Էդուարդ Շարմազանովի սուտը Ղարաքիլիսայի ճակատամարտի մասին

29.05.2017 | 18:02

Մայիսի 28-ին Լոռվա մարզում Մայիսյան հերոսամարտերի հետ կապված իր ելույթում Ազգային ժողովի փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց. «…որովհետև Ղարաքիլիսայում, առավել քան Սարդարապատում և Բաշ Ապարանում որոշվում էր հայության լինելը ու չլինելը»։

Չթերագնահատելով Ղարաքիլիսայի (այժմ՝ Վանաձորի) մարտերի կարևորությունը՝ փորձենք վերհիշել 99 տարվա վաղեմության դեպքերը և հասկանալ, թե արդյո՞ք այն կարող է համարվել առավել կարևոր, քան նույն օրերին տեղի ունեցող Բաշ Ապարանի ու Սարդարապատի ճակատամարտերը։

Սարդարապատ. Հայկական կողմից մասնակցում էր Երևանյան զորախմբի 10․000 զորքից 5.500-ը։ Ռազմական գործողությունները փաստացի ընթացան մայիսի 21-29-ն ընկած ժամանակահատվածում։ Թուրքական կողմը ցանկանում էր վերցնել Երևանը, սակայն, թողնելով 3.500 սպանված, ստիպված էր նահանջել։ Արդյունքում պահպանվեցին Երևանը, Էջմիածինը և Արարատյան դաշտավայրի մյուս բնակավայրերը։

Բաշ Ապարան. Թուրքական 39-րդ դիվիզիայի դեմ (10․000 զինվոր) կռվում էր հայկական Երևանյան զորախմբից առանձնացված մոտ 5.000 հոգանոց ուժը։ Հայերը տարան փայլուն հաղթանակ՝ թույլ չտալով թուրքերին դուրս գալ Աշտարակ-Եղվարդ-Կոտայք գիծը և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջ։

Ղարաքիլիսա. Թուրքական նույնքան՝ 10․000 հոգանոց զորքի դեմ կռվում էին հայկական 7.000 զինվորականները։ Բուն գործողությունները սկսվեցին մայիսի 25-ին։ Թուրքերն ընդհանուր հարձակման անցան մայիսի 28-ին և երկու օր անց գրավեցին Ղարաքիլիսան (Վանաձորը)։ Խաղաղ բնակչությունը ենթարկվեց կոտորածի։ Պարտված լինելով Սարդարապատում և Բաշ Ապարանում՝ նրանք չշարժվեցին դեպի Դիլիջան ու Ղազախ, այլ փոխեցին հարձակման ուղղությունը դեպի Շուլավեր ու Թիֆլիս (որտեղ մեծ հաշվով նրանց դիմադրող չկար)։ Ղարաքիլիսան թուրքական զորքերի հսկողության տակ մնաց շուրջ տաս օր, որի արդյունքում հազարավոր հայեր սպանվեցին (տարբեր գնահատականներով շուրջ 10․000 մարդ՝  ներառյալ զինվորականությունն ու խաղաղ բնակչությունը)։

Այլ կերպ ասած, ի հեճուկս Էդուարդ Շարմազանովի՝ Ղարաքիլիսայի ճակատամարտում հայկական կողմը չտարավ ռազմական հաղթանակ և, ցավոք սրտի, չկարողացավ պահել քաղաքը: Սակայն, Սարդարապատում ու Բաշ Ապարանում թուրքական կողմի պարտությունը ստիպեց նրանց թողնել արդեն գրավված Ղարաքիլիսան:

Նկատենք, որ Էդուարդ Շարմազանովը կրթությամբ պատմաբան է և անհասկանալի է, թե նշված ապատեղեկատվության տարածումը չիմացության արդյունք է, թե իր համերկրացի լոռեցիներին ոգևորելու համար փաստերի «չնչին» աղավաղում:






Կարդացեք նաև։

Շարմազանովի չհիմնավորված պնդումները

ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն Ազատություն ռադիոկայանի «Կիրակնօրյա վերլուծական» ծրագրին տված հարցազրույցում ասել է, որ Ժնևում Ալիև և Սարգսյան բանակցությունների առաջընթացը փաստաթղթային մակարդակում Վիեննայի և Պետերբուրգի բանակցությունների համեմատ այն…


ԵԱՀԿ-ում ՀՀ ներկայացուցիչը խեղաթյուրել է ՀԿ-ի բարձրաձայնած խնդիրները

Սեպտեմբերի 11-ին Վարշավայում մեկնարկել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի Մարդկային հանձնառությունների իրականացման շուրջ (HDIM) ամենամյա հանդիպումը: Հանդիպմանը Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ներկայացնում են երեք հասարակական կազմակերպություններ, իսկ պաշտոնական Երևանի դիրքորոշումը ներկայացնում է ԵԱՀԿ-ում ՀՀ…


Վրացական կողմը սուտ է հանում ՀՀ պաշտոնյաներին

Վրաստանի պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանը դեռևս հուլիսին հաստատել է իր մասնակցությունն Agile Spirit 2017 զորավարժություններին: Մասնավորապես, Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան «Ազատություն» ռ/կ հարցմանն ի պատասխան հայտնել…


Մեղրիի և Ագարակի գազամատակարարումը շարունակ ձգձգվում է

Իրանի և Հայաստանի կառավարությունները դեռևս 2011թ. դեկտեմբերին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանին օժանդակություն հատկացնելու վերաբերյալ։ Հուշագրի շրջանակներում Իրանի կառավարությունը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին (այժմ՝ «Գազպրոմ Արմենիա») տրամադրել է 2 միլիոն դոլարի դրամաշնորհ՝…