Ընտանեկան բռնության մասին օրենքը կապ չունի նույնասեռական ամուսնությունների հետ

19.12.2016 | 12:06

Ընտանեկան բռնության մասին օրենքի անհրաժեշտության մասին խոսելուն զուգահեռ՝ Հայաստանում գլուխ բարձրացրած մի շարք ուժեր ապատեղեկատվություն են տարածում՝ փորձելով խեղաթյուրել պատկերացումները օրենքի կարգավորման առարկայի և նպատակների վերաբերյալ: Եկեք անդրադառնաք ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծի վերաբերյալ տարածվող ապատեղեկություններին:

Այսպիսով, տարածված կարծիք է շրջանառվում, որ ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունումը Հայաստանում նույնասեռական ընտանիքներ ստեղծելու օրենսդրական հիմք կդառնա:

Սա բացարձակապես կապ չունի օրենքի կարգավորման առարկայի և նպատակների հետ: Օրենքը պաշտպանում է ընտանիքում բռնության ենթարկվող ցանկացած անձի՝ անկախ սեռից, տարիքից, սեռական կողմնորոշումից և այլ հատկանիշներից: Ընտանեկան բռնության մասին օրենքը որևէ երկրում չի կարգավորում նույնասեռական ամուսնությունների հարցը և առհասարակ, ընտանեկան բռնությունից պաշտպանելու համար, ըստ օրենքի, պարտադիր չէ ՔԿԱԳ-ում պաշտոնապես գրանցված ամուսնական հարաբերության մեջ լինելը:

Այլ կերպ ասած՝ օրենքը չի կարգավորում ընտանիք կազմելու վերաբերյալ որևէ հարց, այլ պաշտպանում է անձանց բռնությունից: Ընտանիքի կազմավորման հարցերը կարգավորվում են Ընտանեկան օրենսգրքով:

Օրենքի նախագծի վերաբերյալ այսօրինակ սուտ տեղեկատվությունը նպատակ է հետապնդում այն արհեստականորեն կապել մի ոլորտի և խնդրի հետ, որը ընտանեկան բռնություն երևույթի հետ ուղիղ կապ չունի:

Այլ երկրներում և միջազգային կառույցներում ևս ընտանեկան բռնության օրենսդրության ծագումն ու զարգացումը որևէ կապ չի ունեցել և չունի նույնասեռականների իրավունքների պաշտպանության հետ: Այն եղել և մնում է կանանց իրավունքների պաշտպանության համատեքստում:

Ընտանեկան բռնության վերաբերյալ առանձին օրենքի ընդունումը հնարավորություն կտա կանխարգելել բռնությունը՝ ինչը պետության դրական պարտավորությունն է: Օրենքի նախնական, դեռևս վերջնականապես չհաստատված նախագծով նախատեսվում է ստեղծել մի շարք ինստիտուտներ, որոնք մինչ օրս չեն եղել ՀՀ իրավական համակարգում:

Դրանք պաշտպանական միջոցների տեսակներն են. նախատեսվում է ստեղծել  պաշտոնական նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կայացման ինստիտուտներ:

Դրա շնորհիվ ՀՀ ոստիկանությունը կստանա լիազորություններ՝ անձանց ընտանեկան բռնությունից ավելի էֆեկտիվ պաշտպանելու և հանցագործությունները կանխելու համար… Այնինչ, այժմ ոստիկանությունն ունի միմիայն եղած ընտանեկան բռնությունների դեպքերը բացահայտելու ֆունկցիա:

Հ.Գ. Առաջիկայում մենք կանդրադառնանք այդ օրենքի մասին տարածվող այլ ապատեղեկություններին ևս:

Արման Ղարիբյան






Կարդացեք նաև։

Հանրակրթությունը աշխարհիկ կրոնական է

Հայաստանում օրենքով սահմանվում է, որ հանրակրթական դպրոցներում ուսուցումն աշխարհիկ է, սակայն «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ներառված է հանրային և մասնավոր դպրոցների ազգային կրթակարգի պարտադիր ուսուցման առարկայացանկում և դասավանդվում է 5-11…


Ասֆալտը ջրի մեջ Երևանում

Վերջին 1-2 ամիսների բնակլիմայական դաժան պայմանների արդյունքում Երևանի փողոցներում հայտնվեցին սարսափելի մեծ թվով փոսեր, ինչը, բնականաբար, սկսեց անհարմարություներ պատճառել մայրաքաղաքի բնակիչներին: Օրերս քաղաքապետարանը սկսեց փոսերի ասֆալտապատման աշխատանքները, որոնց իրականացումը, սակայն,…


Ընտանեկան բռնության դեմ օրենքը կապ չունի երեխաների խնամակալության հետ

«Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին ապատեղեկությունների մի մասին (թե իբր այն Եվրոպայի պարտադրանքն է ու կապ ունի նույնասեռականության հետ) մենք արդեն անդրադարձել ենք:…