրթությունից, կոմունալ, կացարանային և ժամանցի պայմաններից: Իրավիճակն առավել ողբերգական է գյուղական համայնքներում ապրող երեխաների համար` այստեղ նրանց խոցելիությունը հասնում է 82%-ի:

Սննդի առումով խոցելի են 0-5 տարեկան երեխաների գրեթե 1/3-ը, և դա արտացոլվում է երեխաների աճի վրա: ՀՀ Առողջապահության նախարարության տվյալներով` Հայաստանում մինչև 5 տարեկան երեխաների 19%-ը ցածրահասակ է (թերաճ) կամ պարբերաբար թերսնված, իսկ 10%ը` ծայրահեղ թերաճ:

Թեև կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, տարեցտարի ավելի քիչ թվով երեխաներ են ստանում տարրական կամ միջնակարգ կրթություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2015-2016 ուսումնական տարում դպրոց չի հաճախել տարրական դասարանի տարիքի երեխաների 8,4%-ը: Մինչդեռ 2011-2012  ուսումնական տարում այդ թիվը կազմել էր ընդամենը 1%: Սակայն, տարրական դասարաններում դպրոց հաճախելը դեռևս կրթություն ստանալու երաշխիք չէ, քանի որ բազմահազար երեխաներ դուրս են մնում դպրոցից աղքատության պատճառով: Դարձյալ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ 2007-2012  թթ. դպրոցներից հեռացել և որևէ տեղ ուսումը չի շարունակել ավելի քան 22,3 հազար աշակերտ:

Նրանց մեծամասնությունը ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ չունենալով համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ, մի մասն էլ ստիպված է եղել տարատեսակ աշխատանքներ կատարել իր գոյությունն ապահովելու համար:  «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում տարբեր տեսակի աշխատանքերում  ներգրավված երեխաների թիվը հասնում է 1100-ի:

Հայաստանը թեև վավերացրել է Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիան, սակայն 1/3 չափով է կատարում կոնվենցիայի շրջանակներում հանձնառած իր պարտավորությունները:  «Երեխայի պաշտպանության ինդեքս-2016»-ի տվյալներով՝ Հայաստանը կարողացել է  օրենքներում և իրավական ակտերում ամրագրել այն, ինչ պարտավորվել է, սակայն թերացել է արդեն նաև ազգային օրենսդրությամբ ամրագրված պարտավորությունների կիրառման հարցում:

Երեխայի պաշտպանության ինդեքսն իրականացվել է 9 երկրներում (Հայաստան, Ալբանիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Կոսովո, Մոլդովա, Ռումինիա, Սերբիա, Վրաստան), որոնցից Հայաստանը մի քանի ցուցանիշներով զբաղեցրել է վերջին հորիզոնականները: Երեխայի տնտեսական շահագործման և խոցելիության ինդեքսում Հայաստանը վերջին՝ 9-րդ հորիզոնականում է, իսկ երեխաներին առևանգումից, վաճառքից կամ թրաֆիքինգից և սեռական շահագործումից պաշտպանելու ինդեքսում նախավերջին՝ 8-րդ հորիզոնականում է:

Արման Ղարիբյան






Կարդացեք նաև։

Մամուլին շփոթեցրել է ռազմական ու արտակարգ դրության մասին օրենքի նախագիծը

Այսօր մամուլը ի թիվս կառավարության այլ որոշումների անդրադարձավ նաև ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի մասին և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ…


Գուրգեն Եղիազարյանի սուտը Վլադիմիր Պուտինի մասին

Օրերս տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանն անդրադառձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության խնդիրներին։ Քննադատելով Սերժ Սարգսյանի 10 տարվա գործունեությունը՝ Եղիազարյանը հորդորեց նրան «գոնե վերջին…


Ոչ թե 29.8, այլ 55%. Հայաստանում աղքատության ցուցանիշի սուտը

Օրերս ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ պարենային ապահովության և աղքատության վերաբերյալ մի զեկույց, ըստ որի՝ ՀՀ-ում աղքատության մակարդակը կազմում է 29,8%: Սա նշանակում է, որ…


Դեսպանը չի ասել, որ Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում

-Այսօր մի շարք հայկական ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկություն, ըստ որի ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ Ռուսաստանում ապրում է շուրջ 2,5 մլն հայ՝ ավելի շատ, քան…